Պարտք և մարդկային հարաբերություններ

Тип статьи:
Авторская

    Նախորդ պատմության մեջ հիշատակվել էր 1944թ. ուշ աշնանը  թուրքական Ճաղիսման գյուղերի բնակիչների աքսորի ժամանակ մեքենաներից մեկի վթարից տուժածների մասին, որոնց ստիպված մի քանի օր թողել են մեր գյուղի հիվանդանոցում ու հետո առանձին ուղարկել մյուս աքսորյալների հետևից: Նրանցից մեկը` ողնաշարի վնասվածքով 15-16 տարեկան մի աղջիկ, ի վիճակի չի եղել շարժվելու ու ավելի երկար է մնացել հիվանդանոցում: 

    Այդ դեպքից տարիներ առաջ, ինչպես գյուղի շատ տղամարդիկ, պապս նույնպես ապրանքափոխանակությամբ առևտուր է արել թուրքերի հետ ու հաճախ հասել է մինչև Արդահան:

   

ՈՒղևորություններից վերջինի ժամանակ, այնտեղ նա իր ծանոթ թուրքից վերցրել է նաև մի կախովի կշեռք` "ղանթար", բայց փոխհատուցելու համար բավարար ապրանք չի ունեցել և պայմանավորվել է պարտքը վերադարձնել հաջորդ հանդիպման ժամանակ: Վերադառնալուց հետո, անսպասելի սահմանը շատ խստացվել է ու Թուրքիա գնալ-գալը դարձել վտանգավոր: Այդ ժամանակներում,  երկու առանձին դեպքերում, մեր գյուղից երկու հոգի, առևտրի համար  Թուրքիա ացնելիս,  սահմանապահների կողմից հայտնաբերվել ու սպանվել են:  Պապս այլևս ռիսկի չի դիմել ու Արդահանցի թուրքի պարտքը չի կարողացել վերադարձնել: Նա շատ Աստվածապաշտ, աշխատող ու ազնիվ մարդ էր, չէր սիրում պարտքի տակ մնալ ու երկար տարիներ իր պարտքի համար հոգեպես անհանգիստ է եղել:  

   Աքսորյալներին տեղափոխող ավտոմեքենայի վթարի մասին լսելուց հետո, նա թուրքերին հանդիպելու այլևս հարմար առիթ չկանխատեսելով, ցանկանում է իր պարտքից "ազատվել" ու տուժածների համար սնունդ, տաք հագուստ, ճանապարհի պաշար է պատրաստում և տանում հիվանդանոց: Այնտեղ նա տեղեկանում է, որ ողնաշարի վնասվածքով աղջիկը ի վիճակի չի շարժվելու ու դեռևս մնալու է հիվանդանոցում, գալիս է տուն և մորս խնդրում նրան հիվանդանոցում խնամել: 

   Մայրս սկսում է ամեն օր այցելել ու բարեխղճորեն խնամել հիվանդ աղջկան: Նա պատմում էր, որ առաջին օրերից մեկում, երբ առավոտյան մտել է աղջկա հիվանդասենյակ, տեսել է նրան մահճակալի վրա պառկած հոնգուր-հոնգուր լացելիս: Երբ մայրս հարցրել է լացի պատճառը, նա բողոքել է, որ գլխի մազերի մեջ ոջիլ են հայտնաբերել ու երկար հուսերը պետք է կտրեն: Մայրս բուժաշխատողներին խնդրել է աղջկա մազերը չկտրել ու խոստացել, որ ինքը առանց այդ միջոցին դիմելու ոջիլը կվերացնի: 

   Նա ամեն օր մեր տնից տաք ջուր է տարել, աղջկա գլուխը օճառով լվացել, մազերը նավթով մշակել և իսկապես ամեն ինչ մաքրել է: Աստիճանաբար աղջիկը կազդուրվել է, ոտքի կանգնել ու վիճակի լավացումից հետո, նրան նորից տարել են աքսոր: Նա շատ երախտապարտ ու հարազատորեն մորիցս բաժանվել և գնացել է (մայրս իրենից ընդամենը մի քանի տարով է մեծ եղել): Պապս նույնպես ուրախ է եղել, որ իր հին պարտքը այդ միջոցով գոնե մտքում վերադարձրած է համարել: Մերոնք այլևս նրանից որևէ լուր չեն ունեցել:

   Շատ տարիներ անց, մեր գյուղից մի մեծահասակ մարդ ու կին, ինչ-որ պատճառով եղել են միջինասիական հանրապետություններից մեկում և գյուղ վերադառնալուց հետո, կինը գյուղի Ջերմուկում լվացք անելու ժամանակ մորս պատմել է, որ այնտեղ տեսել, հյուրընկալվել են ավտովթարից տուժած այդ թուրք աղջկան ու նրա ընտանիքին: Մերոնք հաջորդ օրերին հանդիպել են ճամփորդողներին, ցանկացել ավելի մանրամասը իմանալ աղջկա մասին ու խնդրել են նամակ գրելու համար նրա հասցեն ասել, սակայն նրանք երկուսով` մարդ ու կին, ժխտել են ամեն ինչ: Մերոնք լուրջ կասկածում էին նրանց ազնվության վրա... 

   1990 թվականին, իմ արտասահման ուղևորության ժամանակ, Մոսկվայի կենտրոնում ես պատահաբար հանդիպեցի հայրենիք վերադառնալ ցանկացող Մեսխեթի թուրք ցուցարարների մի խմբի ու հացուփորձ արեցի: Պարզվեց, որ նրանց հետ ցույցին միշտ մասնակցել էր Ճաղիսմանցի մի մարդ, բաց ցավոք այդ օրը նա չէր եկել ու ես էլ հաջորդ օրերին այլևս չէի կարող նրանց հանդիպել:

  Սահմանի խստացման հետ կապված, Թուրքիայի մոտակա գյուղերից մեկի ազգությամբ քուրդ բնակիչներից էլ պապիս էին որոշ քանակի կարագ, պանիր պարտք մնացել: 1960-ական թվականներին, երբ ես դեռ դպրոցի միջին դասարաններում էի սովորում, մի օր պապս պատմեց այդ պարտքերի մասին ու ինձ ստիպեց թղթի վրա հայերեն տառերով, բայց քրդերեն լեզվով մանրամասը գրել, թե որ գյուղից ով ու ինչքան պարտք ունի մեզ տալու: Ես որոշ դժկամությամբ էի գրում ու պապիս ասում էի, որ մեր այս արածը անիմաստ է: Նա ինձ վստահ համոզում էր, թե հետագայում սահմանները կբացվեն ու այդ մարդիկ այնքան ազնիվ են, որ եթե  նույնիսկ նրանց թոռներն էլ մնացած լինեն, մեր պարտքը կվերադարձնեն: 

  Պապիս կանխագուշկման առաջին մասը իսկապես կատարվեց, սահմանները բացվեցին և 2007 թվականին, գյուղում գտնվելու ժամանակ, որոշեցի իրականացնել տարիներ առաջվա երազանքներիցս մեկը` ոտքով գնալ Թուրքիայի Պոսոֆ (նախկին Տյուղուր) քաղաք ու վերադառնալ: Պետք է անցնեի մեզ պարտք ունեցող քրդերի գյուղի մոտով ու հետաքրքրության համար ուզեցի ստուգել պապիս համոզվածությունը, սակայն դպրոցական տարիներին գրված իմ այն թուղթը փնտրեցի ու չկարողացա գտնել: Երազանքս իրականացրի, ոտքով հասա Պոսոֆ ու վերադարձա (գուցե հետագայում ճամփորդական տպավորություններս նույնպես գրեմ), քրդերի գյուղի մոտով անցնելիս հայացքս նրանից դժվար կտրեցի, բայց իմ գրածից ոչ մի անուն չէի հիշում, որ գոնե փորձեի մոտենալ, խոսել:  

  Վերհիշելով այս ամենը, ըթերցողի հետ ցանկանում եմ կիսել իմ մտորումները մարդկային հարաբերությունների, ազնվության ու պարտքի զգացմունքի վերաբերյալ: 

   Իմ համոզմամբ մարդը ծնվում է իր ժառանգած հիմնական բնավորության գծերով ու դրանք հետագա կյանքի ընթացքում համարյա չեն փոխվում: Օմար Խայամն ասում է.

            «Благородство и подлость, отвага и страх - 

            все с рождения заложено в наших телах.

            Мы до смерти не станем ни лучше, ни хуже —
            мы такие, какими нас сделал Аллах»   

  Դաստիարակությունը կարող է բավական հղկել, փափկացնել, թաքցնել բնավորության գծերը, բայց երբեք չի կարող փոխել: Գուցե կարծիքս շատ ըդգծված է, բայց այն համոզմունք է դարձել ոչ միայն աշխարհի խելոքների գրվացքները ըթերցելով, այլ նաև իմ ու շրջապատիս կյանքի փորձից ելնելով: Դուք նույնպես, ձեր շրջապատում հաճախ կարող եք նկատել նույն ընտանիքում ծնված ու դաստիարակված, բայց բնավորությամբ իրարից խիստ տարբերվող երեխաների և համոզվել դրանում: 

  Մարդկային հարաբերությունների մեջ բնավորությունը կարևոր դեր է խաղում: Վստահելի ու ազնիվ մարդու հետ ավելի հեշտ է առնչվել, հարաբերություն պահել: Կյանքի փորձ ունեցող ամեն մի մարդ, քիչ թե շատ, արդեն ճանաչում է իր շրջապատին ու մտքում ձևավորված ունի, թե նրանցից ում և ինչ չափով կարող է վստահել: Հաճախ սխալմունքներ էլ են լինում, որոնց  արդյունքում մարդու կյանքի փորձն ավելանում է:

    Իմ կարծիքով, մարդկանց հարաբերությունների խախտման ամենահաճախ պատահող պատճառը նյութական է` կապված ունեցվածքի, փողի ու պարտքի հետ: Այդ հարցը նոր չի  և  լուծումն էլ դժվար թե գտնվի: Հոգեկան հանգստություն պահպանելու համար, ես իմ մտքում մի հասարակ ճշմարտություն եմ ֆիքսել.  եթե ինչ-որ մեկին մի բան սրտանց տալիս ես կամ որևէ լավություն  անում ես, համապատսխան վերաբերմունք երբեք չպետք է պահանջես կամ սպասես: Եթե դինացինը հասկացող ու ազնիվ մարդ է, քո արածը երբեք չի մոռանա: Իսկ եթե հակառակն է` այլևս իմաստ չունի նրան հիշեցնել կամ երեսովը տալ.  այն միայն վատթարացնելու է հարաբերություններդ կամ պղտորելու  է քո հոգեկան վիճակը: 

   Աշխարհի համարյա բոլոր երկրներում  իրավաբանորեն ընդունված օրենք է.  երբ մեկը մյուսին որևէ բան է նվիրում, այլևս այն հետ պահանջելու իրավունքը կորցնում է: Նույնիսկ կենդանիների մոտ էլ այդպես է. մինչ ուտելիք տալը, շունը լեզուն հանած դեմքիդ նայում է խնդրողի տեսքով ու պոչն է շարժում, իսկ իր հասանելիքը ստանալուց հետո, եթե փորձես հետ վերցնել`  իմացիր, որ կծելու է: 

    Ապրենք խաղաղ ու մեկս մյուսին կարողանանք ներել:  Ինչպես Թումանյանն է ասում.

                                                                    "Մենք ամենքըս հյուր ենք կյանքում

                                                                      Մեր ծնընդյան փուչ օրից,

                                                                      Հերթով գալիս, անց ենք կենում

                                                                      Էս անցավոր աշխարհից"

1717
Нет комментариев. Ваш будет первым!
Загрузка...