Կայացավ նկարիչ Վիկտոր Հովհաննիսյանի ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը

Կայացավ նկարիչ Վիկտոր Հովհաննիսյանի ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը

Այսօր Ավ. Իսահակյանի անվան գրադարանում մարդաշատ ու հաճելի մթնոլորտ էր: Առիթը նկարիչ Վիկտոր Հովհաննիսյանի ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսի բացումն ու բանաստեղծ, դրամատուրգ Գուրգեն Միքայելյանի հետ հանդիպումն էր: Երկու փոքրիկ ու համեստ արտաքինի տակ թաքնված անձինք, որոնց իրական մեծությունը տեսանելի է իրենց թողած արվեստի ու գրականության ժառանգության մեջ` գրավիչ ու խորը:
Արմատներով կարնեցի Վիկտոր Հովհաննիսյանը Երևան է եկել Ջավախքից. «1966-ին տեսա Երևանը և ամուր կապվեցի Հայաստանին ու Արարատին»: Խ. Աբովյանի անվան պետական ինստիտուտի գեղագիտության ֆակուլտետն ավարտելուց հետո տասնամյակներ շարունակ նա աշխատել է Հանրային հեռուստաընկերությունում` որպես նկարիչ-ձևավորող: Ինչպես ինքն է խոստովանում, իր գործերը ստեղծելիս ներշնչվել է համաշխարհային և հայ մեծանուն նկարիչներով. «Իմ կտավների մեջ առաջին շերտը Սարյանն է, երկրորդը` ես»:
Միջոցառման հաղորդավարի բնորոշմամբ` խոսքի, երաժշտության և գույների մարդ է Վիկտոր Հովհաննիսյանը, ով ստեղծագործում է երաժշտության ներքո. «Իմ նկարներում երաժշտություն կա, որն արհեստական չէ: Երաժշտությունը, որի ուղեկցությամբ ստեղծագործում եմ, եթե որակյալ է, ինձ պահում է որակյալ մակարդակի վրա, թույլ չի տալիս կեղծ գույներ գործածել, և արդյունքում աշխատանքը կատարյալ է ստացվում»: Արվեստագետի գործերի մեծամասնության մեջ ներկա են կապույտ և կանաչ գույները, որոնք, ինչպես պարզաբանեց նկարիչը, իր համար խորհրդանշում են թարմություն, թեթևություն և օդ, առանց որոնց շնչել հնարավոր չէ: Հովհաննիսյանը կտավներից ու գրաֆիկական աշխատանքներից զատ նկարել-ձևավորել է նաև հայ և համաշխարհային հեղինակների գրքեր, որոնք տպագրվել են կամ սպասում են լույս ընծայմանը:
Ցերեկույթը «համեմված էր» Գուրգեն Միքայելյանի բանաստեղծությունների ասմունքով, Աբովյան քաղաքի էստրադային, ջազային արվեստի ստուդիայի սաների փոքրիկ երգացանկով: Բարեմաղթանքներով ու կարծիքներով հանդիսատեսի հետ կիսվեցին վաստակաշատ մտավորականներ` հեռուստալրագրող Վրեժ Սարուխանյանը, բանաստեղծ, թարգմանիչ Հովհաննես Սարոյանը, դերասան, դրամատուրգ Դերենիկ Մարտիրոսյանը, ՀՀ վաստակավոր նկարիչ Ստեփան Անդրանիկյանը, հրավիրված այլ հյուրեր:

Новость прислал: Marine Qosian

03:11
1858
Нет комментариев. Ваш будет первым!
Загрузка...