Ինչպես բարձրացանք Արարատի գագաթը (սկիզբը)

Тип статьи:
Авторская

  Երբ հայտնի դարձավ Արարատի գագաթ բարձրանալու մեր մտադրությունը, որոշ բարեկամներ ու ծանոթներ ինձ հարց էին տալիս, թե ինչու՞ եմ ցանկանում բարձրանալ այնտեղ։ Ես այդ հարցի պատասխանը ինքս էլ չգիտեի և նման դեպքերում նեղ կացության մեջ էի ընկնում, ի վիճակի չէի լինում նրանց հստակ բացատրություն տալու։

  Մանկությունս անցել է մեր յայլայում ու «Դուզի Պռունգ»-ում, ինչպես նաև, գյուղի մեր տունը գտնվում է Ռաբատ թաղամասի բարձունքում և այդ հանգամանքները  հավանաբար իրենց դերն են ունեցել փոքրուց աշխարհին բարձունքներից դիտելու իմ ցանկությանը։

  Անտառների ու սարերի սերը իմ մոտ նույնպես մանկուց է գալիս և իմ ապրած վայրերում միշտ աշխատել եմ ազատ ժամանակս միայնակ կամ ընտանիքով անցկացնել բնության մեջ։ Օրինակ, Կիրովականում մեր ապրած տարիներին, զավակներիս հետ բարձրացել ենք քաղաքի շրջակա բոլոր սարերն ու բարձր գագաթները։ 

  Ամերիկա տեղափոխվելիս, Լոս Անջելոսի կողքին սարեր լինելու համգամանքը նույնպես իր դերն ունեցավ, որպեսզի բնակություն հաստատեմ հենց այնտեղ և ոչ թե հարթավայրային մի այլ վայրում։ Չնայած Լոս Անջելոսի շրջակա բարձունքերը չոր ու անհրապույր են և բոլորովին նման չեն մեր փարթամ բուսականությամբ ծածկված սարերին, սակայն նրանք, հատկապես սկզբնական շրջանում, ինչ-որ չափով հիշեցնում և մեղմում էին իմ կարոտը հայրենիքի ու գյուղի հանդեպ։

  Գլենդել քաղաքում մեր բնակություն հաստատելու հենց առաջին ամիսներից, ես սկսեցի կիրակի օրերը բարձրանալ մոտակա Վերդուգո կոչվող սարը։ Նրա գագաթը մեր տնից մոտ տաս կմ հեռավորության վրա է և բարձրությունը մեր ապրած թաղամասի նկատմամբ 650 մ է, այսինքն ՝ ինչպես մեր գյուղի ու յայլայի միջև եղած բարձրությունն է։ Արդեն 14-15 տարի է, ինչ այնտեղ գտնված ժամանակ, ամեն կիրակի ես գնում եմ այդ սարը և ծանոթ եմ այնտեղ բարձրացող, Լոս Անջելոսում ապրող շատ հայերի ու այլազգիների։ Նրանց մի մասի հետ ավելի մոտիկից էի ծանոթացել ու մտերմություն էինք անում, որոնցից էին նաև Հրաչն ու հայկական միջավայրում բավական հայտնի ՝ Հարութ Դեր-Տավիթյանը, որը մասնագիտությամբ պատմաբան է, այնտեղ ունի հեռուստատեսության ծրագիր, հաճախակի հանդես է գալիս հայկական հարցերին նվիրված հրապարակումներով և մոտիկից ճանաչել է մեր գյուղից սերված Տեր Վահան Հովհաննեսյանին։

  Մոտ երկու տարի առաջ մեր մոտ միտք առաջացավ բարձրանալու Արարատի գագաթը։ Մինչ այդ մենք ծանոթացել էինք Արարատի գագաթը տարբեր ժամանակ նվաճած մի քանի հայերի հետ, որոնք նույնպես հաճախ գալիս էին Վերդուգո սարը։ Նրանք բոլորը ֆիզիկապես կոփված անձնավորություններ էին, մասնակցում էին զանազան բարձունքներ հաղթահարելու արշավանքներին, հեծանվավազքերի Ամերիկայում, Հայաստանում ու այլ տեղերում։ Ֆիզիկապես մենք նույնպես վատ չէինք, օրինակ Հարութը մի քանի անգամ մասնակցել էր Լոս Անջելոսի 42 կմ 195 մ մարաթոնյան վազքերին, բայց նման մեծ բարձրություններ հաղթահարելու փորձ չունեինք։ 

  Մենք սկսեցինք հետաքրքրվել այդ հարցով, տեղեկություններ իմանալ արդեն Արարատ բարձրացած այդ մարդկանցից ու այլ աղբյուրներից և պլանավորում էինք մեր նախաձեռնությունը իրագործել 2013 թվականի օգոստոս ամսին։ Արդեն տեղյակ էինք, որ տարվա այդ ամիսը այնտեղ բարձրանալու ամենաբարենպաստ ժամանակն է համարվում։ 

  Ես բավական մտահոգ էի, մինչ այդ 3000 մետրից բարձր սար բարձրացած չկայի  և իմ վրա այնքան վստահ չէի։ Որոշեցի փորձել բարձրանալ Արարատից ավելի ցածր Արագած սարը և ստուգել իմ ֆիզիկական հնարավորությունները։ Ինտերնետով ծանոթացա Արագած սար բարձրացող Երևանի բնակիչ Կարենի հետ։ Մեր մի քանի ամսվա ինտերնետային ծանոթության արդյունքում, պայմանավորվեցինք և 2012 թ-ի օգոստոսի 9-ին չորս հոգով ՝ նաև իմ հորաքրոջ թոռ Լևոնն ու Կարենի ընկերոջ աղջիկ Վարսենիկը, մեր համագյուղացու որդի Արայիկի մեքենայով հասանք Քարի լիճ կոչվող վայրը (3200 մ) և այնտեղից արդեն ինքներս սկսեցինք վերելքը։ Արայիկը ցանկություն չցուցաբերեց Արագած բարձրանալու և այնտեղ մեքենայում մեզ սպասեց մինչև վերադառնալը։ Բացի ինձանից, մյուս մասնակիցները նման բարձրություններ հաղթահարելու փորձ արդեն ունեին։

  Ես Լոս Անջելոսից Երևան նախորդ օրն էի թռել, անքուն էի մնացել կապված երկար ճանապարհի ու ժամերի փոփոխության հետ, նաև ոլորապտույտ ճանապարհով մոտ մեկ ժամ մինչև Քարի լիճ հասնելուց հետո, սիրտս շատ խառնում էր և մոտ 3700 մ բարձրությունից հետո բավական դժվարություններ ունեցա ՝ սրտխառնոցս ուժեղացավ, գլխացավ սկսվեց, ոտքերս թուլացել էին և շնչառությունս չէր բավարարում։

  Իմ ուղեկիցներին խնդրեցի առաջ անցնել, իսկ ես որոշ ժամանակ նստեցի, հանգստացա, սակայն ամեն անգամ նորից բարձրանալու փորձ անելիս, շատ կարճ  տարածություն անցնելուց հետո ՝ նորից վատ էի զգում։ Այդպես մոտ 150 մետր ևս բարձրացա և վերջնականորեն որոշեցի, որ չարժի ինձ վտանգել ու հետ դարձա։ Լևոնը արդեն բարձրացել էր վերև ու հետ էր գալիս և երբ ինձ տեսավ ներքև իջնելիս ՝ սկսեց կանչել, վազեվազ հասավ ինձ ու հայտնեց, որ մինչև Արագածի գագաթը շատ քիչ տեղ է մնացել։ Նա նաև Վարսենիկի խորհրդով նրա ուղարկած մի քանի թթու սալորը տվեց ինձ ուտելու (իմ մոտ եղած ուտելիքներից ու քաղցր մրգերից սրտխառնոցս ուժեղանում էր) և ես անսպասելի կազդուրվեցի, արդեն բավական արագ ու հեշտ հասա Արագածի Հարավային գագաթին (մոտ 3900 մ)։

  Ես բավական հիասթափված էի իմ այդ փորձից և մոտ երկու ամիս հետո, երբ նորից Լոս Անջելոսում էի, Արարատ բարձրանալ ցանկացող իմ համախոհներին ՝ Հարութին ու Հրաչին հայտնեցի իմ մտահոգությունը և այնտեղ բարձրանալ կարողանալու իմ կասկածանքները։ Նրանք նույնպես ինչ-որ չափով զգուշացան, սակայն հետագայում այդ թեմայով մեր զրույցները երկու-երեք տարի առաջ Արարատ բարձրացած իրանահայեր Ալեքի, Խուդամի և Հայկոի հետ, նաև նրանց սար բարձրանալու մեզ նվիրած տեսանկարահանումը, նորից մեզ ոգևորեց և շարունակեցինք հետաքրքրվել, պլանավորել, քննարկել։

  Այդ ընթացքում ցանկություն հայտնեցին ու մեզ միացան նաև մի քանի այլ Վերդուգո սար եկող մեզ ծանոթ հայեր և մեր կազմավորվող խումբը արդեն եթադրում էր դառնալ 8-9 հոգուց բաղկացած։ Հարութը Արարատ սար բարձրացած ծանոթների միջոցով կապ հաստատեց Դոգուբայազետի (Բայազեթ) երկու քուրդ մարդկանց հետ, որոնք պաշտոնապես զբաղվում էին Արարատ սար բարձրացողներին ուղեկցելու այդ գործով։ Նրանց հետ համացանցի միջոցով բանակցություններից հետո, ընտրեցինք Մեթինին, որի հետ մեր ծանոթները մի քանի տարի առաջ բարձրացել էին և նրանից շատ գոհ էին մնացել։ Նրա հետ պայմանավորվեցինք գնի ու մյուս պայմանների վերաբերյալ, նշեցինք մեզ հարմար ժամանակը ՝ 2013 թ. հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը։

  Բացի մեր երեքից, խմբի անդամներ դարձան նաև Հարութի տղան ՝ Ռազմիկը, Աշոտն ու իր տղան ՝ Հայկը, ամուսիններ Գևորգն ու Անին և վերջում մեզ միացավ նաև տարիքով ավելի մեծ երկրորդ Հրաչը։ 2013 թ հունվար ամսից մեր արդեն վերջնականորեն կազմակերպված խումբը սկսեց ամեն կիրակի միասին բարձրանալ Վերդուգո սարը Բրանդ փարքից սկսվող ավելի զառիթափ ու դժվարամատչելի կածանով։ Շաբաթվա ընթացքում ամեն մեկս նաև ինքնուրույն էինք վարժվում ՝ քայլում, սպորտդահլիճ հաճախում և այլն։ Մասնավորապես ինքս, ամեն առավոտ Գլենդելի Մեյփլ փարքում յոթ կմ վազում էի, այնուհետև կատարում ֆիզիկական վարժություններ։  

  Իմ հարազատների շրջանում հայտնի դարձավ Արարատ սար բարձրանալու մեր ցանկությունը և բժիշկ կինս ու զավակներս սկսեցին ինձ համոզել հետ կանգնել նման արկածախնդրությունից։ Նրանց կամքին հակառակ չէի ցանկանում գնալ, սակայն մեծ էր նաև Արարատի գագաթին հասնելու իմ ձգտումը։ Վերջապես բժիշկ աղջկաս հետ եկանք «համաձայնության», որ համապատասխան քննությամբ ստուգեմ սրտիս վիճակը և դրանից հետո միայն լուծենք մեր այդ «վիճելի» հարցը։

  Այդպես էլ արեցի, բժշկական հատուկ քննություն անցա, մասնագետների տված եզրակացությունը ի հօգուտ ինձ էր և հարազատներս ստիպված տեղի տվեցին իմ ցանկությանն ու համաձայնվեցին։

  Իմ ֆիզիկական վիճակի լրացուցիչ ստուգման համար, մոտ մեկ ամսից ավելի ինտենսիվ պարապեցի և 2013 թ. մարտի 17-ին մասնակցեցի Լոս Անջելոսի ամենամյա մարաթոնին (42 կմ 195 մ)։ Իմ սպասումները արդարացան, կարողացա շատ լավ արդյունքով ավարտել մարաթոնը և ստացա համապատասխան մեդալ ու նվեր։ Արարատ սար բարձրանալու իմ հույսերը մարաթոնից հետո ավելացան ու հարազատներիս դիմադրությունը զգալի պակասեց։

  Նախնական մեր ծրագրով, խմբի անդամներս Լոս Անջելոսից պետք է ինքնաթիռով հասնեինք Ստամբուլ և այնտեղից Վան ու Վանից մեքենայով գնայինք Բայազետ։ Մենք նպատակ ունեեինք նաև այցելելու Անի քաղաքի ավերակները և Վանա լիճն ու Աղթամար կղզին։ Ես առաջարկեցի Լոս Անջելոսից թռչել Երևան, այնտեղից մեքենայով գնալ մեր գյուղ, գիշերը մնալ և հաջորդ օրը շարունակել ճանապարհը դեպի Բայազետ։ Այդ դեպքում մենք կարող էինք այցելել նաև Վահան Տերյանի տուն թանգարանը Գանձայում, տեսնել Թմուկ բերդի ավերակնրը և ավելի հարմար կստացվեր Անի այցելելը։ Իմ առաջարկը ընկերներիս դուր եկավ և բոլորը գոհունակությամբ ընդունեցին։

  Մեր Արարատ սար բարձրանալու լուրը հասել էր նաև իմ մյուս հարազատներին և Հոլանդիայում ու Ռուսաստանում ապրող տարբեր զարմիկներիս հինգ երեխաները սկսեցին դիմել ինձ մեր խմբին միանալու խնդրանքով։ Պատասխանատվությունը մեծ էր ինչպես իմ խմբի անդամների, այնպես էլ երեխաների ծնողների ՝ իմ հարազատների հանդեպ, սակայն մերժել չէի կարող և խմբի անդամների հետ խոսելուց հետո, համաձայնվեցինք։

  Մի շարք քննարկումներից ու բանակցություններից հետո, որոշվեց նաև Երևանից Թուրքիա մեզ տանող մեքենայի հարցը և պայմանավորվեցինք մեր շրջանի Սուխլիս գյուղի վարորդներից մեկի ՝ Հարութի հետ։ Թուրքիա ուղարկեցինք նաև մեր անձնական տվյալները Արարատ սար բարձրանալու իրավունքը ստանալու համար։ Խմբի յոթ անդամներս արդեն վերցրել էինք նաև ինքնաթիռով միասին Երևան թռչելու տոմսերը։ Կարծես հիմնական կազմակերպչական բոլոր հարցերը արդեն լուծված էին և մենք խմբով ամեն կիրակի միասին Վերդուգո սարը բարձրանալու ժամանակ, նաև առանձին հավաքներում քննարկում էինք ուղևորության մանրամասները, մեզ հետ վերցնելու անհրաժեշտ իրերի ցանկն ու այլ հարցեր։

  Նախապատրաստական վերջին մի քանի ամիսներին մենք որոշ կիրակիներ խմբով սկսեցինք բարձրանալ Լոս Անջելոսից ոչ այնքան հեռու գտնվող ավելի բարձր սարեր ՝ Մաունթ Բոլդի (Mount Baldy 3067 մ կամ 10,064 ֆիտ, 1 meter = 3.281 feet) և Գորգոնիո (Mt. San Gorgonio 3506 մ, 11,503 ֆիտ)։ Մաունթ Բոլդին մեզանից մոտ մեկ ժամ հեռավորության վրա էր և ճանապարհին մեքենայում իմ սիրտը խառնում էր, որը շարունակվում էր նաև սար բարձրանալիս (իմ մոտ մեքենայից սրտխառնոցը դեռ մանկական տարիներից լինում էր և հաճախ  դժվարություն էի ունեում գյուղ գնալ-գալու ճանապարհին)։ Սկցբում ես դրա վրա ուշադրությու չդարձրի, սակայն հետագա այդպիսի վերելքների ընթացքում այն ավելի սաստկացավ և սկսեց մտահոգել։

  Հունիսի 9-ին խմբով Գորգոնիո սար բարձրանալիս վիճակս շատ ավելի վատացավ և ես նույնպիսի վիճակի մեջ ընկա ինչպես մեկ տարի առաջ Արագած սար բարձրանալու ժամանակ ՝ ամբողջ ընթացքում սրտխառնոցս շարունակվում էր, ունեի գլխացավ, ոտքերի թուլություն և շնչառությունս չէր բավարարում։ Ճանապարհի կեսին որոշեցի այլևս չշարունակել ու հետ դառնալ, սակայն ընկերներս սկսեցին համոզել և ես անհարմար զգալով ՝ շարունակեցի վերելքը, դժվարությամբ հասա գագաթին ու իմ մոտ սկսվեցին անզուսպ փսխումներ։ Իմ սրտխռնոցը շարունակվեց նաև հետագա օրերին և այդ զգացողությունը ունենում էի նույնիսկ շաբաթներ հետո, երբ հիշում էի մեքենան ու սարը։ Մենք պլանավորել էինք, մինչև Արարատ բարձրանալը, ևս երկու անգամ գնալ Մաունթ Բոլդի ու Գորգոնիո, բայց խումբը գնաց առանց ինձ։  

  Ես այլևս հույս չունեի, թե կարողանալու եմ բարձրանալ Արարատ սարը, բայց ընկերներիս ու զարմիկներիս երեխաների հանդեպ որոշակի պարտավորվածություն էի զգում և չէի կարող հրաժարվել։ Խմբի անդամները նույնպես անհանգստացած էին իմ այդ վիճակով և իրենց մտահոգությունը հայտնեցին։ Ես նրանց հանգստացրի, որ իրենց հետ մինչև մեր գյուղ հաստատ գնալու եմ, որից հետո, ըստ իմ ընդհանուր վիճակի, պարզ կլինի հետագա ընթացքը։ Ես արդեն ներքուստ հաշտվել էի խմբի հետ Արարատի վերելքին չմասնակցելու մտքի հետ։ Հարազատներիս նույնպես հանգստացնում է, որ վատ զգալու դեպքում ՝ տրամադրված եմ ցանկացած կետից դադարեցնելու իմ մասնակցությունը այդ ճամփորդությանը։

  Մեր ճանապարհորդության ձախողման վտանգ եղավ նաև Լոս Անջելոսից թռիչքի օրը, հուլիսի 26-ին։ Նույն ինքնաթիռով թռչող խմբի յոթ անդամներս երկու մեքենայով պետք է հասնեինք օդանավակայան։ Մի մեքենան արդեն հասել էր այնտեղ, իսկ մենք նոր էինք ճանապարհ ընկնում, երբ Հարութը զանգեց, խնդրեց որ իր մոռացած «Նոր Սերունդ» կազմակերպության փոքր ժապավենները իրենց տնից մեր հետ տանենք։ Մեր ինքնաթիռի թռիչքին մոտ երեք ու կես ժամ ունեինք, գնացինք Հարութի մոռացած ժապավենները վերցնելու և ընկանք մեքենաների խցանման մեջ։ Մենք անհանգիստ վիճակում նայում էինք մեր ժամացույցներին և աստիճանաբար համոզվում, որ ուշանալու ենք ինքնաթիռից։ Ես արդեն իմ մտքում համակերպվել էի ուշանալու փաստի հետ և ինձ հուսադրում էի, որ գուցե լավը այս էր։

  Ուրիշ ելք չունենալով, մեքենան վարող Հրաչը (տղային իր հետ վերցրել էր, որպեսզի մեքենան հետ տանի) դուրս եկավ մայրուղուց և շատ արագ ու խախտումներով, վերջին րոպեին կարողացավ հասցնել օդանավակայան, վազելով մոտեցանք գրանցման բաժին, իսկ մեր իրերը քիչ հետո բերեցին մեզ սպասող մեր ընկերները։  

  Բարեբախտաբար, մեր ուղևորության սկզբի այդ ներվային ապրումներից հետո, մնացածը շատ հարթ անցավ ու մոտ 12 ժամ թռիչքից հետո հասանք Մոսկվայի Շերեմետևո օդանավակայան, երկու ժամ էլ այնտեղ անցկացրինք և թռանք Երևան։ Հուլիսի 27-ին երեկոյան ուշ մեզ դիմավորեցին մեր հարազատները, խմբով պայմանավորվեցինք առավոտյան վաղ Երևանից ճանապարհ ընկնելու վերաբերյալ և ցրվեցինք երեք տեղում գիշերվա մի քանի ժամը հանգստանալու համար։       

  Հուլիսի 28-ի առավոտյան ժամը հինգին զանգեց մեր պայմանավորված Սուխլիսցի վարորդ Հարութի ազգական Սիմոնը և հայտնեց, որ մեզ ինքն է տանելու Ախալցխա։ Ես մտքումս կշտամբեցի Հարութին, որ մի քանի ամիս առաջ մենք պայմանավորվել ենք իր հետ և հիմա ուրիշին է ուղարկել, բայց այդ մասին խոսակցություն չբացեցի։ Սիմոնին մեր հասցեն բացատրեցինք, նա եկավ և գնացինք մյուսներին նույնպես իրենց գիշերած տեղերից վերցնելու։ 

  Հրազդան մարզադաշտի դիմաց գտնվող բարձրահարկ շենքում գիշերած մեր ընկերներին սպասելու ժամանակ, մենք նայում էինք դեպի Մասիսը և եղանակի մասին գուշակումներ անում։ Մշուշի մեջ նշմարվում էր Արարատի ուրվագիծը, իսկ նրա գագաթը ծածկված էր ամպերով։ Արդեն մեր ընտրած ուղեկցող Մեթինը համացանցով մեզ հաղորդել էր, որ նախորդ օրերին մի խումբ բարձրացել էր Արարատ, այնտեղ շատ ուժեղ ձնաբուքի հանդիպել և դժվարությամբ էր հաղթահարել վերելքը։ Մենք մտորումների մեջ ՝ հայացքներս հառել էինք դեպի Արարատը ու … այդ ժամանակ հրաշքի նման մի բան կատարվեց ՝ հանկարծ Արարատի ձյունածածկ կատարը կարճ ժամանակով բացվեց և լուսավորվեց առավոտյան արևի ճառագայթներով։ Մենք ուրախացանք, ինքներս մեզ հուսադրեցինք, որ այդ լավ նշան էր (կարծես Արարատը մեզ «ողջունեց»)։

  Մենք լավ տրամադրությամբ, արդեն իննը հոգով (մեր Լոս Անջելոսյան խմբից երկուսը Երևան էին հասել մեզանից մեկ-երկու օր շուտ) առավոտյան վաղ Երևանից դուրս եկանք և ճանապարհ ընկանք դեպի Ախալցխա։ Մինչ Գյումրի հասնելը, մեքենայի փոքր խափանում պատահեց, բարեբախտաբար, Սիմոնը այն ինքնուրույն կարողացավ կարգավորել։ Մի քանի դադարներով հասանք հայ-վրացական սահմանին, բարեհաջող անցանք նաև մաքսատան ստուգումներն ու ձևակերպումները։ 

  Չնայած ճանապարհին կանգառների պատճառով հետ էինք ընկել մեր պլանավորած ժամանակից, սակայն Ննոծմինդա հասնելուց հետո, թեքվեցինք դեպի Թբիլիսի տանող ճանապարհը և Սաղամո լճի մոտով հասնք Գանձա գյուղը։ Ի զարմանս մեզ, գյուղի շրջապատում ու գյուղում մարդկանց մեծ եռուզեռ էր նկատվում։ Գյուղի կենտրոնին մոտիկ այլևս հնարավոր չեղավ առաջ գնալ մեքենաների ու մարդկանց խճողման պատճառով։ Մարդկանց հոսանքի մեջ ես ճանաչեցի Երևանի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանին, որը Ախալքալաքի ծնունդ է։ Անցորդներից իմացանք, որ այդ օրը նշվում էր Տերյանի պոեզիայի տոնը։ Մենք տեղյակ էինք, որ ամեն տարի Գանձայում մեծ շուքով նշվում է այդ օրը, բայց երբևէ ներկա չեինք եղել ու բոլորովին պատահական մեր այցելությունը համընկել էր այդ տոնի հետ։

  Մենք դիտեցինք Տերյանի տուն-թանգարանը, շրջեցինք նրա ծնողների հին տան մեջ (այնտեղ  ես եղել էի մոտ 40 տարի առաջ), խմբով նկարվեցինք Տերյանի կիսանդրու մոտ։ Գյուղի մոտակա բարձունքում տեղի էր ունենալու հանդիսավոր հավաքը, բայց մեր ժամանակը չէր ներում մասնակցելու, վերադարձանք Ննոծմինդա և ճանապարհը շարունակեցինք։ Անցանք Ախալքալաքի միջով և Խրթվիզ բերդի մոտ հասնելուց հետո ՝ թեքվեցինք դեպի Վարձիայի ճանապարհը։

  Հասանք Թմուկ բերդի դիմացը, մեքենայից իջանք և ճանապարհով սկսեցինք քայլել ու տարբեր կողմերից մանրամասը դիտել բերդի ավերակները։ Հարութը բերդի ֆոնի վրա կարդաց Հովաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմը և Հրաչը այն տեսանկարահանեց։ Ես առաջին անգամ չէր, որ այնտեղ էի ու ամեն անգամ ինձ վրա մեծ տպավորություն է թողել բարձրաբերձ ժայռերի վրա «թառած» այդ անառիկ բերդը իր դիրքով, անդնդախոր ձորով, նեքևում հոսող Քուռ գետով ու հետաքրքիր պատմությամբ։

  Անմիջական բերդի մոտ գնալու ցանկությունը բոլորիս մոտ մեծ էր, սակայն դրա ժամանակը և հնարավորությունը մենք չունեինք։ Խմբի անդամներ ցանկություն չցուցաբերեցին նաև Վարձիան տեսնելու և մենք վերադարձանք Ախալքալաք-Ացալցիխե ճանապարհը և այն շարունակեցինք դեպի մեր գյուղ։ Բոլորը հոգնած էին և իմ առաջարկած Ախալցխայի վերականգնված բերդը գնալու ցանկություն նույնպես չարտահայտեցին։

  Գյուղ հասնաք երեկոյան արդեն մութն ընկնելուն մոտ։ Մեքենան չկարողացավ բարձրանալ մեր թաղի ցեխոտ ճանապարհով և ոտքով հասանք տուն։ Գյուղի մեր տանը ապրող չկար, բայց գյուղի իմ հարազատները տեղյակ էին մեր գալու մասին, ամեն ինչ նախապատրաստել էին։ Մեզ միացան նաև խմբին անդամակցած իմ զարմիկների չորս երեխաները ՝ Էմիլիան, Ներսեսը, Անին ու Ռոբերտը, իսկ հինգերորդը ՝ Խաչիկը (Արթուրը) դեպքերի բերումով վերադարձել էր Մոսկվա և չկարողացավ մասնակցել մեր ուղևորությանը։ Մեր խումբը ամբողջացավ և նրա ամենատարիքովը ես էի ՝ 67,5 տարեկան, իսկ ամենակրտսերը Ռոբերտն էր ՝ 19 տարեկան։ 

     (շարունակելի)

 

2141
Нет комментариев. Ваш будет первым!
Загрузка...