Մեղվանոցի պահակը

Тип статьи:
Авторская

Դեռ իմ պապից սկսած մենք միշտ մեղու ենք պահել ու փոքր տարիքից անընդհատ առնչվել եմ այդ ժրաջան ու շատ զարմանալի ընդունակություններով օժտված միջատների հետ: Գյուղում եղած ժամանակս երբեմն նստում էի փեթակի կողքին ու հետաքրքրությամբ հետևում նրանց ելումուտին, գործողություններին, թռիչքին: Դժվար է պատկերացնել, թէ ինչպես են այդ բազմանդամ ու փոքրիկ էակները կարողանում իրար հետ հաղորդակցվել, կառավարվել, կազմակերպված ու աշխույժ ձևով գիշեր ու ցերեկ աշխատել, կառուցել, սերունդ աճեցնել, նրաց խնամել, սնունդ հավաքել, համախմբված ու անձնազոհ պաշտպանվել, ու այդ ամենը` իրենց շատ կարճ կյանքի ընթացքում (ամռան ամիսներին, բերքի ժամանակ նրանց կյանքի տևողությունը ընդամենը մեկ ամիս է):

Այն ժամանակներում, բացի գյուղի հատ ու կենտ ընտանիքների սեփական մեղուներից, կոլխոզը նույնպես ուներ բավական մեծ թվով փեթակներ ու բերքի տարիներին ստացված մեղրը բաժանում էր գյուղացիներին համապատասխան իրենց վաստակած աշխօրերին: Կոլխոզի փեթակները այդ տարիներին պահում էին Ճառալում, իսկ հետագայում արդեն, կարծեմ սովխոզի ժամանակ տեղափոխեցին Ճաղիսման: Դրանք բաժանված էին առանձին մեղվապահների միջև, բավական մեծ տարածություն էին գրավում և ունեին պահակ գողերից ու երբեմն երևացող արջերից պաշտպանելու համար:

Մի անգամ պահակի առերես "մոտիկ", բայց իրականում ծպտված թշնամի ընկերներից մեկը խնդրում է իրեն ու մյուս ընկերոջը հյուրասիրել կոլխոզի մեղրով: Չնայած այդ տարիներին հանրային ունեցվածքի հանդեպ ապօրինություն անելու մարդկանց ունեցած մեծ վախին, պահակը "ընկերոջ" խնդրանքը չի մերժում և փեթակներից մի փոքր շրջանակ մեղր է հանում ու երեքով այն ուտում են:

Հաջորդ օրը այդ "լավ" ընկերը հասնելով գյուղ, մտնում է կոլխոզի նախագահի մոտ ու հայտնում, որ փեթակների պահակը նախորդ օրը կոլխոզի մեղուներից մի շրջանակ մեղր է գողացել: Նախագահը հանցանքը բավական լուրջ համարելով, այդ մասին անմիջապես հաղորդում է շրջանի դատախազին ու պահանջում համապատասխան պատիժ տալ հանրային ունեցվածքի նկատմամբ հանդգնություն ցուցաբերած պահակին:

Դատախազը կանչում է իրավիճակից անտեղյակ պահակին, պարզում եղելությունը և նրան ազատ է արձակում: Նախագահի այն հարցին, թէ ինչու գողը համապատասխան պատիժ չի ստանում, արդարամիտ դատախազը պատասխանում է, որ պահակը այդ մեղրը կերել է, բայց չի ծախել կամ որևէ այլ արժեքով չի փոխանակել: ՈՒստի այն դատապարտելի հանցանք չի կարելի համարել, ինչպես օրինակ, եթե այգու պահակը ծառից խնձոր պոկի և ուտի:

Դեպքից հետո, պահակը չվիրավորվելով նախագահի խստությունից, արդեն լավ ճանաչում է իր "ընկերոջը":

1653
Нет комментариев. Ваш будет первым!
Загрузка...