Անցանկալի կատուն

Тип статьи:
Авторская

  Կատուն մեր գյուղի գրեթե յուրաքանչյուր ընտանիքի անբաժան «անդամն» էր հանդիսանում։ Ինչպես «Թանկարժեք կատուները»-ում ակնարկված է, առաջներում նրանց  արժանիքը լավ մուկ բռնելն էր և ոչ թե ներկայիս նման, իրենց գեղեցկությամբ տան սերելին լինելը։ Սակայն նախկինում նույնպես, ի տարբերություն գյուղի շների, որոնց տան շեմից ներս չէին թողնում, կատուները միշտ մարդկանց կողքին, ամենատաք տեղում էին պառկած լինում և իրենց համար անհոգ մրափում։

 

  Գյուղացիներից մեկի կինը դժգոհ է եղել իրենց կատվի մուկ բռնելու ընդունակություններից և գործով Քութաիս գնացող ամուսնուն խնդրել է նրան իր հետ տանել և հեռվում բաց թողնել, կորցնել։ Հին ժամանակները, երբ դեռ մեքենաներ չեն եղել, առևտրի կամ այլ նպատակներով, մեր գյուղից մարդիկ երբեմն ոտքով հասել են մինչև Արդահան, Ախալքալաք, Բորժոմ, Բաթում ու Քութաիս։ 

  Ամուսինը իրենց այդ անճարակ կատվին գցում է պարկի մեջ, շալակում և ոտքով ճանապարհ ընկնում դեպի Քութաիս։ Նա Նեոխրեբ գյուղի մոտով անցնում է Փոցխով գետը, այնուհետև ՝ Ադիկենի շրջանից եկող նրա բավական ջրառատ վտակը և հեռվում, Աբաստումանի մոտակա անտառներում կատվին բաց է թողնում, վստահ լինելով, որ նա այլևս չի կարողանա այդ հեռավորությունից, երկու խոշոր գետեր անցնելով ՝ նորից գյուղ գնալ։ 

  Մեր գյուղացին Քութաիսում իր անելիքները մի քանի օրում վերջացնում և վերադառնում է տուն։ Կինը նրա ճամփորդության ու գործերի մասին իմանալուց հետո ՝ հարցնում է. «Ծո այնա մեր կատուն տարար  ուրթեղ բաց թողիր?»։ Մարդը ինքնագոհ պատասխանում է, որ շատ հեռու է տարել և նա այնտեղից այլևս չի կարող հետ գալ։ Կինը քմծիծաղ տալով ասում է. «Էն քեզնեն չուստ է տուն էկի, քնա այե, այնթեղ թնդրին գլոխը մինդրին վրեն պառկիելօ մռլտասնե կու»։ 

942
Нет комментариев. Ваш будет первым!
Загрузка...