Դդում

Тип статьи:
Авторская

Դդումը մեր գյուղի սիրված ուտելիքներից է: Սովորաբար այն ցանում էին կարտոֆիլի դաշտում, հատուկ խնամք չէր պահանջում ու ստանում էին բավական լավ բերք: Հասուն դդումը արտաքինից արդեն նկատվում էր, ունենում էր փայլուն տեսք, ստուգելիս կեղևը լինում էր պնդացած, իսկ տերևներն սկսում էին չորանալ: Այն բերում էին տուն, դրսում որոշ ժամանակ թողնում չորանալու և պահեստավորելով ՝օգտագործում համարյա մինչև փետրվար ամիսը:

Այստեղ ` Ամերիկայում նույնպես դդումն ընդունված է, սակայն հիմնականում օգտագործվում է հոկտեմբեր ամսի վերջին Հալոեն (Halloween) կոչվող տոնի ժամանակ: Այդ ամսի սկզբից մինչև տոնի օրը, բոլոր խանութներում և դրսում, կամ հատուկ տեղերում, բացօդյա ծախվում է դեղին գույնի, տեսքից բավական լավ երևացող դդումներ: Յուրաքանչյուր ընտանիք մի քանի հատ առնում է, նրանց վրա, աչքերին ու քթին համապատասխանող անցքեր անում, նմանեցնում մարդու գլխի ու դռա առջև շարում: Տոնից անմիջապես հետո, որպես ուտելիք չօգտագործելով ՝ սովորաբար այդ դդումները դեն են գցում: Մի անգամ մենք եփեցինք ու փորձեցինք, սակայն շատ անհամ էր, նման չէր մեր դդմին և ոչ մեկս չսիրեցինք այն:

Գյուղում դդումից զանազան ուտելիքներ են պատրաստում. խորովում են, խաշում, կաթով ճաշ սարքում, մուրաբա անում, նաև պարանի մնան երկար կտրում ու կախում, չորացնում և դարձնում են այսպես կոչված "սըրըմ": Այն ավելի երկար էր պահվում ու հետագայում օգտագործվում ճաշի մեջ:

Այն ժամանակներում երեխաներիս համար ամենահիշարժանը թոնրում խորոված դդումն էր: Աշնան ցրտերն ընկնելուց հետո ու ձմռան ամիսներին, սովորաբար "բարակ հացը" թխելուց հետո, թոնիր էին իջեցնում դդումը: Մենք անհամբեր սպասում էինք և երբ արդեն այն եփվում էր, թոնիրն էլ բավարար հովանում, ոտներս կախում էինք թոնրի մեջ, "մինդարով" ծածկվում, դդումը դնում մեջտեղում խունչայի վրա ու փայտի գդալներով սկսում ուտելը:

Գյուղի դդումն հիշելու մի առիթ եղավ նաև մեր Հայաստանում ապրած վերջին տարիներին: Գյուղացիներով հավաքվել էինք մերոնցից մեկի տանը իր ծնունդի առիթով: Ճոխ հյուրասիրության վերջում, մեր համագյուղացի տանտիրուհին մրգերի հետ բերեց նաև բաց դարչնագույն, քիչ երկարավուն ինչ-որ մրգի չիր, առաջարկեց համտեսել ու գուշակել, թե ինչից է այն պատրաստված: Բոլորս փորձեցինք, ամենքս տվեցինք մեր իմացած ու չիմացած էկզոտիկ մրգերի անունները ու ոչ մեկիս մտքով չանցավ, որ դա մեր սովորական դդումի "սըրըմ"-ն էր: Տանտիրուհու ասելուց հետո, շատ զարմացանք ու գնահատեցինք նրա վարպետությունը:

Նշենք նաև, որ գյուղում շատ էր օգտագործվում "դդում" բառը այլ առիթով. տանն ու դպրոցում հաճախակի նրանով էին բնութագրում չսովորող ու անհասկացող երեխաներին: Հիշեցի մի քանի տարի առաջ, վերը նշված Հալոենի տոնից առաջ, Բոստոնի խանութներից մեկի մոտ ցուցադրվող շատ մեծ, մոտավորապես կես տոննա քաշով դդումը: Հետաքրքրության համար կողքին նկարվեցի ու այն ներկայացրի "Օդնոկլասնիկ"-ի իմ կայքէջում ՝ "Իսկական, բնական դդում" վերնագրով: Լուսանկարը երկար չպահեցի, զգուշանալով կատակասերների սպասվելիք հարցից, թե նրանցից ո՞րն է դդումը։ Հետագայում ինտերնետով հետաքրքրվեցի ու պարզեցի, որ ամեն տարի որոշվում է տարվա ամենամեծ դդումի քաշը, ներկայացվում աճեցնողի անունով ու նկարով: Այդ տարվա ռեկորդային դդումն ունեցել էր մոտ մեկ տոննա քաշ: Մի քանի օր առաջ տեսա նաև այս տարվա դդումը, որի քաշը 821 կգ է, պարագիծը 5 մետր և այն աճեցրել է ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգում Քրիս Ստիվենս անունով ֆերմերը։

Ինչպես սովորաբար, հիմա անցնենք մեր կարճ պատմությանը: Մի անգամ աշնանը, մեր գյուղացիներից մեկին հյուր է գալիս Հայաստանում ապրող իրենց բարեկամուհին: Այդ տարին գյուղում շատ դդում է լինում և բոլորի դռներին, տանիքներին ու ամեն հնարավոր տեղ հյուրը տեսնում է շարված բազմաթիվ դդումները: Դրանից նա շատ զարմանում է ու հարցնում, թե ինչ են անում այդքան դդումը? Տանտիրուհին անվրդով պատասխանում է, թե կովերին են տալիս: Հյուրը շատ երազկոտ բարձրաձայնում է. "Երանի՜ կովերին...":

2888
Нет комментариев. Ваш будет первым!
Загрузка...