Tskhaltbila (Norshen)-Erzurum-Ani 2017 Ուխտագնացություն մեր պապերի Էրգիրը (սկիզբը)

Тип статьи:
Авторская

Դպրոցն ավարտելու 50-ամյակի հանդիպումը 2014 թ. ամռանը անցկացնելուց հետո, միտք հղացավ գյուղում հավաքվել նաև ներկայումս տարբեր երկրներում բնակություն հաստատած մեր Պողոս պապի թոռներով։ Այդ միտքը երկար ժամանակ իմ մեջ փայփայում էի և սկայպով մեր խոսակցությունների ժամանակ, անցած տարի հայտնեցի մեր հարազատներին։ Այն բոլորին հետաքրքրեց և ինձ առաջարկեցին կազմակերպել։ Սակայն չորս տարվա բազմաթիվ հիշեցումների միջոցով համադասարանցիներիս հավաքը դժվարությամբ գլուխ բերելուց հետո, ես հրաժարվեցի նորից իմ վրա վերցնել նման դժվարին պարտականություն։

Շնորհիվ մեր բոլոր հարազատների համերաշխության ու մեծ ցանկության, ընդահանուր ուժերով հավաքը կազմակերպվեց, 2017 թ. սեպտեմբերի 23-24-ին գյուղի յայլայում հաջողությամբ տեղի ունեցավ, շատ ուրախ ու հետաքրքիր անցավ և բոլոր մասնակիցներս անչափ գոհ մնացինք։

Շատ վաղուց ես նաև երազանք ունեի այցելելու մեր նախնիների բնակավայրերը ՝ Էրզրումի գյուղերը։ Տարիներ առաջ արդեն ինձ հայտնի էր, որ մեր համագյուղացիներից համախմբվում և ուխտագնացություն են իրագործում այնտեղ։ Ես հետաքրքրվում էի, սակայն գյուղում իմ գտնվելու ժամանակամիջոցները երբևէ չհամընկան այդ այցելություններին և ինձ չհաջողվեց միանալ նրանց։

Իմ այդ մտադրությունը հայտնել էի հարազատներիցս մի քանիսին և նրանք նույնպես ցանկություն էին ցուցաբերել իրենց պապերի հայրենիքը տեսնելու։ Գյուղի մեր հավաքի ժամանակ որոշեցինք ինքներս կազմակերպել այդպիսի մի ճանապարհորդություն, իսկ հանդիպման ավարտից անմիջապես հետո հարցը ավելի կոնկրետ քննարկեցինք ու գործնական քայլերի դիմեցինք։

Գյուղ եկած մեր հարազատներից սկզբում 7-8 հոգի ցանկություն ունեցան մասնակցելու և սկսեցինք հետաքրքրվել մեքենա վարձելու հարցով։ Վարորդների զբաղվածության, թուրքերեն լեզվի ու այլ պատճառներով այն մի քանի օր ձգձգվեց։ Այդ ընթացքում նաև մեր հարազատներից ոմանք, կապված ժամանակի ու այլ հանգամանքների հետ, իրենց միտքը փոխեցին և գնալուն հաստատուն մնացինք հորեղբորս զավակներ Մարիամն ու Ռաֆիկը, հորաքրոջս աղջիկ Ալվարդը և ես։

Ցանկացողների թիվը պակասելուց հետո, երբ արդեն կարելի էր տեղավորվել սովորական մեքենայում, Ռաֆիկն առաջարկեց այլևս դես-դեն չընկնել, իր մեքենայով գնալ ու սկսեցինք նախապատրաստվել։ Այդ նպատակով գյուղում հանդիպեցինք հինգ տարի առաջ այնտեղ այցելած Լուիզա ու Լենա Մոսոյաններին և խորհրդակցեցինք։ Նրանք շատ պատրաստակամ օգնեցին մեզ, օկտակար խորհուրդներ տվեցին, տրամադրեցին ճանապարհորդության լուսանկարների իրենց պատրաստած ալբոմը, Լուիզան նաև առաջարկեց մեզ հետ վերցնել հայ-թուրքերեն խոսակցական իր փոքրիկ բառարանը։

Արդեն չորսով որոշեցինք մեր երկօրյա ճանապարհորդությունը սկսել սեպտեմբերի 29-ին և բացի մեր նախնիների գյուղերից, այցելել նաև Էրզրում, Ղարս քաղաքներն ու Անիի ավերակները։ Նախապատրաստվելու այդ մի քանի օրվա ընթացքում, մենք ինտերնետով ուսումնասիրեցինք անցնելիք ճանապարհներն ու ծրագրած այցելելու վայրերը։ Նաև հետաքրքրվեցինք Թուրքիայի սահմանը մեքենայով անցնելու պայմանների ու նրա ապահովագրության հարցերով։

Չորս տարի առաջ, երբ մենք խմբով Արարատ սարը բարձրանալու համար անցնելու էինք նույն սահամանյին կետով, թուրքերի կողմից պահնջվող մեքենայի պարտադիր ապահովագրության նախկին կարգը փոխվել էր և այն տեղում այլևս չէր կատարվում։ Այդ պատճառով ստիպված եղանք անցակետում երեք ժամից ավել սպասել, մինչև սուխլիսեցի մեր վարորդ Սիմոնը տաքսիով գնաց Թուրքիայի մոտակա Պոսոֆ քաղաքը, այնտեղ իր մեքենան ապահովագրեց ու վերադարձավ։

Սահմանային անցման կետում նման ձգձգում չունենալու համար, նախորդ օրը ՝ աեպտեմբերի 28-ի առավոտյան, Ռաֆիկի մեքենայով, երկուսով փորձնական գնացինք մեր գյուղի դիմացում գտնվող այդ անցակետը։ Բոլոր ստուգումները անցանք, ամերիկյան անձնագրով վիզայի համար ես վճարեցի $30 դոլար, իսկ Ռաֆիկը Ռուսաստանի քաղաքացի է և վիզա չպահանջվեց։ Մեքենայի ապահովագրությունը կատարեցինք տեղում ՝ անմիջական Թուրքիայի սահամանի ներսում գտնվող, փոքր տնակում աշխատող ապահովագրության գործակալի մոտ և վճարեցինք 185 վրացական լարի։

Ռաֆիկի հետ Թուրքիայի սահմանը առանց բարդությունների մեքենայով անցանք և արդեն վստահություն ունեցանք, որ հաջորդ օրը առավոտյան այնտեղ իզուր ժամանակ չենք վատնելու։ Ինչ-որ չափով անսպասելի ու համեմատաբար արագ ձևով մեքենայով Թուրքիայի հողի վրա հայտնվելուց հետո, անմիջապես հետ չվերադարձանք ու մտանք անցակետի հարևանությամբ գտնվող նախկին Պատելա (ներկայումս ՝ Turkgozu) գյուղը։

Գյուղի նեղլիկ փողոցներով հասանք կենտրոնում գտնվող մզկիթի մոտ։ Այնտեղ մի քանի գյուղացիներ էին կանգնած, հայացքով հետքրքրությամբ մեր մեքենային էին հետևում, նրանց թուքերեն բարևեցինք ՝ «սալամ ալեյքում» և հասկացրինք, որ իրենց դիմացի գյուղից ենք։ Նրանցից մեկը շատ ակտիվորեն մեզ արձագանքեց, մոտեցավ մեքենային, «Կարախտին» մեր սահմանային վայրի անունը նշեց և հրավիրեց թեյ խմելու։ Մենք շնորհակալ եղանք «Էվալլա» ասելով, ձեռքի շարժումով նրանց հրաժեշտ տվեցինք և գյուղի կենտրոնից դուրս եկանք։

Մեր արագ վերադառնալով սահմանային պաշտոնյաների մոտ կասկած չառաջացնելու համար, ճանապարհը շարունակեցինք դեպի Թուրքիայի խորքը և հասանք մոտակա Պոսոֆ (նախկի Տուղուր) քաղաքը։ Այն սարի թեք լանջին գտնվող մի փոքր քաղաք է, վերևի կողմի ճանապարհով ներս մտանք, դանդաղ շարժվեցինք նրա ծուռտիկ փողոցներով և հասանք կենտրոնը։ Այնուհետև մի զառիթափ փողոցով իջանք քաղաքի ստորին մասը ու մեկ այլ ճանապարհով դուրս եկանք։

Պոսոֆից դուրս գալուց հետո մտանք Վրաստան տանող հիմնական ճանապարհը և շրջապատն ու մեր գյուղերի կողմը դիտելով վերադարձանք սահմանային կետը։ Առանց դժվարության ու արագորեն անցանք երկու երկրների անհրաժեշտ սահմանային ստուգումները, նաև անձնագրերումս համապատասխան կնիք խփեցին, միայն վրացական կողմում թռուցիկ հարցրեցին մեր արագ հետ գալու վերաբերյալ, իրականությունը ասացինք, որևէ լրացուցիչ հարց չեղավ և նույն ճանապարհով, Նեոխրեբ գյուղի միջով վերադարձանք տուն։

Հաջորդ օրվա (սենպտեմբերի 29-ի) առավոտյան ժամը 6-ին ես պատրաստ տնից դուրս եկա, Ռաֆիկն ու Մարիսամը մեքենայով եկան, Ալվարդի նույնպես վերցրեցինք և ճանապարհ ընկանք։ Հասանք ահմանին, վրացական կողմում սահանային ստուգումները հեշտորեն ու արագ անցանք և մտանք թուրքական կողմի սահմանային կետը։

Մեքենայի նախորդ օրվա ապահովագրությունն ու իմ վիզան ուժի մեջ էին, միայն ստուգումներն անցանք, իսկ Ալվարդին, որպես Հայաստանի քաղաքացի, վիզայի համար կարիք եղավ վճարելու $25 դոլար, որից հետո նա նույնպես մոտեցավ թուրք պաշտոնիային անձնագրային ստուգման համար։ Մինչ այդ մենք արդեն այդ ստուգումն անցել էինք և Ալվարդի կողքին կանգնած սպասում էինք։

Թուրք պաշտոնյան որոշ ժամանակ անձնագիրը զննելուց հետո, այն բաց վիճակում ձեքում բռնած ՝ պարզեց Ալվարդին և «Պասպորտ…» ու թուրքերեն լեզվով հարցական մի անհասկանալի բառ արտասանեց։ Կարճատև ընդմիջումներով նույն հարցը նա մի քանի անգամ կրկնեց, բայց մենք նրան չէինք հասկանում և մոլորված միմյանց էինք նայում։ Պաշտոյան համառորեն սպասում էր պատասխանի, ես չհամբերեցի և նրան անգլերենով խնդրեցի հարցումը կրկնել այլ լեզվով։ Նա հավանաբար այլ լեզու չգիտեր ու միայն բաց վիճակում անձնագիրը Ալվարդին պարզած նույն թուրքերեն հարցումն էր անում։

Մենք չիմացանք ինչ անել, արդեն ենթադրում էինք, որ Ալվարդին սահմանն անցնելը արգելելու են և հիշեցի Լուիզայի տված հայ-թուրքերեն խոսակցական փոքր բառարանը։ Այն ծոցագրպանիցս հանեցի ու մեկնեցի պաշտոնյային։ Նա բառարանը վերցրեց ու մոտ կես ժամ ուսումնասիրում էր։ Ալվարդի հետևից արդեն այլ մարդիկ էին հավաքվել անձնագրային ստուգում անցնելու համար, սակայն պաշտոնյան նրանց վրա բոլորովին ուշադրություն չէր դարձնում, հայցքը սևեռել էր բառարանի վրա և լուռ ուսումնասիրում էր։

Թուրք պաշտոնյան հավանաբար իր ցանկացած բառը չգտավ, առանց խոսելու անձնագրի մեջ կնիք խփեց ու բառարանի հետ միասին մեկնեց մեզ։ Գուցե Լուիզայի բառարանը ինչ-որ ձևով օգնեց կամ նա իր լեզու չիմանալուց անհարմար զգաց ու Ալվարդի անձնագրում կնիքը խփեց ՝ այն մեզ համար անհայտ մնաց։ Մենք խորը շունչ քաշեցինք և շենքից դուրս եկանք։ Վերջում մաքսատան աշխատակիցը մեր մեքենան դրսում զննեց-քննեց, որից հետո թույլադրեցին մտնել Թուրքիայի սահմանից ներս։

Երկու սահամանային կետերում մոտ մեկ ժամ տևած ստուգումներից հետո, ճանապարհ ընկանք և Մարիամի ու Ալվարդի խնդրանքով մեքենայով նորից մտանք Պատելա գյուղը։ Արդեն ծանոթ փողոցներով Ռաֆիկը մեքենան վարեց և հասանք կենտրոնում գտնվող մզկիթի մոտ։ Նախորդ օրվա նման այնտեղ մի քանի հոգի կանգնած էին, բայց այս անգամ մենք միայն բարևեցինք ու այլևս չկանգնեցինք նրանց հետ խոսելու համար։

Պատելա գյուղից դուրս եկանք և Արդահան տանող մայրուղիով ճանապարհը շարունակեցինք։ Օրը մառախլապատ էր, մեր գյուղերի ու սարերի կողմը չէր երևում և այդ պատճառով մինչև Պոսոֆ որևէ տեղ չկանգնեցինք։ Ինձ համար այդ ճանապարհը արդեն լավ ծանոթ էր, տաս տարի առաջ ոտքով էի գնացել Պոսոֆ քաղաք ու վերադարձել, իսկ չորս տարի առաջ մեքենայով էինք անցել (Արարատ սար բարձրանալու ժամանակ) և ուղեկիցներիս որոշ բացատրություններ էի տալիս մեր ճանապարհի, Բաքու-Ջեհան նավթամուղի ու շրջակա թուրքական գյուղերի վերաբերյալ։

Մոտեցանք Պոսոֆ քաղաքին, նախորդ օրվա նման, նրա վերևի ճանապարհով մտանք, ծուռտիկ փողոցներով դանդաղ ընթացանք առաջ։ Քաղաքի կենտրոնի փողոցը նախորդ օրվա նման նորից մարդաշատ էր, անցորդները տարատեսակ հագուստներով էին, նրանց մեջ կային փողկապավոր ու գյուղական հագուկապով տղամարդիկ, գլուխներն ու դեմքերի մեծ մասը ծածկած սակավաթիվ կանայք, անկանոն ձևով փողոցն այս ու այն կողմ անցնող զանազան տարիքի մարդիկ։ Դեռ առավոտ վաղ էր, խանութները նոր էին բացվում և նրանց տերերը ալարկոտ շարժումներով իրենց ապրանքները դուրս էին բերում և դասավորում խանութի առջևի մայթերի վրա։

Քաղաքից դուրս եկանք մեզ արդեն ծանոթ նրա ներքևի ճանապարհով և հիմնական մայրուղի մտնելուց հետո ուղղություն վերցրեցինք դեպի Արդահան։ Փոցխով գետը անցնելուց հետո, անատառամիջյան ոլորապտույտ ճանապարհով սկսեցինք բարձրանալ։ Վերևում անտառները վերջացան և երկինքը համեմատաբար պարզվեց, սակայն մայրուղին անցնում էր սարի հակառակ լանջով ու մեր կողմը չէր երևում։։ Մի տեղ տեսարան բացվեց դեպի մեր սարերը և մենք կանգնեցինք։ Մեքենայից բոլորս դուրս եկանք, անցանք ճանապարհի մյուս կողմը և սկսեցինք նայել դեպի մեր անտառապատ սարերը։

Ճանապարհի կողքին էր գտնվում Բաքու-Ջեհան նավթամուղի պոմպակայանի պարսպապատ տարածքը, որին հսկող երկու հրացանավոր զինվոր, աշտարակի վրայից մեզ ձայն տվեցին և ձեռքերի շարժումով հրամայեցին շարժվել։ Հավանաբար անվտանգության առումով արգելվում էր այնտեղ կանգնելը, մենք արագ նստեցինք մեքենան և շարունակեցինք վերելքը։

Սարի բարձրագույն կետը, որտեղով ճանապարհը անցնում էր, մոտ 2500 մետր ծովի մակերևույթից բարձր էր, որից հետո ճանապարհը նորից ոլորաններով սկսեց իջնել ներքև ու այնտեղ արդեն գրեթե լերկ սարեր էին։ Մի հարմար տեղում կանգնեցինք, մեզ հետ վերցրած ուտելիքներից օգտվեցինք և հետո ճանապարհը նորից շարունակեցինք։

Մոտենում էինք Արդահան քաղաքին և մայրուղին անցնում էր նրա վերևի կողմով։ Քաղաքը գտնվում էր փոքր թեքությամբ հարթավայրում, մեծ չէր երևում (բնակչությունը 40 հազարից ավելին է), ուներ չորս-հինգ հարականի շենքեր և միջով գետ էր անցնում (Քուռ գետի վերին հոսանքն է)։ Քաղաքի մեջ չմտանք ու միայն մեքենայից դիտելով այն անցանք։

Արդահանի մասին գյուղում շատ էինք լսել, նախկինում մեր գյուղացիները ոտքով հասել էին այնտեղ, առևտուր արել և վերադարձել։ Այդ թվում նաև մեր Պողոս պապը, մինչև սահամանի փակվելը, մի քանի անգամ գնացել-եկել էր Արդահան։ Իսկ սահմանը փակվելուց հետո, մեր գյուղացիներից մի քանիսը նորից շարունակել էեն գաղտնի գնալ-գալ և երկու հոգու, տարբեր ժամանակ ու տարբեր տեղերում, սովետական սհամանապահները կրակել և սպանել էին։

Մենք առանց ուղեկցի էինք ճանապարհորդում ու ինչպես սկզբում նշել եմ, նախօրոք մեր անցնելիք ուղին ու այցելելու տեղերը ինտերնետի միջոցով ուսումնասիրել էինք։ Արդահանով անցնող մայրուղին պետք է շարունակեինք և Թորթոմ ավանը չհասած, պետք է մտնեինք Էրզրում տանող D950 մայրուղին, որից սկիզբ էին առնում մեր նախնիների Նորշեն (Karli), Ռաբատ (Kemerkaya), ու Չիֆլիկ (Chftlikoy) բանակավայրերը գնացող ճանապարհները։

Ծրագրել էինք D950 մայրուղի մտնելուց հետո, նրանով հասնել Karli տանող ճանապարհին և սկզբում այցելել Նորշեն գյուղը, որը մայրուղուց 20 կմ հեռու էր գտնվում։ Սակայն երկու մայրուղիների միացումը սուր անկյունով ու հանկարծակի կատարվեց և մեզ համար անսպասելի արդեն հայտնվեցինք D950 մայրուղու վրա։ Մի պահ շփոթմունքի մեջ ընկանք, դեռ նույնիսկ չէինք կողմնորոշվել, թե ի՞նչ ուղղությամբ ենք ընթանում, երբ տեսանք Kemerkaya ու նրա մոտակա գյուղերը տանող խաչմերուկի ցուցատախտակը։ Այլևս երկար չմտածեցինք, մեր նախնական ծրագիրը փոխեցինք և թեքվեցինք դեպի Kemerkaya (Ռաբատ) տանող ճանապարհը։

Ռաբատ գյուղից գաղթել են մեր ՝ Տեր Պողոսների Քերոբ ու Պետրոս եղբայրները և Ավտիսների ընտանիքը։ Հավանաբար այդ պատճառով ներկա Ծղալթբիլա գյուղում նրանք տեղավորվել են միևնույն թաղում ու անվանակոչել «Ռաբատ»։ Որոշեցինք սկզբում այցելել Ռաբատ, իսկ հետո այդ գյուղերի միջև ընկած 21 կիլոմետրանոց ճանապարհով հասնել Նորշեն (մայրուղի մտնելու դեպքում երկու գյուղերի միջև հեռավորոթյունը դառնում է 38 կմ)։

Ռաբատ ու մոտակա մի քանի գյուղերը տանող այդ ճանապարհը ընթանում էր կիրճով ու փոքր գետի կողքով, որը Թորթոմի վտակներից է։ Շուրջը ժայռոտ ու չորացած ծածկույթ ունեցող բարձր լեռներ էին, իսկ ծառեր ու կանաչ երևում էր միայն գետի կողքերին։ Հետաքրքիր էր, որ ճանապարհին ամենուրեք շատ բարդիներ կային ու փարթամ կանաչի տպավորությունը նաև նրանցով էր պայմանավորված։

Խաչմերուկի ճանապարհային ցուցատախտակի վրա մինչև Kemerkaya (Ռաբատ) գյուղը նշված էր 10 կմ։ Վեց-յոթ կմ անցնելուց հետո, ժայռոտ կիրճը որոշ չափով լայնացավ ու հեռվում երևաց Թորթոմի բերդը։ Մենք կանգնեցինք և հնամենի հայկական բերդի ֆոնի վրա լուսանկարներ արեցինք։ Այնուհետև ճանապարհը շարունակեցինք և Թորթոմի բերդի մոտ հասնելուց հետո, նորից կանգնեցինք։ Որոշ ժամանակ բարձր բլրի վրա տեղակայված բերդը ներքևից դիտեցինք ու լուսանկարվեցինք։ Բերդի ներքևում նաև մի փոքր բնակավայր կար, որը կոչվում էր Tortumkale։ և գուցե նախկինում նույնպես հայկական գյուղ էր եղել, բայց ավաղ…

Կիրճով ճանապարհը շարունակեցինք և մտանք Lesendurak կոչվող գյուղը։ Այն նախորդից ավելի մեծ էր ու գտնվում էր կանչներով ծածկված գետերի ու ճանապարհների խաչմերուկում։ Մայրուղուց մինչև Lesendurak գյուղ մտնելը ճանապարհը ասֆալտապատված էր ու նկատելի էր, որ այն վերջերում է արվել։ Խաչմերուկի ցուցանակի վրա նշված էր Kemerkaya 2 (կմ), որտեղ թեքվեցինք ու հողածածկ, սակայն բավական բարվոք վիճակում գտնվող ոլորապտույտ ճանապարհով սկսեցինք բարձրանալ մեր նախնիների Ռաբատ գյուղը։

Kemerkaya-ն (Ռաբատը) գտնվում էր երկու բարձր լեռների միջև ընկած թեք ու խորդուբորտ տարծքի արևմտյան կողմի ժայռերի տակ և հեռվից նրա փոքր մասն էր երևում։ Նշված տարածքի վերևի կողմում, հեռվում բարձր սարեր էին, իսկ նրա ստորին մասը մի փոքր նեղանում էր ու մոտենում մեր անցած Lesendurak գյուղի սահմաններին։ Գյուղից քիչ հեռու, այդ տարածքով, վերևից դեպի ներքև, կանաչ թփերով ու ծառերով ծածկված երկու-երեք նեղ գոտիներ էին ձգվում ու հավանաբար փոքր գետակների հուներ էին հանդիսանում։

Ռաբատը տանող ճանապարհը ոլորաններով էր բաձրանում, վերջին ոլորանից շրջապատը լուսանկարեցինք, ճանապարհը շարունակեցինք ու մտանք գյուղի մեջ։ Այն մեծ չէր երևում, թեքության վրա էր տեղակայված, աջից բարձարաբերձ ժայռեր էին, իսկ ձախ կողմի համեմատաբար հարթ տեղում ոչ-ընդարձակ արտեր էին փռված։

Գյուղի տների գերակշռող մասը շատ հին, անմարդաբնակ կամ կիսաքանդ վիճակում էին և հիմանականում տեղակայված էին գյուղամիջյան ճանապարհի կողքերին։ Նրանցից որոշները միայն պատերն էին մնացել և հավանաբար այդ հնամենի պատերի մեջ ժամանակին մեր նախնիներն էին ապրել… Զարմանալի էր, որ նրանք երկու դար կանգուն էին մնացել և քարերը չէին օգտագործվել նոր տների շինարարության համար, որոնք առավելապես կառուցված էին գյուղի վերևի մասերում։

Հիմնական ճանապարհի կողքերի հատուկենտ հանդիպող բնակելի տների կողքերին տեսանք նաև այգիներ։ Շրջապատում շատ կային բարդենիներ, ընկուզենիներ ու այլ ծառեր, սակայն գյուղի ընդհանուր տեսքից նկատվում էր, որ այն ջրով հարուստ չէր։ Այդ էր վկայում նաև կենտրոնում գտնվող աղբյուրը, որի ծորակներից ջուր չէր գալիս։

Մեքենայով դանդաղ շարժվելով գյուղի կեսն անցանք և ճանապարհի ներքևի կողմում երևաց մզկիթը։ Նրա առջևում կանագած էին մի քանի մեծահասակ տղամարդիկ ու մի երիտասարդ և հայացքով հետևում էին իրենց մոտեցող մեր մեքենային։ Մենք կանգնեցինք, մեքենայից դուրս եկանք, թուրքերեն լեզվով բարևեցինք ու հասկացրինք, որ մեր նախնիները այս գյուղից են գաղթել։

Նրանց հետ հիմանականում ձեռքերի շարժումներով ու միմիկայով էինք հաղորդակցվում և օգտագործում էինք մեր իմացած մի քանի թուրքերեն բառերը, որոնք մեր բարբառում հաճախակի հանդիպում են։ Երրիտասարդը նաև որոշ անգլերեն բառեր գիտեր և գյուղ գալու մեր նպատակը նրանք հասակացան։ Կանգնած մեծահասկներից մեկը մեզ հարցրեց. «Դադա՞» (այսինքն ՝մեր պա՞պն է այստեղից գնացել), նրան պատասխանեցինք ՝ «Դադա-դադա-դադա Տեր Պողոս» և հասկացան, որ մերոնք ավելի վաղ են գաղթել ու կանգնածներից մեկ-երկուսը գլխի դրական շարժումով կրկնեցին Պողոս անունը։

Պատահական հանդիպած բնակիչների հայցքներից արդեն զգացվեց, որ նրանք մեր հանդեպ լավ են տրամադրված, մեզ բավական վստահ զգացինք և հարցրինք գերեզմանոցի ու եկեղեցու տեղերը։ Նրանք պատասխանեցին, որ եկեղեցի չկա, իսկ գերեզմանները ՝ ձեռքով ցույց տվեցին դեպի գյուղի բարձրադիր կողմի ժայռերի տակը։ Մենք նրանց հետ լուսանկարվեցինք, իսկ հետո նրանցից մեկը հանձն առավ մեզ ուղեկցել և ցույց տալ մեր նախնիների գերեզմանոցը։ Նա նստեց մեքենայի առաջամասում և շարունակեցինք գյուղի հիմնական ճանապարհով բարձրանալ դեպի վերև։

Հին ու անմարդաբնակ տների նույն պատկերն էր նաև գյուղի այդ մասում։ Շրջապատը դիտելով, մենք մեքենայով դանդաղ առաջ էինք շարժվում, երբ մեր ուղեկիցը ճանապարհի կողքին ցույց տվեց անբնակ հին տներից մեկն ու նրա կողքի մեծ այգին և ասեց, որ դրանք մեր նախապապ Պողոսին են պատկանել։ Նրա ասածը սկզբում մեզ մոտ ներքուստ մեծ հավատ չներշնչեց, սակայն մեր կասկածանքը աստիճանաբար ցրվեց ՝ գուցե ինքը այդ իրենց մեծերից էր լսել ու չէ՞ր հորինում…

Գյուղի վերևի մասում հիմնական ճանապարհից թեքվեցինք դեպի աջ և աշնանային չոր այգիների միջև ընկած ավելի նեղ ու անբարեկարգ ճամփով շարունակեցինք բարձրանալ։ Գրեթե արդեն հասնել էինք ժայռերի ստորոտը, երբ ճանապարհը ոլորանով ու մեծ վերելքով ուղղությունը նորից փոխեց դեպի աջ և մեքենան այլևս դժվարացավ բարձրանալ։ Բոլորս իջանք մեքենայից, քայլելով ոլորանը բարձրացանք ու ժայռերի տակ նոր բացված ճանապարհով շարժվեցինք առաջ։ Հեռվում երևացին հակառակ կողմից քայլելով դեպի մեզ եկող, մզկիթի մոտ մեզ հետ լուսանկարված մյուս մեծահասակները իրենց երիտասարդի հետ միասին։ Նրանց այնտեղով գալը տեսնելուց հետո ենթադրեցինք, որ այդ նոր բացված ճանապարհը մյուս կողմով նույնպես իջնում էր գյուղ, կամ արահետ ունեին այնտեղ բարձրանալու համար։

Նոր բացված ճանապարհով որոշ տեղ գնալուց հետո, նրա ներքևի կողմի ու այգիներից վերև ընկած թեք տարածքը ձեռքով ցույց տալով, մեր ուղեկիցը հասկացրեց, որ այդտեղ գերեզմաններն են գտնվում։ Ճանապարհի վերևի թեքության վրա նա միայնակ մի գերզման ևս ցույց տվեց ու ասաց, որ այն իր «անա»-ինն է (այսինքն ՝տատինը)։ Սակայն շրջակա տեղանքում թուրքի այլ գերեզմաններ չնկատեցինք և մեր մտքում ծագած հարցը, թե ի՞նչու է նրա տատը թաղվել քրիստոնյաների գերեզմանոցում, լեզվի չիմացության պատճառով չէինք կարող իմանալ։ Հետագայում այդ մասին խորհելիս, մեր մտքով անցավ, որ գուցե մեզ ուղեկցողը կրոնափոխ եղած հա՞յ էր, կամ գուցե նրա տա՞տն էր հայ եղել և ցանկությունը կատարել, հուղարկավորել էին քրիստոնյա հայերի գերեզմանոցում։

Մեր նախնիների գերեզմանոց այցելելու ընթացքում, մեր հանդեպ այդ մարդու բարի վերաբերմունքն ու ուշադրությումնը զգալուց հետո, հետագայում մենք ավելին լուրջ մտածեցինք նրա հայի արյուն ունենալու վերաբերյալ և գրեթե նաև համոզվեցինք, որ նրա ցույց տված տունն ու այգին իսկապես մեր նախապապ Տեր Պողոսին էին պատկանել։

Այստեղ պետք է զգուշացնեմ, որ Kemerkaya-Ռաբատ գյուղի Տեր Պողոսը հավանաբար եղել է Ծղալթբիլայի եկեղեցու պարսպի ներսում թաղված Տեր Պողոսի պապը։ Վերջինը Էրզրումից գաղթած Տեր Պողոսների երկու եղբայրներից մեծի ՝ Քերոբի ավագ որդին է, գաղթելու ժամանակ նա եղել է 11-12 տարեկան, իսկ հետագայում օծվել-դարձել է վարդապետ Տեր Պողոս ու ժառանգ չի ունեցել։ Նրա տապանաքարի վրա փորագրված է 11 տող և այդ թվում նշված են ծննդյան ու մահվան տարեթվերը ՝ 1818-1878 թթ.

Հետզհետե մեզ համար զարմանալի չթվաց, որ «Պողոսի տունը և բաղչեն» մինչև հիմա նրանց հիշողության մեջ պահպանվել է։ Այդպիսի օրինակներ կան նաև մեր ներկա շրջապատում. Ծղալթբիլայում հնուց հիշվում է «Իսլամենց մայլեն», «Օսմանին չայիրը», Ճառալում ՝ «Իզաթենց գոլերը», Karli-Նորշենում ՝«Կոստանի տունը», որի ներկայի բնակիչ Մեթինին հյուրընկալվել ու գիշերը այդ տանը մնացել են Karli այցելած մեր մի քանի համագյուղացիները։ Տեր Պողոսը եղել է Ռաբատ գյուղում հոգևոր հովիվ և որպես ճանաչված անձ, նրա անունը նույնպես, հավանաբար իրար փոխանցելով, մնացել է գյուղում ապրող սերունդների հիշողության մեջ։

Նոր բացված ճանապարհի ներքևում, մեր ուղեկցի մատնացույց արած այդ տարածքը արտաքինից բոլորովին գերեզմանոցի տպավորություն չէր թողնում։ Այն իրենից չմշակված ու թեք տեղ էր ներկայացնում, ծածկված էր չոր խոտով և գերեզման հիշեցնող քարեր կամ այլ նշաններ ճանապարհից չէին երևում։ Մենք անմիջապես ներքև իջանք և մոլեռանդ ձևով սկսեցինք շրջել, զննել այնտեղի երևացող ոչ-մեծ քարերն ու նրանցում փնտրել գուցե հողի մեջ խորացած տապանաքարեր։ Մեկ-երկու տեղ հողից դուրս ցցված, համեմատաբար մեծ քարեր տեսանք, որոնք մեր ուղեկիցը որպես գերեզմանքար ներկայացրեց, սակայն դրանք մշակված քարի տեսք չունեին։

Այդ ընթացքում մոտեցել էին նաև դիմացից եկող գյուղի մյուս բնակիչները և վերևում, ճանապարհի վրա կանգնած, հայացքներով մեզ էին հետևում և շարժումնեով հաստատում էին գերեզմանոցի այդտեղ լինեը։ Մենք կասկած չունեինք, որ նրանք գիտեին ու ճիշտ վայրն էին ցույց տալիս։ Այնքան էլ զարմանալի չէր այնտեղ գերեզմանաքարերի բացակայությունը ու հավանաբար այն ժամանակները գյուղում ընդունված չի եղել գերեզմանաքար տեղադրելը։ Մեր ներկա Ծղալթբիլա գյուղի հին գերեզմանոցի տապանաքարերը համեմատաբար ավելի նոր ժամանակաշրջանի են, իսկ մինչ այդ մահացածների վրա գերեզմանաքարեր նույնպես չկան կամ եղածներ մեծ չեն եղել ու ժամանակի ընթացքում անհետացել են։

Նրանց ցույց տված այդ տարածքը պտտվելուց ու լուսանկարելուց հետո, ցանկանում էինք բարձրանալ վերևում գտնվող ճանապարհը և իջնել գյուղ։ Հանկարծ տրակտորով քանդած ու ցած թափված հողի եզրին նկատեցի մարդու գանգոսկրի մի կտոր…

Պատահական նկատված մարդկային ոսկրի կտորը իմ մոտ ներքուստ մեծ ապրումների պատճառ դարձավ և հուզում առաջացրեց… Ես պատկերացրի, որ այն մեր նախնիներինն է և արագ-արագ գերեզմանոցի չոր հողը քարով սկսեցի փորել, որպեսզի ոսկրի կտորը նորից թաղեմ։ Հողը շատ պնդացած էր, դժվարությամբ էր փորվում, Ռաֆիկը մոտեցավ, սկսեց օգնել և ոսկրի կտորը թաղեցինք։ Այնուհետև սկսեցի ավելի ուշադիր զննել ճանապարհից ներքև թափված հողը և գտա նաև մարդու մի ազդրոսկր։ Առանց գործիքի այն գերեզմանոցում թաղել հնարավոր չէր, թափված հողի մեջ ձեքերով փոս արեցի և հողով այն նույնպես ծածկեցի։

Ես զբաղված էի ոսկրի վրա հողը վրա տալով, երբ ճանապարհից Ալվարդը անհանգիստ ձայն տվեց, որ հողի վրա էլի շատ ոսկորներ կան։ Ես խառնված վիճակում էի և ժամանակ չունեցա բնակիչների հայացքները տեսնել, բայց մերոնք նկատել էին, որ նրանք նույնպես վատ էին զգացել իրենց տեսածից ու հավանաբար նաև այն հանգամանքից, որ այդ բոլորը մեր ներկայությամբ էր բացահայտվել…

Առանց երկար մտածելու, ես արագ-արագ հավաքեցի հողի երեսին երևացող ևս երկու տարբեր գանգոսկրերի կտորները, մի անրակ, մի կող և բոլորը ծածկեցի ճանապարհի ներքևում թափված հողով։ Թռուցիկ հայացքով գերեզմանոցի տարածքում թափված հողի մնացածը ստուգեցի, նոր ոսկրերի կտորներ այլևս չնկատեցի ու բարձրացա ճանապարհի վրա։ Բնակիչները քիչ հեռվում, տխուր դեմքերով ու լուռ մեզ էին նայում և երբ մենք մեր ուղեկցի ու բնակիչներից մեկի հետ շարժվեցինք դեպի մեքենան, մյուսները նույնպես, ճանապարհի իրենց եկած կողմով հեռացան։

Որպեսզի բնակիչների մոտ թշնամական նստվածք չմնար (գուցե հետագայում նույնպես ցանկություն ունեցող կլինի այցելեու մեր նախնիների հայրենիքը, կամ ինքներս նորից կգնանք), մենք հայտնաբերված ոսկրերի հատուկ լուսանկարներ չարեցինք և բնակիչների հետ մեզ նախկին բարեկամական ձևով պահեցինք։

Մեր ուղեկցի տունը մոտակայքում էր գտնվում, մեզ հրավիրեց թեյ խմելու, սակայն հասկացրինք, որ շտապում ենք, այցելելու ենք նաև Նորշեն ու Չիֆլիկ գյուղերը, շնորհակալ եղանք և նրանց հրաժեշտ տվեցինք։ Հետո պարզվեց, որ Մարիամը գերեզմանոցի հողից իր հետ վերցրել էր մեր հարազատների գերեզմանների վրա լցնելու համար։

Քայլելով հասանք գյուղի հիմանական ճանապարհին և հին տները դիտելով դանդաղ շարունակեցինք իջնել, իսկ Ռաֆիկը մեքենայով հետևում էր մեզ կամ առաջ անցնում ու սպասում էր։ Ես նաև գրեթե անընդմեջ տեսանկարահանում էի ճանապարհի կողքերին դեռ կանգուն մնացած հին տներն ու մյուսների կիսաքանդ պատերը ՝ մեր նախապապերի երբեմնի բնակատեղի ավերակները…

Փլված տներից մեկի մեջ ընկած տեսա նաև մի հին ու անսովոր սայլի անիվ։ Այն նման չէր մեր Ծղալթբիլայի սայլերի անվներին, այլ հաստ տախտակներից էր հավաքված, սովորական մետաղյա օղի մեջ էր ագուցված ու անիվի մեջտեղի անցքը քառակուսու ձև ուներ։ Անսովոր անիվը նույնպես առանձին լուսանկարեցի ենթադրելով, որ այն շատ հին է ու հնարավոր է մեր պապերի սայլերը նախկինում այդպիսի անիվներ են ունեցել։ Սակայն հետո ինտերնետում, Tortumkale գյուղի ժամանակակից մի վիդեոյի մեջ տեսա այդպիսի անիվներով եզներին լծած սայլ և իմ այդ կարծիքը փոխեցի։

Մենք ճանապարհի շուրջը եղած հին տները նայելով ու տեսանկարահանելով իջնում էինք գյուղի միջով ներքև և երբ մզկիթն անցել էինք, մեզ արդեն ծանոթ երիտասարդ տղան, հեռախոսը բաց վիճակում ձեռքին պահած, դիմացից արագ քայլելով մոտեցավ ու հեռախոսը մեկնեց ինձ։ Զանգող տղամարդը երիտասարդի հարազատներից էր և ռուսերեն էր խոսում։ Երբ նրա վարժ ռուսերենը լսեցի, լսափողը փոխանցեցի Ռաֆիկին, իսկ ես շարունկեցի տեսանկարահանել (շրջանում զարգացման աշխուժություն էր նկատվում, կառուցվել էր հիդրոէլեկտրոկայան, ճանապարհները ասֆալտապատվում էին և այլն ու ենթադրում էի, որ գյուղի անմարդաբնակ տներն ու կիսաքանդ հին պատերը երկար չեն մնալու, ձգտում էի հնարավորության սահմաններում ամեն ինչ պատկերել)։ Հետո Ռաֆիկը ասեց, որ զանգողը Անկարայից էր խոսում, մեր նախկին գյուղի մասին նոր տեղեկություններ չէր հաղորդել, երեկոյան ինքնաթիռով վերադառնալու էր և խնդրել էր սպասել, որպեսզի ինքը նույնպես մեզ հետ հանդիպի։ Սակայն Ռաֆիկը պատասխանել էր, որ շտապում ենք ու նրան հրաժեշտ էր տվել։

Վերադարձի ճանապարհին վերհիշելով գերեզմանոցում նկարագրված տխուր իրավիճակը, գուցե մեր ապրումները թեթևացնելու համար, նրանում նաև դրական երանգներ փնտրեցինք… Նախ ՝ բոլորով հաստատ համոզվեցինք, որ այդ տարածքը իսկապես եղել էր մեր նախապապերի գերեզմանոցը և երկրորդ ՝ անմիջական հպվեցինք շատ վաղուց այն աշխարհ գնացած մեր նախնիների մասունքներին…

Իմ հետևյալ միտքը գուցե շատ վիճելի է, բայց մեր հանդեպ գյուղի բնակիչների բարի վերաբերմունքը տեսնելուց հետո, որոշ արդարացում փնտրեցի նաև նրանց ու այդ ճանապարհը փորող տրակտորիստի համար։ Բնակիչները գուցե տեղյակ էլ չէին եղել այնտեղից ճանապարհ անցկացնելու վերաբերյալ (ենթադրում եմ, որ այդ ճանապարհը տանում էր դեպի վերջերս կառուցված հիդրոէլեկտրոկայանի կողմը), իսկ տրակտորիստը հավանաբար երիտասարդ մարդ էր եղել, հանձնարարել էին այդ գործն անել և գուցե նույնիսկ չէր իմացել, որ այնտեղ գերեզմանոց է…

Բնակիչների հետ առնչվելու ընթացքում, նրանցից նաև կարողացանք իմանալ, որ իրենք Ռաբատում բանկություն են հաստատել 1905 թվականից հետո։ Նրացից մեր այդ լսածը ինձ բավականչափ հավատ ներշնչեց, քանի որ երկու այլ աղբյուրներից արդեն տեղյակ էի, թե այդ ու հետագա մի քանի տարիներին Ռաբատում դեռ հայեր են ապրել։ Գուցե մեր ուղևորության մասին պատմածից որոշ շեղում կլինի, բայց ցանկանում եմ ստորև ներկայացնել նաև այդ երկու հավաստի փաստարկները։

2009/2010 թթ. ուսումնական տարում իմ աղջիկը ընտանիքով Բոստոնում էր ապրում, նրանք ամուսիններով Հարվարդի համալսարանում վերապատրաստում էին անցնում իրենց բժշկական մասնագիտություններով և ես նույպես, մոտ մեկ տարի նրանց հետ այնտեղ էի գտնվում թոռնուհուս դպրոց տանել-բերելու համար։ Նա հաճախում էր մեր ապարած Վոթրթաուն քաղաքից մոտ 25 կմ հեռու գտնվող Լեքսինգտոն քաղաքի «Հայ քույրերի վարժարան» (“Armenian Sisters Academy”) կոչվող ութամյա հայկական դպրոցը։ Այն պատկանում էր կաթոլիկ հայ միանձնուհիներին և նրա տնօրենը Սեսիլ անունով, պատկառելի տարիքի մի հայ միանձնուհի էր։ Ուսումնական տարվա վերջերին ինձ առիթ եղավ նրան հանդիպելու և մեր խոսակցության ժամանակ պարզվեց, որ նրա հայրը նույնպես Թուրքիայի Kemerkaya (Ռաբատ) գյուղից էր ու այնտեղից 1905-ական թվականներին գաղթել էր Կիպրոս, որտեղ և ծնվել էր քույր Սեսիլը։

Այդ մեր կարճատև հադիպման ժամանակ քույր Սեսիլը շտապում էր, ես չցանկացա նրան երկար զբաղեցնել, հույս ունենալով, որ մեկ այլ անգամ ավելի հանգամանորեն կհարցնեմ ու կիմանամ մերոնց գաղթից հետո մեր նախապապերի հայրենի գյուղի հետագա վիճակի մասին։ Սակայն քույր Սեսիլին նորից հանդիպելու հնարավորություն այլևս չստեղծվեց, ուսումնական տարին վերջացավ և մենք բոլորով Բոստոնից տեղափոխվեցինք։

Մի քանի տարի անց ես կարճ ժամանակով նորից Բոստոնում էի գտնվում և տղայիս հետ հատուկ գնացինք «Հայ քույրերի վարժարան» քույր Սեսիլին հանդիպելու, սակայն իմացանք, որ նա արդեն Բոստոնից տեղափոխվել էր։

Հետագայում ինտերնետում քույր Սեսիլի մասին կարդացի. «2015 թ. նոյեմբերի 6-ին Գյումրիում մահացել է Անարատ Հղիության հայ քույրերի միաբանության առաքինազարդ քույր Սեսիլը (մկրտության անունով՝ Թագուհի): Քույր Սեսիլ Քեհեյանը ծնվել է 1923 թ. ապրիլի 13-ին, Կիպրոսում…» (ինչպես գիտենք, Թագուհի անունը մեր ներկայիս Ծղալթբիլա գյուղում նույնպես հաճախակի հանդիպում է)։

Իմ նշած երկրորդ աղբյուրը պատմաբան Ա-ԴՈ-ի (Հովհաննես Տեր-Մարտիրոսյան 1867-1954) 1912 թ. լույս տեսած գրքում բերված տվյալներն են։ Մինչ այդ, 1909 թ. հունիսի 21-ից մինչև օգոստոսի 20-ը նա եղել է Արևմտյան Հայաստանում և վիճակագրական տեղեկություններ հավաքել Վանի, Բիթլիսի (Բաղեշի) և Էրզրումի (Կարին) հայության թվաքանակի, սոցիալ-տնտեսական դրության, հարկային համակարգի և այլնի վերաբերյալ։

Ա-ԴՈ-ի գիրքը ես գտա ամերիկահայ հայտնի պատմաբան Ռիչարդ Հովահաննիսյանի խորհրդով (նա Ռաֆֆի Հովհաննիսյանի հայրն է և նույնպես շատ նյութեր ու գիրք ունի տպագրած Էրզրումի վիլայեթի մասին) 2012 թ. Երևանի պատմության ինստիտուտի գրադարանում և լուսնկարեցի Էրզրումի վիլայեթին վերաբերվող էջերը։ Այդ գրքում Թորթոմ գավառի գյուղերի ցանկում նշված է, որ 1909 թ. Ռաբատ գյուղում եղել են 95 հայ բնակիչ, իսկ Նորշեն գյուղում ՝ 300 հայ ու 6 մահմեդական բնակիչներ։

Վերևում բերված փաստերից կարելի է եզրակազնել, որ մինչև 1909 թ. Ռաբատում մեր նախնիներից դեռ ապրողներ եղել են, սակայն դրանից հետո Մեծ եղեռնի ժամանակներն են ընկնում, գյուղի մասին տվյալներ չկան և բնակիչները հավանաբար այնտեղից վերջնականորեն հեռացել, մահմեդականացվել կամ եղեռնի զոհ են դարձել։

(շարունակելի)

Andranik Poghosyan, November 2017, USA

539
Սարգիս Գոգորյան
22:59
Հրաշալի է գրված Անդրանիկ ջան, կարդացի ամենայն հետաքրքրությամբ և հաճույքով
Загрузка...