Փաստեր, մտորումներ և հարցեր Էրզրումի մեր նախնիների գյուղերի վերաբերյալ

Тип статьи:
Авторская

2018 թվականի օգոստոաի 11-ին մեր Նորշեն-Ծղալթբիլա գյուղում տեղի ունեցան միջոցառումներ գյուղի հիմնադրման 188 ամյակի, դպրոցի 50 ամյակի ու Աստվածածնա տոնի կապակցությամբ։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում, մեր համագյուղացի Լուիզա Մոսոյանը, օգոստոսի 17-ին մի փոքր տեսանյութ և համառոտ տեղեկատվություն էր ներկայացրել, որտեղ նշված էր նաև, որ մեր նախնիները գաղթել են Թորթումի գավառից։

Առիթից օգտվելով շնորհակալություն պետք է հայտնել Լուիզային, ով մեր ժամանակի անվանի հայրենակիցների շարքում աչքի է ընկնում իր անշահախնդիր հայանպաստ ու հայրենանվեր գործունեությամբ, կապող օղակ է հանդիսանում աշխարհով մեկ ցրված մեր համագյուղացիների համար, բոլորի կողմից սիրված է և իսկապես մեծ դրվատանքի է արժանի։

Ֆեյսբուքում Լուիզաի տեղադրած այդ նյութի տակ մի քանի դրական արձագանք էր գրանցվել և Վիկտոր Հովհաննիսյանի այն հարցումից հետո, թե որտեղի՞ց է այդ տվյալը, որ մենք Թորթումից ենք գաղթել, քննարկում էր սկսվել Էրզրումի մեր նախնիների գյուղերի վերաբերյալ։

Մինչ այս քննարկումը, իմ մոտ (ինչպես հավանաբար նաև մեր համագյուղացիներից շատերի մոտ) տարակուսանք չէր եղել մեր պապերի Էրզրումի գյուղերի վերաբերյալ և նույնիսկ չէի կարծում, որ Արևմտյան Հայսատանում այդքան շատ Նորշեն անունով գյուղեր կարող են եղած լինել։

Վիկտորի հարցումից հետո համացանցում հետաքրքրվեցի և պարզվեց, որ Վիքիպեդիա Ազատ հանրագիտարանի տվյալներով Արևմտյան Հայաստանում եղել են 15 գյուղ Նորշեն ու 3 գյուղ Նորաշեն անվանումով, 6 գյուղ Ռաբաթ ու 2 գյուղ Ռաբատ անունով, 1 Հինձք, 14 գյուղ Չիֆթլիկ ու 1 գյուղ Չիֆլիկ անվանմամբ և 2 Խաշուտներ։

Ֆեյսբուքում Էրզրումի մեր նախնիների Նորշեն բնակավայրի տեղակայության վերաբերյալ քննարկման ընթացքը այստեղ չեմ ներկայացնում, այն Ֆեյսբուքում առկա է և հետաքրքրվողներ կարող են նայել։ Ցանկանում եմ ինձ մատչելի գրքերում ու համացանցում իմ պրպտումների արդյունքներով կիսվել համագյուղացիների ու մյուս ընթեցողների հետ։

Մի պատմական փաստի հետ, կարծում եմ բոլորս համամիտ կլինենք, որ մեր նախնիները իսկապես գաղթել են Էրզրումի վիլայեթից։ Ուրեմն, մեր պարագայում կարել է հաշվի առնել միայն Էրզրումի համապատասխան գյուղերը, որոնք ըստ աղբյուրների գոյություն են ունեցել Կարնո լոկ երեք գավառակներում ՝ Էրզրումի, Դերջանի և Թորթումի։

Մեր նախնիների գաղթի պատմությունը հանգամանորեն լուսաբանված է Պիոն Հակոբյանի «Ախալցխան XII — XIX դարերում» գրքում։ «Ադրիանապոլիսի դաշնագիրե կնքվեց 1829 թ. սեպտեմբերի 2-ին, արևմտահայերի գաղթի խնդիրը հարուցվեց հոկտեմբերի 10-ին, ռուսական կայսրն արտոնեց նույն թվականի նոյեմբերի 10-ին, Ի.Ֆ. Պասկևիչին այդ մասին տեղեկացրեց ռազմական մինիստր Չեռնիկովը նույն ամսի 18-ին գրությամբ, իսկ Պասկևիչը դեկտեմբերի 3-ին արդեն կարգադրել էր Տփխիսում կազմել Գաղթականական հանձնաժողով ցանկություն հայտնողներին ընդունելու, անվտանգ տեղ հասցնելու, դրամանակ փոխօգնություն ցույց տալու, սերմնացու և այլք տրամադրելու համար» (էջ 101)։

Նույն գրքի 109 էջում Պիոն Հակոբյանը, գրում է. «… առաջնորդները գաղթելու թույլատվություն ստանալու համար Գեներալ Ն. Պ. Պանկրատևին խնդրագիր էին մատուցել գրեթե միաժամանակ, 1829 թ. դեկտեմբերի վերջերին. ըստ այդմ ՝240 հայ կաթոլիկ ընտանիք գաղթելու էր Կարին քաղաքից և 324-ը Կարնի ու շրջակա գավառների 16 գյուղերից»։

Գաղթել ցանկացողների մի այդպիսի ցուցակ զետեղված է Վ. Դարբինյանի «Նորշեն Ծղալթբիլա» գրքում (էջ 39) ռուս գեներալ Ն. Պ. Պանկրատևի 1829 թ. դեկտեմբերի 31-ով թվագրված ստորագրությամբ, որտեղ ռուսական հպատակություն գաղթել ցանկացողները Էրզրումի Դերջանի սանջակի Նորշեն ու Ռաբատ գյուղերից համապատասխանաբար եղել են 40 և 15 կաթոլիկ ընտանիքներ։ Վ. Դարբինյանը նույն գրքի մեկ այլ տեղում (էջ 58) գրում է. «1830 թ դեկտեմբերին Էրզրումի Վիլայեթի Թորթում գավառի Նորշեն և Ռաբատ գյուղերից Ռուսաստանի հպատակության տակ են անցնում համապատասխանաբար 40 և 15 ընտանիքներ, որից 33-ը բնակություն են հաստատում Նորշենում-Ծղալթբիլայում, 22-ը մեկնում են այլ բնակավայրեր»։

Վերը բերված թվերը համընկնում են, իսկ գավառի անվան անհամապատասխանության հարցի լուծումը գտնում ենք Պիոն Հակոբյանի «Ախալցխան XII — XIX դարերում» գրքի 110 էջում, որտեղ կարդում ենք, որ Դերջանում Նորշեն չկա, իսկ այդ «40» թիվը նորից առկա է. «Գաղթող ցանկացող ընտանիքներն, ըստ վավերագրի, շատ չեն եղել, Նորշենից (այն էլ, սխալմամբ, Դերջանի, բայց ոչ Թորթումի կամ Կարնի, սակայն, իրականում, Դերջանում Նորշեն չկա) շուրջ 40 տուն…»։

Այժմ պարզաբանենք հանրագիտարաններում եղած նյութերը Էրզրումի մեր նախնիների գյուղերի վերաբերյալ։

!982 թ. լույս տեսած Հայկական սովետական Հանրագիտարանի 8-րդ հատորի 384 էջում «Նորշեն» անվանվան տակ մի քանի գրառում կա, որոնցից մեկը Ֆեյսբուքում մեջբերում էր արել նաև Վիկտոր Հովհաննիսյանը. «Նորշեն, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում, Էրզրում քաղաքից 18-20 կմ հյուսիս։ Ն-ի բնակիչների մի մասը, 1829-ին գաղթելով, հիմնել է Ախալցխայի այժմյան Ծղալթբիլա գյուղը։ 1909-ին ուներ 22 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին հիմնականում հողագործությամբ։ Ն-ում կար եկեղեցի և դպրոց։ Գյուղի բնակիչները տեղահանվել են 1915-ին։ Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ փրկվածներն ապաստանել են Արևելյան Հայաստանում։ Թ. Հակոբյան»։

Նշված հատորի նույն էջում, Թորթոմի գավառի մեկ այլ Նորշեն գյուղի մասին գրված է հետևյալը. «Նորշեն, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Թորթումի գավառակում։ 1909-ին ուներ 300 հայ բնակիչ։ Զբաղվում էին արհեստագործությամբ, այգեգործությամբ, մասամբ ՝ անասնապահությամբ։ Ն-ում կար XIX դ. կառուցված եկեղեցի (Ս. Հակոբ)։ Ն-ի բնակիչների մի մասը թուրք. յաթաղանից փրկվելու համար 1917-ին ապաստանել էր Խոտորջրում, մնացածները բռնի մահմեդականացվել են։ Թ. Հակոբյան»։

Ինչես նկատում ենք, երկու հոդվածն էլ գրված է նույն հեղինակի կողմից և երկուսում էլ սխալ կա, որոնք նվազեցնում են նրանց արժանահավատությունը։ Առաջինում ՝ գաղթը տեղի է ունեցել ոչ թե 1829-ին, այլ 1830-ին, իսկ երկրորդում ՝ Թորթումի Նորշենը բարձր սարերում է գտնվում, այգիներ չունի և հոդվածում անտեսված է նման հայաշատ գյուղի 1830 թվականի գաղթի ժամանակահատվածը։

Համանման կասկածանք են հարուցում նաև Վիքիպեդիա Ազատ հանրագիտարանի «Կատեգորիա։ Արևմտյան Հայաստանի գյուղեր» բաժնում ներկայացված Էրզրում վիլայեթի մի քանի նորշենների վերաբերյալ տվյալները։ Ստորև վերոհիշյալ հանարագիդարանից մեջբերումներն են։

«Նորշեն, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Դերջանի գավառակում: Բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել։ Նրանք բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին» (Ա.Պ. Ինչպես վերևում նշեցինք, ըստ Պիոն Հակոբյանի ՝ Դերջանում Նորշեն չկա)

«Նորաշեն (Անվան այլ կիրառում ՝Նորշիչ), գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում: Գտնվում էր Էրզրում քաղաքից 16 կմ հյուսիս-արևմուտք, Խաչափայտ (Ծաղկավետ) լեռան մոտ: Գյուղի մոտ կա գեղատեսիլ լիճ: 1877-1878 թվականներին ուներ 45 տուն՝ 308 հայ բնակչով: Գյուղում գործում էր հայկական վարժարան (Ա.Պ. Քարտեզով այդ շրջանում լիճ չեմ գտնում)

«Նորշեն (Անվան այլ կիրառում ՝Ենիգեղ), գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում։ Գտնվում էր Էրզրում քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք, փոքրիկ գետակի ափին: Տարածքը հարթավայրային էր: Գյուղը հիմնականում հայաբնակ է: 1829 թվականին գյուղի հայերի մի մասը գաղթել են Հարավային Կովկաս և հիմնել են Ախալցխայի շրջանի Նորշեն (այժմ Ծղալթբիլա) գյուղը: Նորշենի հայկական թաղն ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ» (Ա.Պ. Վերջին երկու գյուղերը իրար մոտ լինելով նույն անունը չէին կարող ունենալ։ Բացի այդ, երկրորդ ՝ Ենիգեղ անունը մեզ բոլորովին անծանոթ է)

«Նորշեն (Անվան այլ կիրառումներ ՝ Նորաշեն, Նորշին, Նորշոն), գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Թորթումի գավառակում: Գյուղի միջով հոսում է Նորշեն գետակը: Եղել է Թորթումի ամենամարդաշատ և ամենաբարձրադիր հայաբնակ գյուղերից: 1917 թվականին բնակիչների մի մասը ապաստանել է Խատորջրում, իսկ մնացածները բռնի մուսուլմանացվել են: 1909 թվականին ուներ 300 տուն հայ և 6 տուն այլազգի բնակիչ: Բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործություն, անասնապահությունն ու արհեստներն էր: Նորշենն ուներ XIX դարում կառուցված Ս. Հակոբ անունով եկեղեցի» (Ա.Պ. հավանաբար արտագրված է Հայկական սովետական Հանրագիտարանից և նույն սխալն է ՝գյուղը բարձր սարերում է և այգիներ չունի։ Նաև չի նշվում, թե 1830 թ. բնակիչները արդյոք գաղթե՞լ են և ՝ ու՞ր)։

Մեր համագյուղացի պրոֆեսոր Պիոն Հակոբյանը իր «Ախալցխան XII — XIX դարերում» գրքում կոնկրետ նշում է մեր նախնիների Էրզրումի գյուղերը։ Նրա գրքի էջ 109-ում կարդում ենք. «Ընդունված կարգով ՝ Կարին քաղաքից գաղթածները հաստատվում են Ախալցխա քաղաքում, գյուղական վայրերից եկածները ՝ Ախալցխայի և Ախալքալակի մեկուկես տասնյակի հասնող ավերակ գյուղերում։ Ախալցխայում այդ գյուղերն են ՝ Ծղալթբիլա, Ջուլղա, Աբաթխև, Ծինուբան, Մոխրեբ, Ներքին Սուխլիս, Ղուլալիս, ընդամենը 7 գյուղ»

«1830 թ. Ծղալթբիլայում տուն ու տեղ են դնում Թորթումի Նորշենից Ռաբատից գաղթածները (հիշվում են առանձին անձիք նաև Հինձքից…»։ «Ջուլղայի բնակիչները Թորթումի Չիֆլիկից եկածներն էին (մեր հաշվով ՝ 4-5 ընտանիք), Աբաթխևինը ՝ նույն գավառի Խաշուտ գյուղից (5-6 ընտանիք)»։

Սամվել Կարապետյանի «Ախալցխա» գրքում նույնպես նշվում է, որ Ծղալթբիլա գյուղի ներկայիս բնակիչների նախնիները 1830 թ. փոխադրվել են Կարնո գավառի Նորշեն և Ռաբատ գյուղերից։ Ստորև մեջբերումները այդ գրքից են։

Նորշենը «Գտնվում է Էրզրումից 22 կմ հյուսիս-արևմուտք ՝ Արճիկ և Թարգումի գյուղերի միջև։ Կարնո դաշտի կենտրոնական գյուղերից էր։ Ներկայումս պաշտոնապես վերանվանված է Կումլույազը (Kumluyazi)» (Ա.Պ. իմ կարծիքով այստեղ սխալմունք է)։ Ռաբատը «Գտնվում է Էրզրումից 45 կմ հյուսիս արևելք։ Ներկայումս պաշտոնապես վերանվանված է Կեմերկայա (Kemerkaya)» (Ա.Պ. գտնվում է Թորթումի մոտ)։

Նույն հեղինակի այդ գրքում նշված է ՝ Աբաթխև գյուղի բնակիչների նախնիները գաղթել են Թորթումի գավառի Խաշուտ գյուղից. «Պատմական Խաշուտ կամ Խաշուտավանք (Խոշուտավանք) գյուղը գտնվում է Տայքի Ոքաղե ՝ հետագայում Թորթում գավառում ՝ գավառանիստ Թորթումից 18 կմ հյուսիս-արևմուտք։ Ներկայումս պաշտոնապես կոչվում է Մեյդանլար (Meydanlar)»

Ըստ Ս.Կարապետյանի գրքում եղած տվյալների, Ջուլղա գյուղի ներկայիս բնակիչների նախնիները փոխադրվել են 1830 թ.Կարինի Չիֆթլիկ գյուղից. «Չիֆթլիկ գյուղը գտնվում է գավառի արևելակողմում ՝ Էրզրումից 7 կմ հյուսիս-արևմուտք ՝ Կան և Կես գյուղերի հարևանությամբ։ Ներկայումս պաշտոնապես վերանվանված է Չիֆթլիքքյոյ (Ciftlikkoy)»

Վերջինում հետևյալ անհամապատասխանությունն է առկա։ Ciftlikkoy-ը գտնվում է Թորթումի գավառում, Ռաբատի հարևանությամբ, իսկ Էրզրումի մոտ եղած գյուղի ներակյիս անվանումը Ciftlik է, որը իսկապես Էրզրումից 6-7 կմ հյուսիս-արևմուտք է գտնվում։ Այսինքն ՝ Ս. Կարապետյանը գյուղի ճիշտ անվանումը տալիս է, բայց նրա աշխարհագրական տեղը այլ է մատնանշում։

Ֆեյսբուքյան քննարկման վերջում Մոսոյան Լուիզան գրում է. «Շատերիս հայտնի է, որ հուշարձանագետ, հնագետ Սամվել Կարապետյանի Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից հրատարակվում է 36 հատորյա գրքաշար, որից երեքը արդեն լույս են տեսել…

Մոտակա տարիներին լույս կտեսնի նաև Բարձր հայք նահանգի Կարին գավառը, որտեղ կնշվեն Կարինի, նրա բնաշխարհի, բնակչության քանակի, գյուղերի, էթնիկ փոքրամասնությունների և այլ տեղեկությունների մասին, որոնք ոչ միայն հավաստի աղբյուրներից են վերցված, այլև գիտական արդի աշխատանքներից, տվյալ տեղանքը հետազոտելուց...
Հուսով եմ, որ այնտեղ կգտնենք մեզ՝ Կարինցիներիս հուզող շատ հարցեր…»

Գուցե հարգարժան Ս.Կարապետյանը իմ այս համեստ գրառումը աչքով կանցկացնի և իր գրքում եղած Նորշենի Կումլույազը (Kumluyazi) և Չիֆթլիքքյոյ (Ciftlikkoy) փոքր թերությունները նոր աշխատության մեջ կվերացնի։

Ինչպես տեսնում ենք, գրեթե բոլոր հեղինակների մոտ առկա են այս կամ այն չափի անճշտություններ ու ոչ այնքան արժանահավատ տվյալներ և մենք չենք կարող որևէ մեկի փաստարկը ամբողջությամբ հիմք ընդունել։ Սակայն բոլոր ժամանակակից հեղինակների մեջ, այս հարցում, հավանաբար, որպես մասնագետներ առավել վստահելի են մեր հայրենակից Պիոն Հակոբյանը և Սամվել Կարապետյանը։

Պիոն Հակոբյանը դեռ մանկության տարիներից «եփվել» է այդ հարցի մեջ, հավանաբար նաև շփվել է այդ գործում մեծ ավանդ ունեցող մեր մյուս հայրենակցի ՝ իր քրոջ ամուսին Մելիք Դարբինյանի ու Ախալցխայի այլ պատմագետների հետ և խորապես ուսումնասիրած կլինի խնդրին վերաբերվող նյութերը։
Իսկ Սամվել Կարապետյանը ներկայիս ամենաճանաչված մասնագետներից մեկն է նման հարցերում և մեծ վստահություն ներշնչող բազմաթիվ գրքերի հեղինակ է։

Գաղթի ճանապարհի հստակ նկարագրություն նույնպես մատչելի աղբյուրներում չհանդիպեցինք, սակայն ընդհանուր տվյալներից պարզ է դառնում, որ գաղթականները Էրզրումից հասել են Ախուրյան գետը, այն անցել, մտել Գյումրի և այդտեղից ցրվել տարբեր վայրեր (Լոռի, Ծալկա, Ախալքալակ, Ախալցխա)։

Այպիսով ՝ ի մի բերենք մեր այստեղ ներկայացրածը և որոշ եզրակացություններ անենք։

1. Կարծում եմ կարելի է հիմնվել Պիոն Հակոբյանի ու Սամվել Կարապետյանի գրքերում եղած տվյալների վրա և մեծ հավանականությամբ եզրակացություն անել, որ մեր Ծղալթբիլա, Ջուլղա և Աբաթխև գյուղերի ներկայիս բնակիչների նախնիները ապրել են Թորթոմի գավառի համապատասխան ՝ Նորշեն, Ռաբատ, Չիֆթլիկ և Խաշուտ գյուղերում։

2. Նշված գյուղերը Թորթումում իրար շատ մոտ են գտնվում ու հավանաբար տեղափոխվեու հարցը միասին են որոշել, հավաքվել, գաղթել ու նոր բնակատեղերում ցանկացել նույնպես միմյանց մոտիկ լինել։

3. Նշված ներկայիս երեք գյուղերի բարբառը գրեթե նույնն է, իսկ Աբաթխևցի բանաստեղծ Մինաս Գրիգորյանի կարծիքով Նորշենի ու Խաշուտի բարբառները ամբողջությամբ նույնն են (Թորթումում նրանք ընդամենը երկու կմ հեռավորությամբ հարևան գյուղեր են եղել։ Միմյանցից գրեթե նույն հեռավորության վրա են գտնվում նաև Ռաբատ ու Չիֆթլիկ գյուղերը)։

4. Այդ գյուղերը այցելող մեր համագյուղացիները, հիմնվելով այնտեղի ներկայիս բնակիչների սովորությունների, կենցաղի, օգտագործվող բառերի, հիշողությունների վրա, բոլորը համոզվել են, որ հենց նրանցում են ապրել մեր նախնիները։ Այցելողներից Մինաս Գրիգորյանը երեք անգամ եղել է Խաշուտ ու Նորշեն գյուղերում, հայտանբերել է մահմեդական դարձած մի քանի հայրենակիցներ, նրանցից լսել մեր բարբառին հատուկ մեծ թվով բառեր-արտահայտություններ և բոլորովին կասկած չունի իր համոզմունքի մեջ։

5. Էրզրումի վիլայեթում Խաշուտ անունվ գյուղ միայն Թորթումի գավառակում է գտնվում։ Նույնիսկ միայն այս փաստով կարելի է մեծ հավանականությամբ պնդել, որ նույն բարբառը ունեցող մեր նախնիների Նորշեն, Ռաբատ ու Չիֆլիկ գյուղերը նույնպես Թորթումի գավառում են եղել։

6. Դպրոցական տարիքում ես հետքրքրվում էի մեր տոհմի պատմությամբ։ Իմ Պողոս պապի հիշողությունը արտակարգ էր (նա ծնվել է 1886 թ.) և նրա պատմություններից որոշ գրառումներ ես այն ժամանակ արել էի։ Վերջին տարիներին գտա միայն մեկ թուղթ, որի վրա 1963 թ. գրել էի իմ պապի թելադրածը մեր տոհմի մասին։ Սակայն հիշողությանս մեջ մնացել է Ռաբատ գյուղի աղհանքի վերաբերյալ շատ աղոտ մի պատմություն։

Այն ժամանակները աղը բավական արժեք է ներկայացրել և նրանով փոխանակություն են կատարել յուղի, կարագի ու այլ կաթնամթերքների հետ։ Թորթումի Ռաբատ գյուղում կա աղի հանք, որը հայտնի է եղել շատ վաղ ժամանակաշրջաններից։ Ինձ թվում է, որ պապս պատմում էր, թե իր պապերը այնտեղից իրենց հետ նաև աղ են բերած եղել։ Այս նույնպես ինչ-որ չափով հաստատում է մեր նախնիների Թորթումից լինելը։

Հիմա անցնենք հարցերին, որոնք քննարկման ու պարզաբանելու կարիք ունեն։

1. Արդյո՞ք գաղթականների ամբողջ քարավանը նույն ճանապարհով (Էրզրում-Գյումրի-Ախալքալակ-Ախալցխա) է հասել ներկայիս բնակավայրերը։ Գուցե Էրզրում քաղաքի ու մոտակա գյուղերի բնակչությունը նշված ճանապարհով են տեղ հասել, իսկ Թորթումի գավառի մեր գյուղերի բնակիչների ուղին ա՞յլ ՝ Թորթում-Օլթու-Արդահան-Փոցխովի հովիտ ճանապարհն է եղել, որը կրկնակի կարճ է, իսկ սայլերով քոչողների համար հավանաբար ամեն կիլոմետրը դեր է ունեցել։ Առավել ևս այդ ճանապարհը այն ժամանակ բանուկ է եղել (ռուսները Փոցխով գետի վրա կամուրճ են կառուցել, որը մինչև հիմա կանգուն է, նրանով անցել է Գրիբայեդովը և ռուս սահմանապահները այն հիշում են որպես «Գրիբայեդովի կամուրճ»)։

2. Արդյոք իսկապե՞ս մեր գյուղի «Կարախտին» տեղանունը ռուսական “карантин” բառից է առաջացել և մեր նախնիները այնտեղով են սահմանը հատել։ Այդ դեպքում հաստատվում է, որ Էրզրումից նրանք Գյումրիով չեն եկել։

3. Ըստ մեր գյուղի ավանդական խոսակցությունների, 1829 թ. աշնանը Էրզրումի մեր այդ գյուղերի երեք կրոնավորներ ձիերով նախօրոք այցելել ու ընտրել են Ծղալթբիլա գյուղը։ Ինչքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը։ Արդյո՞ք հարևան գյուղերից նույնպես նախօրոք եկող է եղել տեղի ընտրության համար։ Եթե այդ իսկապես այդպես է եղել, ապա նրանք հավանաբար եկել են Արդահանով և ոչ թե Գյումրիով։

4. Ըստ մեզ հասած տեղեկությունների ինչպե՞ս է կոչվել Էրզրումի Նորշենի մեր նախնիների եկեղեցին (համացանցում եղած տվյալներով Թորթումի գավառի Նորշենի եկեղեցին կոչվել է Ս. Հակոբ, իսկ Էրզրումի գավառակի Նորշենի եկեղեցու անվանումը բացակայում է, մինչդեռ մեր Ծղալթբիլայի եկեղեցին անավանակոչվել է Ս. Փրկիչ)։

Հարգելի ընթերցողի մոտ գուցե այլ հարցեր նույնպես կլինեն, կամ ընթերցելուց հետո նորերը կառաջանան և հարկ կլինի քննարկելու։ Ուրախությամբ կընդունեմ բոլոր տեսակետները, դիտողությունները, հարցերը, հակափաստարկներն ու քննադատությունը և այն կօգնի ավելի շատ տեղեկություններ իմանալու մեր նախնիների հայրենիքի վերաբերյալ։

26 օգոստոսի 2018 թ. Andranik Poghosyan USA


Комментарий редакции:
Արայիկ ջան, խնդրում եմ այնպես անել, որ տեքստի ու կոմենտարիայի մեջ աբզացները պահպանվեն։ Հնարավոր չեղավ ուղղել և ստիպված արանքները բաց թողեցի։
6659
Комментарий удален
Andranik Poghosyan
19:54
Ֆեյսբուքում Վիկտոր Հովհաննիսյանը նույնպես ընթերցել, գնահատել ու հետևյալ հարցումներ էր արել իմ գրած այս հոդվածի տակ.

«Victor Hovhannisyan Շնորհակալություն Անդրանիկ Պողոսյանին այսքան ծավալուն դիտարկման համար
Ունեմ հետևյալ հարցադրումը
1, Մեր Նորշենցիները պիտի հարգեյին հին գյուղի եկեղեցին և չանվանափոխեին։
2, Մեր մեծերը մինչև հիմա չգիտեն ինչ է Թորթումը և իրենց չեն համարել Թորթումցի Նորշենցիներ, ասել են Էրզրումիցի նորշենցի։
3, Վերջին կասկածը 2400մ բարձրության վրա ապրող Նորշենցին իր նոր գյուղը ինչի չի հիմնել սարի վրա»

Այստեղ արձագանքում եմ Վիկտոր Հովհաննիսյանի հարցադրումներին։

!.. Այս հարցը իմ համար նույնպես մութ է։ Մինաս Գրիգորյանը Ֆեյսբուքում այդ հարցմանը հանգամանորեն պատասխանել է (նրա պատասխանի սկզբնական նախադասությունը մեջբերում եմ անում. «Նոր Եկեղեցին անվանակոչում են նոր անունով եթե նույն բնակավայրում է հիմնված…») և այն ընդունելի է, բայց ճիշտ կլիներ լսել նաև պատմաբանների ու կաթոլիկական եկեղեցիներով զբաղվող մասնագետների կարծիքները։

2. Հավանաբար այն ժամանակ հեռուներում ավելի հանրաճանաչ է եղել Էրզրում անվանումը։ Ըստ հանրագիտարանի տվյալների Թորթումը ունեցել է նաև այլ կիրառումներ Թորդոմ, Թորդում, Թորթոմ, Իշխանիսիտի ձոր, Տորտում։ Սամվել Կարապետյանի վերոհիշյալ գրքից վերևում մեջբերում եմ արել, այնտեղ նշվում է մեկ այլ անուն և այդ մեջբերումը նորից կրկնում եմ. «Պատմական Խաշուտ կամ Խաշուտավանք (Խոշուտավանք) գյուղը գտնվում է Տայքի Ոքաղե ՝ հետագայում Թորթում գավառում…» Այսինքն, Թորթումի ու գավառի անունը ժամանակի ընթացքում փոփոխվել է։

3. Մեր նախնիների կողմից Ծղալթբիլայի գյուղի ընտրության հարցը մեր հայրենակից Վ. Դարբինյանի «Նորշեն Ծղալթբիլա» գրքի 56 էջում մանրամասը նկարագրված է։ Ինչ մնում է Էրզրումի Նորշենի սարում գտնվելուն, իսկ նոր հիմնադրված Ծղալթբիլա գյուղը ՝ ցածրադիր վայրում, ապա զանազան բացատրություններ կարելի է ենթադրել։
Օրինակ, Թորթումի գյուղերի գերակշռող մասը, այդ թվում նաև Ռաբատն ու Չիֆթլիկը ավելի ցածրադիր գետերի կողքերին են գտնվում և հարուստ են մրգատու այգիներով ու ծառերով (ընդհանրապես, Թորթումը համարվել է Էրզրումի վիլայեթի «մրգի շտեմարանը») և նմանություն կա մեր ներկա Ծղալթբիլայի ու մյուս գյուղերի տեղադրության հետ, իսկ մեր պապերի նոր գյուղի սկզբնական ՝ «Հին յայլեն» Թորթումի Նորշենի ու Խաշուտի հետ գրեթե նույն բարձրության վրա է հիմնվել։ Փաստորեն նոր տեղում այդ տեղափոխված գյուղերի սովոր պայմանները առկա են եղել։
Եթե մերոնք Գյումրիով գային, միգուցե Ախալքալակում կամ մեկ այլ բարձր տեղում հիմնավորվեին…

Վերջում նաև ավելացնեմ, որ Թորթումի այլ անվանվան մասին կարծեմ հանդիպել եմ նաև Պիոն Հակոբյանի «Ախալցխան XII — XIX դարերում» գրքում։ Հիմա այն փնտրեցի ու չկարողացա գտնել, բայց աչքիս ընկավ հետևյալը ՝ «Մի զրույց էլ հիշում են ծղալփիլեցիք (իրենք այսպես են արտասանում նոր գյուղի անունը)։ Նրանց փոքրաթիվ քարավանն էլ (Նորշեն գյուղից 34 ընտանիք) ընթանում էր Արդահանից Արսիանի փեշերով դեպի փոցխով գետի երկայնաձիգ ձոր ու Ախալցխայի գավառ տանող հին ճանապարհով» (էջ 128), որն առնչվում է norshen.ru-ի հոտվածի իմ 1-3 հարցադրումների հետ և սկզբում իմ ուշադրությունից վրիպել էր։
Загрузка...