Աչքալուսանք

Тип статьи:
Авторская

Ինչպես շատերդ գիտեք, Երկրորդ աշխարհամարտին մեր գյուղից մասնակցել են 328 հոգի, որից 162-ը զոհվել են: Կարելի է պատկերացնել հարազատների ու գյուղացիների որևէ մեկի վերադարձի լուրը լսելու ուրախության չափը այդ տարիներին: Եվ ահա գյուղում լուր է տարածվում, որ մեկը վերադարձել է պատերազմից: Վերադարձողի կնոջ մորաքույրը մյուս քրոջ 11-12 տարեկան աղջկան առաջարկում է վերադարձողի ծնողներին աչքալուսանք տանել յայլա: Աղջիկը տարակուսում է, թե արդեն ուշ է ու այդ թաղի երեխաներից վաղուց գնացած կլինեն: Մորաքույրը հուսատրում է, թե ամեն մեկի բախտն իր հետ է, դու գնա:

Աղջիկը լսում է մորաքրոջն ու ճանապարհ ընկնում դեպի յայլա: Հասնում է Նագութլու տակը և տեսնում, որ վերադարձողի թաղից իրեն հասակակից մի քանի երեխաներ պանդայի ծառի տակ խաղում են: Զգուշորեն հարց ու փորձ է անում և իմանում, որ աչքալուսանք գնացողներ են: Աղջիկը արագորեն կողմնորոշվում է ու բացատրում, թե ինքն էլ գնում է Վերի յայլեն իրա մոր տուն և քանի որ մի քիչ ավելի հեռու է գնալու, ավելի ճիշտ կլինի ինքը շուտ գնա որպեսզի հետո միասին վերադառնան գյուղ: Այսպես համոզում է գնացողներին ու ինքն առաջ ընկնում: Հասնում է մինչև Մժեղոտի բարձունքը ու այնտեղից գոռում դեպի ներքև, թե ես ձեզ խաբեցի, ես էլ եմ գնում աչքալույսի: Երեխաները խառնվում են իրար, սկսում են վազել, բայց արդեն չեն կարող հասնել: Մեր պատմության աղջիկը լուրը հասցնում է վերադարձողի ծնողներին ու ստանում իր պարգև փողը: Մի քիչ ուշ հասնում են նաև մյուսները, պատմում եղելությունը ու նույնպես ստանում համանման պարգևներ:

Այստեղ մի փոքր բացատրություն տամ ավելի երիտասարդ ընթերցողների համար: Մեր գյուղի սկզբնական յայլան եղել է Հին յայլեն, որը Վալու յայլի տակն է ու հիմա այնտեղ խոտհարք է: Հետագայում տեղափոխվել են ներկայիս տեղը, բայց միաժամանակ եղել է նաև Վերի յայլեն, որը ներկա յայլայից մի քիչ վերև էր ու հին աղբյուրը գտնվում էր երկու նոր յայլաների միջին մասում: Հետագայում Վերի յայլեն վերացավ, 60-70-ական թվականներին խողովակներով նոր ջուր բերվեց ու աղբյուրը մոտեցվեց ներկայիս յայլային:

Վերը բերված պատմության այս աղջիկը շատ խելացի ու ճարպիկ է, այդպես է եղել ամբողջ կյանքում, հիմա էլ ապրում է, Աստված թող առողջություն, երկար կյանք տա ու եթե այս մեր պատմությունը իրեն հասավ, թող մի փոքրիկ ուրախ հիշողություն արթնացնի:

1590
Нет комментариев. Ваш будет первым!
Загрузка...