Հայացք դեպի իմ գյուղի անցյալը

Առաջաբանի փոխարեն

Ամեն մարդու համար իր հայրենիքը գեղեցիկ ու յուրահատուկ է: Դպրոցն ավարտելու ամռանը, անտառի բացատի կանաչների մեջ նստած, հայացքով շրջում էի հարազատ վայրերով ու զարմանում մեր բնօրրանի անկրկնելի գեղեցկությամբ. փշատերև անտառներով ու փարթամ կանաչով-ծաղիկներով ծածկված սարեր ու ձորեր, սառնորակ զուլալ ջրեր, մաքուր ու ջինջ երկինք, անզուգական առողջարար օդ ու հանգստացնող լռություն: Ափսոսում էի, որ պետք է թողնեմ բոլորն ու հեռանամ: Ափսոսանքը հետագայում վերածվեց կարոտի ու երբեք ինձանից չբաժանվեց: Տարիների հետ այդ զգացումը անշեջ կրակի նման երբեմն բորբոքվում կամ թուլանում էր, բայց երբևէ չմարեց: Ակամայից այն անցել է նաև իմ զավակներին ու դա ինձ զգալի թեթևություն է բերում:

Յուրաքանչյուրս մեր հնարավորությունների սահմաններում ամեն ինչ պետք է անենք հայրենի օջախի հանդեպ մեր սերն ու կապվածությունը պահելու և փոխանցելու մեր սերունդներին: Այդ նպատակին է ծառայում նաև իմ ոչ-մասնագիտական ակտիվությունը այս "Նորշեն" կայքում:

Անդրանիկ Մկրտչի Պողոսյան



Ախալցխան ու նույնանուն շրջանը զբաղեցնում է ներկայիս Վրաստանի Հանրապետության Սամցխե-Ջավախեթի մարզի կենտրոնական մասը և հարևանակցում է Թուրքիային: Այստեղ են խաչվում Աջարիայից` Բաթումով, Քարթլիից` Խաշուրով ու Բորժոմով, Շիրակից` Ախալքալաքով և Արտահանից` Փոցխով գետի հովտով ձգվող հնագույն տարանցիկ ճանապարհները: Աշխարհագրական բարենպաստ դիրքի շնորհիվ այն կարևոր դեր է ունեցել այդ երկրամասում և հաճախակի կռվախնձոր եղել տարբեր ազգերի միջև: Սկզբնաղբյուրային բազմաթիվ վկայությունները և պահպանված մեծաթիվ հուշարձանները փաստում են, որ հայերը, ի թիվս այլ ազգությունների, եղել են նրա նախաբնակներ:
Նախքան ռուսների կողմից Ախալցխայի նվաճումը փաշայության բնակչության թվաքանակը կազմել է 140000 շունչ ազգությամբ` թուրք, աջար, քուրդ, թուրքմեն, հայ, վրացի, հրեա և այլ ազգեր: Բնակչության թվաքանակի ու ազգային կազմի վերաբերյալ 18-րդ դարից ավելի վաղ վկայություններ հայտնի չեն: Ռուսաստանի կայսրությանը միանալուց հետո ծայր է առնում մահմեդական բնակչության արդագաղթ դեպի օսմանյան տերություն: Արդյունքում 1828-1830 թվականներին կտրուկ նվազում է թուրքերի թվաքանակը և 1833թ. փաշայության բնակչությունը կազմում է մոտ 45000:
Ըստ հայտնի տվյալների, 1873 թ. Ախալցխայի նահանգն ուներ 83975 բնակիչ, որից հայեր էին 44415, թուրքեր`28161, հունադավաններ`4678, դոխոբորներ`4395, հրեաներ` 2126 և այլ ազգեր: 90-ամյա ռուսական տիրապետությունից(1828-1918) հետո արդեն Խորհրդային Վրաստանի կազմի (1921թ.) մեջ մտնող Ախալցխայի շրջանը 1922թ. ուներ մոտ 10000 բնակիչ, որից 6900-ը հայ էր, 2170-ը՝ վրացի, 930-ը՝ հրեա, ռուս, հույն և այլ ազգեր: Ըստ 1926թ. մարդահամարի` Ախալցխա գավառում բնակվում էր15565 հայ: Պետք է նշել, որ Վրաստանի քաղաքական գերիշխանության պայմաններում, ժամանակի ընթացքում մեծ թվով հայեր ձուլվեցին վրացիներին, իսկ որոշ մասն էլ թուրքական տիրապետության հաստատումից հետո` բռնի մահմեդականացվեցին:
1829թ. սեպտեմբերի 2-ին կնքվում է Ադրիանապոլիսի ռուս-թուրքական հաշտության պայմանագիրը: Ախալցխան իր մերձակա հողատարածքներով անջատվում է Օսմանյան տերությունից և միացվում Ռուսական կայսրությանը: Նույն պայմանագրով Ռուսաստանը Թուրքիային է վերադարձնում գրաված Ղարս, Բայազետ ու Էրզրում քաղաքները իրենց փաշայություններով հանդերձ:
Ռուսական կայսրությունն իր սահմանները դեպի հարավ ընդարձակելուն զուգահեռ ջանում էր պատերազմների հետևանքով ամայացած նորանվաճ երկրամասերում հաստատել քիչ թե շատ հուսալի ու ստեղծագործ բնակչություն: Սույն ծրագրի շրջանակներում արդեն 18-րդ դարի երկրորդ կեսին ռուսական իշխանությունները քայքայել էին Ղրիմի հայկական հզոր գաղութը և թերակղզու բազմահազար հայերին փոխադրել Դոնի գետաբերանին հարող առափնյա ճահիճները (հետագայում Նոր Նախիջևանն ու հարակից գյուղերը): 17-րդ դարի սկզբին նման ծրագրեր հայերի հանդեպ իրագործել են նաև պարսիկները (Շահ-Աբբաս)։
Ռուս-թուրքական հերթական պատերազմը ռուսներին կանգնեցրել էր ծանոթ կացության առջև. մի կողմից կայսրությանն էր անցել պատերազմի հեևանքով ավերված և մեծ մասամբ փախուստի մատնված բնակչությամբ Ախալցխայի փաշայության ընդարձակ երկրամասը (որը ռուսական իշխանությունները ցանկանում էին բնակեցնել տերության նկատմանբ համակրանք տածող և վստահելի ազգաբնակչությամբ), մյուս կողմից առկա էր օսմանցիներին վերադարձվելիք գավառների հայ բնակչության ընդհանուր անհանգստությունը: Վերջիններս, պատերազմի ընթացքում անխոհեմաբար և բացահայտ կերպով ռուսական կողմն անցնելով, պատերազմի ավարտից հետո պատժի ենթարկվելու կանխատեսումով հակված էին գաղթի` դրանով իսկ պարարտ հող դառնալով ռուսական ծրագրերի իրագործման համար:
Ռուսական կողմն առավելագույնս օգտագործում է օսմանահպատակ քրիստոնյաների կրոնական զգացումները և հասնում իր նպատակներին: 1830թ. մայիսի 15-ին գաղթականների մի մեծ բազմություն Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու առաջնորդությամբ ճանապարհ է ընկնում դեպի ռուսական հպատակություն: Գաղթականների թիվը հասնում էր 14000 ընտանիքի, մոտ 95000 հոգու: Նրանց մեջ էին նաև Կարնո (Էրզրում) նահանգի Թորթոմի գավառի երկու հարեւան Նորշեն(ներկայումս վերանվանված է Կառլի Karli) ու Ռաբատ (ներկայումս՝ Կեմերկայա Kemerkaya) գյուղերից գաղթող ներկայիս Ծղալթբիլա (Նորշեն) գյուղի բնակիչների նախնիները թվով 33-34 ընտանիք: Այդ գյուղերը գտնվում են Էրզրում քաղաքից 45 կմ հյուսիս-արևելք եւ մեր գյուղացիներից ոմանք արդեն մի քանի անգամ այցելել են, ծանոթացել ներկայիս ազգությամբ քուրդ բնակիչների հետ։
Ծղալթբիլայի կենտրոնում բխող հանքային տաք (+29 աստիճան) ջրից աաջացել է նրա անվանումը, որը վրացերեն բառ է և թարգմանաբար նշանակում է տաք ջուր: Գյուղի ու շրջակա մյուս բնակավայրերի բնակչության կողմից առօրյաում ավելի հաճախ օգտագործվում է հին` նախկի գյուղի Նորշեն (Նոշեն) անունը:
Ծղալթբիլան գտնվում է Ախալցխայից 14 կմ հարավ արևմուտք` Փոցխով գետի աջ ափից մոտ 2 կմ հեռավորության ու ծովի մակերևույթից 1240-1350 մ բարձրության վրա, փշատերև գեղեցիկ անտառներով ծածկված սարի ստորոտում և անմիջական սահմանակից է Թուրքիային: Գյուղի կառուցապաատումը բավականաչափ խիտ է և չնայած դրան` հարավ-արևելքից հյուսիս-արևմուտք ուղղությամբ ձգվում է մինչև 2 կմ, իսկ լայնությամբ կազմում է շուրջ մեկ կմ: Թաղամասերն են` Վերին, Միջին, Ներքին, Ռաբատ, Նախրքաշ (Կազարմա), Խաչքար (Ալչլուղ), Նորաշեն: Գյուղի միջով հոսում են երեք գետակներ, որոնք ներքևում միանում ու մի ընդհանուր հունով թափվում են Փոցխով գետը:
Բացի հանքային ջրից ("Ջերմուկի ջուր"), գյուղի արևմտյան մասում կա սպիտակ ալեբաստրի` գաջի (գյուղում անվանում են "ալչի") քարհանք ու գործարան: Ալչին շրջանի գյուղերում օգտագործվում է տան պատերի սվաղելու համար, իսկ հանքաքարի մի մասն էլ մեքենաներով տեղափոխվում Վալե քղաքի գործարան և վերամշակվում: Գյուղն ունի նաև կավհանք ու քարհանք:
Կլիման ցամաքա-չորային է, բավական խստաշունչ ու ձյունաշատ ձմեռով: Ամռանը զով է, հատկապես բարձրադիր մասերում, յայլայում: Գյուղի փշատերև անտառները, մաքուր օդն ու զովությունը ունեն առողջարար ազդեցություն և իրենց են ձգում աշխարհով մեկ սփռված իր նախկին բնակիչներին, նրանց շառավիղներին ու հովեկներին:
Գյուղի բնակլիմայական պայմանները բարենպաստ են գյուղատնտեսության համար, սակայն բարձրադիր տեղակայության պատճառով մերձարևադարձային բույսեր չեն աճում: Գյուղը հարուստ է մրգատու այգիներով (խնձոր, տանձ, սալոր, բալ), լավ բերք են ստացվում ցորենի, գարու, կարտոֆիլի դաշտերից: Մշակվում են նաև բանջարա-բոստանայի կուլտուրաներ (գազար, կաղանբ, լոլիկ, վարունգ, պղպեղ), կան շատ հատապտուղներ (ազնվամորի, հաղարճ): Լավ պայմաններ ու արոտավայրեր կան նաև անասնապահությամբ զբաղվելու համար:
Մինչ 1830 թ. Ծղալթբիլայ տարածքում բնակված ժողվրդի մասին հստակ տեղեկություն չկա: Հաշվի առնելով շրջապատում գտնվող հնությունների մնացորդները, պատմական կցկտուր տեղեկությունները`տեղանքը միշտպես զբաղված է եղել բնակչությամբ: Հավանաբար նրա կազմը ժամանակ առ ժամանակ փոփոխվել է: Այդ են վկայում ամրոցները, քրիստոնեական եկեղեցիների ու բերդերի մնացորդները (ՈԻսկայի,Օրթայ Պատյոնի, Ճառալի), գերեզմանաքարերը, խաչքարերը ու տների շինարարության ժամանակ հայտնաբերված զանազան առարկաներ: Ըստ Վ.Դարբինյանի "Նորշեն-Ծղալթբիլա" գրքում բերված փաստի, Գյուրջիստանի վիլայեթի "մեծ մատյանում" 1595 թ. գրանցման համաձայն Ծղալթբիլա գյուղն ունեցել է 17 ընտանիք, բոլորը հայեր, որոնց հարկը կազմել է 12 հազար լիրա: Հայտնի է նաև, որ մինչ 1828-1830թթ. ռուս-թուրքական պատերազմը գյուղի բնակիչները եղել են թուրքեր, որոնցից 2-3 ըմտանիք մնացել են այնտեղ մինչև 1944թ. նրանց աքսորումը:
Ինչպես վերևում նշվեց, 1830 թ. մայիսի 15-ին Կարապետ սրբազանի ու կաթոլիկ թեմի առաջնորդ Եփրեմ Սեթյանի գլխավորած քարավանի կազմում, հովվապետ Տեր-Սիմոն Դիլանյանի առաջնորդած Նորշենի ու Ռապատի կաթոլիկ կրոնը դավանող 33-34 ընտանիք ուղևորվում են դեպի նախորդ աշնանը Նորշենի հոգևոր հայրերի կողմից ընտրված Ծղալթբիլա բնակավայրը: Մեծ դժվարություններ հաղթահարելով, գաղթականների սայլերի քարավանը օգոստոսին հասնում է ներկայիս Կարախտին կոչվող վայրը, որտեղ համապատասխան բուժզննություն ու ձևակերպումներ անելուց հետո, թույլատրում են սահմանն անցնել (Կարախտին անունը աղավաղված ռուսական "կարանտին" բառից է առաջացել ): Նոր բնակավայր հասնում են սեպտեմբերի երրորդ շաբաթվա վերջը:
Էրզրումի Նորշեն գյուղից գաղթել են. Տերտերանք (Սիմոնյաններ, Նազարեթյաններ), Յորենք (Բաբաջանյաններ, Հովհաննիսյաններ, Աղաջանյաններ, Սաղոյաններ), Քոսենք (Քոսյաններ, Հակոբյաններ), Էղզարենք(Դիլանյաններ), Մոսկենք, Մոսոները, Աղամենք, Խաչոները, Այվազները, Գոգորները (Անենք, Փիլոյենք,Աղաբաբենք,Կարապետյաններ, Մկրտչյաններ), Մեքսեթները, Օսկանները, Շիրխանենք, Վարդանները, Պողոսենք (Աբելյաններ, Սահարենք), Էրոյենք, Օվանները (Վահանյաններ, Գասպարյաններ, Մելքոնյաններ), Նասխաթները (Հարությունյաններ), Օքոնենք (Ափարանենք, Սերոբյաններ), Ալբերտները, Կիգոները (Մկրտչյաններ), Պիճոյենք, Մուկուլենք (Կարապետյաններ), Նապետենք, ՈՒղուզենք (Պետրոսյաններ), Նիկոյենք (Մկրտչյաններ), Աբգարները, Դարբնենք (Կարոյենք), Ղուրմիկենք (Մկրտչյաններ, Ղուրմիկյաններ), Ագեյենք, Փոռթոյենք,Ալմասենք:
Ռաբատից գաղթել են Տեր-Պողսները (Շաղգմենք, Տեր-Պողոսյաններ, Պողոսյաններ) և Ավտիսները( հավանաբար այդ պատճառով էլ տեղավորվել են նույն թաղում ու անվանել "Ռապատ"):
Հետագայում այլ տեղերից Ծղալթբիլա են տեղափոխվել նաև Դավիթենք(Նեոխրեբից), Աբրամենք(Քութաիսից 1860թ.), Միքայելյանները(Ղարսից), Արեգակյանները(Ղարսից 1915-1921 թթ.):
Ըստ որոշ տվյալների Էրզրումի Նորշեն ու Ռապատ գյուղերից ևս 22 ընտանիք գաղթել են Խարկով, Ախալքալաք, Արթիկ և այլ տեղեր: Սովետական տարիներին, կարտոֆիլ ծախելիս, Ծղալթբիլայի մի քանի բնակիչ Խարկով քաղաքում հյուր են եղել կամ հանդիպել Էրզրումի Նորշեն ու Ռապատ գյուղերից գաղթած Տեր-Պողսյանների, Դարբինյանների, Քոսյանների, Գոգորյանների ու Կիկոյանների ժառանգների հետ:
Գաղթելուն ու նոր տեղում ամրանալուն տրամադրած ռուսական կայսրություն օգնությունը, հարկերից մի քանի տարով ազատելը բավարար չեն եղել և ժողովուրդը մեծ դժվարություններով է հարմարվել նոր բնակատեղին, զրկանքներով գոյատևել ու կարողացել ոտքի կանգնել: Ըստ վիճակագրական տվյալների, 1884թ. գյուղն արդեն ունեցել է 675 բնակիչ, 1913թ. - 105 տուն և 1520 բնաակիչ, 1989թ. - 632 տուն և 1942 բնակիչ: Այնուհետև միգրացիայի հետ կապված բնակչության թիվը գյուղում գնալով պակասել է:
Ինչպես ամեն մի գաղթական հայ խմբավորում, Ծղալթբիլացիները նույնպես նոր բնակատեղում կենսական պայմանները քիչ թե շատ կարգի բերելուց հետո, ձեռնամուխ են եղել իրենց հոգևոր կարիքներն ապահովելու գործին: Մինչև եկեղեցու կառուցումը այդ նպատակին ծառայել է Գոքորների հին տունը: Սուրբ Փրկիչ եկեղեցու նախնական շենքը կառուցվել է հասարակության ծախսով1849 թ., սակայն 1886 թ. հիմնովին վերակառուցվել է: 1938 թ. եկեղեցին փակվել է, վերածվել ակումբի, այնուհետև` կոլտնտեսության պահեստի:

Գյուղի Սուրբ Փրկիչ եկեղեցին ժողովրդին է վերադարձվել 1984 թ. և սկզբնական շրջանում տնօրինվել է հավատացյալների, այնուհետև ՝ ժամանակավոր գործող հոգևորականների կողմից։ 1990 թ. վերաբացված Սուրբ Փրկիչ եկեղեցու մշտական հովվապետ է նշանակվել Վարդապետ Հայր Անատոլին։ Նրա ամուր կամքի ու մեծ ջանքերի շնորհիվ հաջողվել է վերանորոգել ու վերակահավորել եկեղեցին, հավատացյալների մոտ վերստին արմատավորել սովետական տարիներին արդեն մոռացված կրոնական վարվեցողության ու ծիսակատարությունների կարգերը, կազմավորել ու պահել պատարագի երգեցիկ խումբը, մարդկանց գիտակցության մեջ վերականգնել հավատքի ու եկեղեցու դերն ու նշանակությունը։

Շատ գնահատելի է նաև Հայր Անատոլիի կատարած հետևողական մեծ աշխատանքը արտերկրից գյուղ եկող, մեր համագյուղացիների սերունդները հանդիսացող երեխաների շրջապատում։ Նրա կողմից դպրոցական արձակուրդներին կազմակերպվող կրոնական ուսուցումը հայկական ու ռուսական երկլեզու խմբերում պահպանում է մեր սփռված ժողովրդի հավատքն ու ամրացնում նրանց կապը գյուղի հետ։

Չնայած բնակչության մեջ ոչ բոլորի կողմից է ընդունվում Հայր Անատոլիի խստությունն ու հետևողականությունը, սակայն պետք է արդարությունը պահպանել և ըստ արժանավույնի գնահատել նրա կատարած մեծ աշխատանքն ու գործունեության դրական արդյունքները գյուղի ժողովրդի կրոնական վերադաստիարակության գործում։
Սբ. Փրկիչ եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնական բարձրադիր մասում, կառուցված է սրբատաշ քարերով, ունի ընդարձակ չափեր(22,46x12,35 մ), բարձր գմբեթ ու զանգակատուն, զույգ մուտքեր(արևմուտքից ու հարավից), առատ լուսավորություն ու լավ ձայնարձագանքում:
Գյուղի գաղթականության առաջնորդն ու առաջին հոգևոր հովիվը նոր բնակատեղում եղել է Սիմոն Դիլանյանը(ծնվ.1792թ.): Վախճանվել է 1862թ. և ամփոփվել Շիրխանենց տան մոտ գտնվող աղոթարանի բակում: 1980 թ. նրա գերեզմանի վրա ժառանգների միջոցներով կառուցվել է դամբարան:
Եկեղեցու հոգևոր հայրեր են եղել Հակոբ Քոսյանը (ծնվել ու քահանա է ձեռնադրվել Էրզրում, վախճանվել 1838 թ.), Տեր-Պողոս վարդապետ Տեր-Պողոսյանը(1818-1878), Մկրտիչ Տեր-Սիմոնյանց(1825-1884), Նազարեթ Տեր-Պողոսյան(1835-1888), Պողոս վարդապետ Տեր-Հակոբյան(1834-1905), Պողոս Խաչատրյան(1854-1924), Բագրատ Տեր-Սիմոնյանց(1873-1937, ստալինյան բռնատիրության զոհ), Քերոբ վարդապետ Տեր-Պողոսյան(1875-1938, ստալինյան բռնատիրության զոհ), Հովհաննես Հակոբյան(1878-1956), Սիմոն Խաչատրյան(1882-1953), Անատոլի վարդապետ Իվանյուկ (ծնվել է 1958թ, ՈՒկրանիայում, 1990 թվականից առ այսօր հովվում է Սբ. Փրկիչ եկեղեցում): Քերոբ վարդապետ Տեր-Պողոսյանը Մարտորոս Ալմասյանի(1859-1926) հետ միասին 1917-1918թթ. մեծ դեր են կատարել Ծղալթբիլա և հարակից գյուղերի բնակչությանը թուրքական կոտորածից զերծ պահելու գործում:
Նոր բնակավայրում հոգևոր կյանքին հետ զուգընթաց կարևոր ուշադրության են արժանացել նաև ուսման հարցերը: Այդ գործում մեծ ավանդ ունի Տեր-Պողոս վարդապետ Տեր-Պողոսյանը: Նա առաջինն է հանձն առել գյուղի մանուկների գրել-կարդալ սովորեցնելը(կրոն և աղոթքներ): Եկեղեցում գործող ծխական վարժարանում սովորել են 12 պատանիներ, որոնք հետագայում դառնալու էին տիրացուներ: 1888 թ. եկեղեցուն կից ջուլղայացիների հետ համատեղ կառուցել են ձմեռային դպրոց (եկեղեցին ու գերեզմանոցը նույնպես եղել են ընդհանուր), որտեղ սովորել են երկու գյուղերի երեխաները: 1915-1916թթ. վարժարանը գործել է գյուղապետ Շիրխան Շիրխանյանի տանը և սովորողների թիվը հասնում է 40-ի, սերտել են Աստվածաշունչը և աղոթքներ: 1920-21թթ. գյուղի ծխական վարժապետ են եղել տիրացու Մկրտիչ Խաչատրյանը, Պետրոս Ժամկոչյանը:
1921թ. նորաստեղծ Խորհրդային կառավարության որոշմամբ գյուղում բացվում է տարրական դպրոց և ուսուցիչ է նշանակվում Սուխլիս գյուղից Պետրոս Հարութունյանը, որը ունեցել է գիմազիայի կրթություն: 1921-1922թթ. ուսմնական տարում դպրոցն սկսել է 4 աշակերտով, սակայն հունվարին նրանց թիվը հասել է 20-ի: Այնուհետև 1922-1923թթ. դպրոցում դասատու է նշանակվում Հովսեփ Հակոբյանը:
1926թ. գյուղում գործել է 4-ամյա տարրական, ինչպես նաև գյուղերիտ դպրոց, որի վարիչն է եղել Արշակ Գրիգորյանը: Հաջորդ տարիներին տարրական ու գյուղերիդ դպրոցներն առանձնանում են, յուրաքանչյուրն ունենում է 5-7 դասարան և ղեկավարում են Հովսեփ Հակոբյանն ու Ազատ Քյուրքչյանը: 1931թ. դպրոցը դառնում է 7-ամյա և ղեկավար նշանակվում Կարապետ Գյուլբեկյանը Ախալցխայից: Այդ տարիներին դասատու են եղել Պողոս ու Մեխակ Հակոբյանները, Գևորգ Էլբակյանը: 1933-1934թթ. դպրոցի տնօրենն եղել է Պավել Արսենի Պետրոսյանը Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքից:
1936-1937թթ. գյուղի դպրոցն ունեցել է 300 աշակերտ ու 15 դասատու: 1936թ. տնօրեն է նշանակվել Մամիկոն Ալբերտյանը Ախալցխայից, իսկ 1937թ. բացվել է 8-րդ դասարան ու դպրոցի նոր տնօրեն դարձել Արտաշես Համբարձումի Պետրոսյանը: 1938թ. դպրոցը դառնում է 10-ամյա և այնուհետև տնօրեն դառնում Հայկ Սարգսյանը: Այն իր առաջին շրջանավարտները տալիս է 1940թ.: Հաջորդող տարիներին դպրոցի տնօրեններ են եղել Երվանդ Խաչատուրի Սիմոնյանը Սազել գյուղից (1943թ.), Սարգիս Գոգորյանյ (1946թ.), Հովհաննես Վահանյանը (1947 թվից մինչև 1974թ.), Վահան Հակոբյանը(1974թ.), Սարգիս Փանչոյանը (1985թ.), Սեդա Հարությունյանը Ախալցխայից (1982թ.), Խաչատուր Մոսոյանը(1996թ.): Ներսես Մոսոյանը (2000թ.), 2012թ. առ այսօր գյուղի դպրոցի տնօրենը Սվետլանա Նահապետյանն է:
1976թ. դպրոցը տեղափոխվում է նոր կառուցված եռհարկանի շենքը: Այդ տարիների դպրոցը տալիս էր 2- 3 դասարան շրջանավարտներ, աշակերտների թիվն անցնում էր հազարից (1976-1980 թթ.): Մեծ թափ էր ստացել Հայաստան և Ռուսաստանի զանազան քաղաքներ սովորելու գնալու 1950-ական թվականներից սկսված շարժումը և դարձել համարյա մասսայական: Սակայն ցավոք, վերջին 2 տասնամյակներում, հատկապես խորհրդային կարգերի փլուզումից հետո, դպրոցի աշակերտների թիվը աստիճանաբար պակասեց և ներկայացնում է հետևյալ պատկերը. 1985 թ. դպրոցն ուներ 60 ուսուցիչ և 600 աշակերտ, 1989 թ.` 377 աշակերտ, 1994 թ.` 299 , 2000-ին` 163, 2005-ին` 96, իսկ ներկայումս դպրոցի շրջանավարտները ընդամենը 5-10 աշակերտ են կազմում:
Ծղալթբիլայի միջնակարգ դպրոցում դասավանդել են Հայաստանի գրողների միության անդամներ Հրայր Կարապետյանը, Արշալույս Խաչատրյանը, բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսորներ Հովհաննես Ղանալանյանը, Պիոն Հովսեփի Հակոբյանը, Պողոս Մկրտչի Խաչատրյանը և այլ հայտնի ու նշանավոր անձիք:
Ծղալթբիլայի դպրոցի սաներն են եղել Մխիթարյան միաբանության անդամներ Պետրոս Ստեփանի Տեր-Պողոսյանը(Վիեննա) և հայր Վահան Հովհաննիսյանը(Վենետիկիկ), գիտության ու տեխնիկայի տարբեր բնագավառների մեծ թվով գիտությունների դոկտորներ ու թեկնածուներ, պետական-հասարակական գործիչներ ու բարձր դիրք գրավող պաշտոնյաներ, դիվանագետներ, պետական ուսումնական հաստատությունների ու հիմնարկների ղեկավարներ, բարձրաստիճան զինվորականներ ու ներքին գործերի աշխատակիցներ, կոնսերվատորիան ավարտած հանրահայտ երգիչներ, վաստակավոր դերասաններ, հայտնի նկարիչներ, ճանաչված լրագրողներ, հանբավ ունեցող մեծ թվով բժիշկներ, ինժեներներ, իրավաբաններ, գրականագետներ, պատմաբաններ, լեզվաբաններ, ուսուցիչներ, գյուղատնտեսներ, անասնաբույժներ, տնտեսագետներ և այլ մասնագետներ ու բավական մեծ թվով հաջողակ գործարարներ:
Նախախորհրդային շրջանում գյուղը ղեկավարել են գյուղապետները (Գրիգոր Պետրոսի Շիրխանյան(1894թ.), Շիրխան Գրիգորի Շիրխանյանը(1908թ.-ից 1917թ.), Մարտիրոս Հովհաննեսի Ալմասյանը(1917թ.-ից 1920թ.): Խորհրդային կարգերի հաստատումից հետո, 1931թ. կամավորության սկզբունքով կազմավորվում է կոլտնտեսությունը, որի առաջին նախագահ է նշանակվել Պետրոս Ոսկանյանը, իսկ գյուղխորհրդի նախագահ` Լևոն Հովհաննեսի Մաթևոսյանը: Սկզբում քչերն են մտել նորաստեղծ հանրային տնտեսություն, սակայն 1934-1937թթ. այն դարձել է մասսայական: Գյուղատնտեսական աշխատանքները կատարելու համար 1937թ. գյուղին հատկացվել է առաջին տրակտորը( տրակտորիստ Մանաս Լևոնի Մաթևոսյան), իսկ պատերազմից հետո 1945թ.` առաջին բեռնատար ավտոմեքենան (վարորդ Իսպիր Ոսկանյան):
1937թ. շահագործման է հանձնվել հիվանդանոցի շենքը (առաջին բժիշկ ՈՒնանով), որն ունեցել է 15-22 մահճակալ, դեղատուն ու մշտական գործող փորձառու անձնակազմ: Այն մեծ դեր է խաղացել բնակչության առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման ու ծննդօգնության գործում: 1976թ. հիվանդանոցը լուծարվում է և դառնում միջգյուղային ամբուլատորիա, իսկ 1999թ.` սեփականաշնորհվում (բժիշկ Վահան Արտուշի Վահանյան):
Նախկինում գյուղն ունեցել է 7 ջրաղաց, 2 դարբնոց, 2 ձիթհան (ձիթանք), "Ջերմուկի" ջուրն օգտագործող բաղնիք, հացի փուռ (1934թ.): Վերջինները գործում են մինչև հիմա: 1939թ. կազմակերպվել է գյուղկոպ (սելփո): Հետագա տարիներին բացվում են 1-2 խանութներ:
1948-50թթ. գյուղը ռադիոֆիկացվեց, տներում տեղդրվեցին սև գույնի մեծ ափսեաձև ռադիոներ, իսկ 1954 թվականից սկսվեց էլեկտրիֆիկացումը: 1956թ. կառուցվեց էլեկտրաղաց ու սղոցարան, գյուղտնտեսական աշխատանքներում սկսվեց օգտագործվել էլետրականությունը (ցորենի զզտման, սիլոսի պատրաստման, ոչխարների խուզի և այլ բնագավառներում), տներում հայտնվեցին ռադիոընդունիչ, ձայնագրիչ, հեռուստացույց (1966թ.):
Գյուղի արևմտյան եզրին տեղակայված էր Խորհրդային սահմանապահների ուղեկալներից մեկը (դրա պատճառով գյուղի այդ թաղամասը կոչվում է "Կազարմա"): Այն առանձնացված էր քարից պարիսպով և մուտքին կանգնած էր լինում ժամապահ: 1950 թ. նշված ուղեկալով ու գյուղի անմիջական հարևանությանբ անցկացվեց փշալարերով պատված, կտրվածքում լատինական W տառը հիշեցնող, կողքից ուղեկցվող հողի փխրեցված բավական լայն շերտով, սահմանային երկրորդ պաշտպանական գիծը: Պետական փաստացի սահմանին ավելի մոտ գտնվող առաջին համանման գիծն արդեն բավական դժվարություններ էր առաջացնում կոլտնտեսության դաշտային աշխատանքների համար, որոնք գտնվում էին այդ գծից ներս: Պետք էր լինում ամեն անգամ անցագիր հանել գծը անցնելու համար ու թույլադրվում էր այնտեղ մնալ մինչև երեկոյան ժամի 7-ը:
Նոր անցկացված գիծը շատ ավելի դժվարացրեց ամեն ինչ: Այն ուներ միայն երկու մուտք. մեկը ուղեկալի առջևից անցնող գյուղի ճանապարհի վրա էր, իսկ մյուսը` հաջորդ ուղեկալի մոտ, յայլայից վերև, Ջառալի ձոր գնացող ճանապարհի վրա: Գյուղի դաշտերի, անտառի մեծ մասը ու գյուղի անասունների համար ձմեռանոց ծառայող նախկին Ջառալ թուրքական գյուղը մնացել էին այդ գծի ներսում: Գիծը ավելի վերև անցնում էր գյուղի յայլայի անմիջական հարևանությամբ ու բավական մեծ դժվարություններ պատճառում նաև անասունների արաոտավայրերի ու խոտ ամբարելու հարցերում: Պատկերացում ունենալու համար բերեմ միայն մեկ օրինակ իմ մանկության հիշողություններից. յայլայի օջախի փայտ բերելու համար, մայրիկիս հետ ոտքով բարձրանում էինք մինչև նկարագրված վերևի ուղեկալ, անցաթուղթ ստանալուց հետո գիծն անցնում ու ներսի կողմից իջնում էինք մինչև մեր յայլայի կողքին գտնվող Շաչաղներ կոչվող անտառամաս, փայտ հավաքում, շալակում և նույն կերպով վերադառնում յայլա:
Գյուղացիների համար բարեբախտություն էր, երբ Ստալինի մահից հետո այդ գիծը քանդվեց, վերացվեց: Նրա պատճառով անտառի հատված շերտը մինչև հիմա նկատելի է:
Գյուղի բնակչության հիմնական զբաղմունքը երկար ժամանակ եղել է գյուղատնտեսությունն ու անասնապահությունը: Նախախորհրդային տարիներին բնակիչները ապրուստի միջոցները ապահովել են գյուղի հնարավորություններով. դաշտերում ցանել են ցորեն, գարի, եգիպտացորեն, պահել կովեր, գոմեշներ (մատակ), ոչխարներ, այծեր, հավեր: Անասուններին ամռան ամիսներին տեղափոխել են սարի յայլաներ (սկզբում յայլան եղել է ավելի վերևում` Հին յայլեն, հետագայում տեղափոխվել է ներկայիս տեղը), պահեստավորել կարագ, պանիր:
Առանձին դեպքերում օգտվել են նաև առևտրի միջոցներից: Գաջի հանքաքարը սայլերով տարել են Աբասթուման ծախելու, մթերքների ու զանազան ապրանքների փոխանակություն կատարել թուրքերի հետ: 1930-ական թվականներին, չնայած սահմանների հսկողությանը, գյուղացիներից ոմանք, խախտելով սահմանային կարգը, գաղտնի հասել են թուրքիայի մոտակա քաղաքներ (հիմնականում` Արդահան), առևտուր արել ու վերադարձել: Նրանցից 2 հոգի սահմանն անցնելիս, սահմանապահների կողմից հայտնաբերվել ու սպանվել են:
Խորհրդային տարիների մինչև 50-ական թվականները գյուղի ժողովուրդը իր ապրուստը արդեն հայթայթում էր կոլտնտեսության ու տնամերձ հողամասերից ստացված բերքի, ինչպես նաև կոլխոզի ու խորհրդային օրենքով թույլադրված սահմանափակ թվով (1-2 խոշորեղջրավոր ու 4-5 մանր եղջրավոր) սեփական անասուններից ստցված կաթնամթերքի միջոցով: ՈՒնեցած գյուղատնտեսական ապրանքները (հիմնականում կարտոֆիլ ու խնձոր) սովորաբար գնացքներով տանում էին Խորհրդային Միության զանազան քաղաքներ վաճառելու և վաստակած փողով տան համար անհրաժեշտ գնումներ անում:
1950-ական թվականներից հետո գյուղում տարածում է ստանում արտագնա աշխատանքը Խորհրդային Միության հեռավոր քաղաքներ ("խոպան"): Այն իր դրական դերն է ունեցել գյուղի սոցիալական վիճակի բարելավման գործում: Այդ տարիներին արդեն սկսվեց հին, իրար կպած, հողածածկ տների քանդումը և ժամանակակից, 1-2 հարկանի տների կառուցումը: Շինարարության մեջ սկսվեց օգտագործվել Հայաստանի տուֆը, տանիքը ծածկելու համար՝ շիֆեր, մետաղյա թիթեղ: Գյուղը բավական ընդարձակվեց ու ընդհանուր տեսքը նկատելի բարելավվեց:
Ծղալթբիլա գյուղի բնակչությունը ունի յուրահատուկ բարբառ: Խորհրդային տարիներին Հայաստանի հետ շփումների հաճախացման արդյունքում տեղի բարբառը գուցե որոշ փոփոխության ենթարկվել է, սկայն հիմնականում պահպանվում է: Այն ունի յուրահատուկ առոգանություն, բառերի ձևափոխություն ու հաճախ օգտագործվող թուրքական բառարմատներ ու բառակապակցություններ: Անծանոթ մարդու համար այն բավական դժվարըմբռնելի ու տարօրինակ է թվում:
Յուրահատուկ ձևով են նշվուն գյուղում շատ մասսայականություն վայելող կրոնական տոները. Ջրորհնեքը, Բարեկենդանը, Վարդավառը(Հայֆանա), Զատիկը, Աստվածածինը: Հատկապես մեծ շուքով են անցնում նշված վերջին երկուսը, որոնց ընթացքում տարբեր տեղերում բնակություն հաստատած և հնարավորություն ունեցող համարյա բոլոր նախկին բնակիչներն ու նրանց ժառանգները հավաքվում են գյուղում:
Զատիկի տոնից առաջ ընտանիքներում մեծերն արդեն սկսում են ձու տնտեսել, կանայք հերթի են կանգնում փուռ ունեցողների մոտ թխելու գյուղի յուրահատուկ գաթան, փոքրերը նախապատրաստում են կռվացնելու իրենց "ղօչ" ձվերը: Տոնը սկսվում է կիրակի առավոտյան եկեղեցում մատուցվող պատարագով, որին մասնակցում են համարյա բոլորը: Այնուհետև հավաքվում են գյուղի կենտրոնում, սկսում ուրախ կատակներով ձու կռվացնելու արարողությունը: Կեսօրին մոտ բոլորը տեղափոխվում եմ ըմբշամարտի հրապարակ ("գյուլաշի կալ"): Նախկինում այն եղել է Պիճոյենց, Ադամենց, Ափարանենց, ՈՒղուզենց կալերը, 1954-58թթ.` բաղնիքի հրապարակը, 1959 թվականից` Ճոճեր հանդամասը, իսկ վերջի մի քանի տարին` Ներքին գոմերի տեղում հարթեցված հրապարակը:
Ծղալթբիլան ավանդաբար միշտ զատիկի տոնի կենտրոնատեղի է եղել շրջակա գյուղերի համար: Յուրահատուկ նվագի տակ ըմբշամարտը սկսում են փոքրերը: Բազմությունն ավելանալուն հետ, հրապարակ են մտնում արդեն մեծերը, աշխույժությունը գնալով ավելանում է, ուրախ բացականչությունները, կշտանմբաանքները մասնակիցների ու դատավորների հանդեպ ավելի հաճախակի են դառնում: Այդ օրվա գյուլաշը վերջանում է արևի մայրամուտին մոտ ու ժողվուրդը քննարկելով հետաքրքիր պահերը` վերադառնում է տուն: Հաջորդ առավոտյան, ժողովուրդը Վարդպետի գլխավորությամբ այցելում է գերեզմանոց, աղոթում, որից հետո "գյուլաշը" նորից վերսկսվում է նույն հրապարակում։ Պայքարը առանձին "փայլվանների" ու գյուղերի միջև իր գագաթնակետին է հասնում երրորդ օրվա վերջին: Երբեմն այն վերջանում է բավական լուրջ վեճերով ու կռվով:
Զատիկի գյուլաշը առիթ է ծառայել գոտեմարտի զարգացմանն ու մասսայականությանը և գյուղն ունի բավական թվով սպորտի վարպետներ այդ մարզաձևում:
Աստվածածնի տոնակատարությունը նույնպես շատ բազմամարդ ու խանդավառ է անցնում: Տոնի նախորդ օրը ժողվուրդը, բեռնավորված ուտելիքներով ու խմիչքով, բարձրանում է յայլան: Գիշերն անցկացնում են յայլայի հարազատների տներում կամ խմբերով բացօդյա, շրջակա անտառներում, կրակի մոտ: Հաջորդ օրը հավաքվում են որևէ հարմար կանաչ տեղում (սովորաբար Դուզի պռունգը), նվագի տակ որոշ ժամանակ պարում, ուրախանում, այնուհետև մի մասը վերադառնում է իրենց խմբերը քեֆը շարունակելու, մյուսներն էլ շարունակում պարել, ուրախանալ: ՈՒշ երեկոյան, լավ տրամադրությամբ, զրուցելով մարդիկ վերադառնում են գյուղ:
Նախկինում գյուղն ուներ նաև իր ավանդական դարձած կնունքի, նշանի ու հարսանյաց ծիսակատարությունները: Հատկապես յուրահատուկ էին հարսանիքի ընթացքը, նվագն ու պարերը (ուտի-դուտի, թարաքամա, ղալամդարի, ետու-առաջ), մատուցվող ճաշատեսակները (հասութա, յայնի, տապկած սըրմ, գյուղի գաթա):
Հարսանիքը տևում էր երեք օր, կատարվում էին խստորեն պահպանվող արարողություններ. "հարսին առաջ բերել", "շեյ ճվալ", պարի ժամանակ նվագը "կտրել", որոշակի ժամին դուրս գալ պարելու գյուղի հավաքված ժողովրդի մասնակցությամբ և այլն: Հարսն ամեն անգամ պարելուց առաջ պարտավոր էր բոլոր մեծահասակների, հարգարժան մասնակիցների ու քավորի ձեռքերը հանբուրել:
Հնում գյուղում շատ տարածված էր փոխօգնությունը("մաճի")` հատկապես տուն կառուցելիս, դաշտերը մշակելիս, ցորենը կալսելիս, խսիր գործելիս և այլ աշխատանքների ժամանկ:
Գյուղի պատմության մեջ հայտնի են մի շարք ճակատագրական իրադարձություններ ու դեպքեր: Չնայած գյուղը արդեն Ռուսաստանոի հպատակության տակ էր, բայց թուրքական սպառնալիքը իրեն միշտ զգացնել է տվել: Այն ժամանակ Ծղալթբիլան երեք կողմից շրջապատված լինելով թուրքական գյուղերով, հայկական գյուղերից ամենածանր իրավիճակումն էր գտնվում:
1916 թ. մայիսին գյուղում լուր է տարածվում, որ թուրք բեկերից մեկը իր ազգականներով եկել ու վարում է Ծղալթբիլայի ՈՒսկա տեղամասի հողերը: Անմիջապես դեպքի վայր են հասնում գյուղացիները Շիրխան Շիրխանյանի ու Հովհաննես Խաչատրյանի գլխավորությամբ, հարձակվում, հրացանով կրակում ու ոտքից ծանր վիրավորում բեկին։ Ձեռքներին եղած գյուղատնտեսական գործիքներով ծեծում ու խուճապի են մատնում թուրքերին, վռնդում գյուղի սահմաններից դուրս:
1918թ. օգտվելով այն հանգամանքից, որ ռուսական զորքերը դուրս են գալիս Ախալցխայից, թուրքերը ցանկանում են նախկին ռուսական գնդի բազայի վրա կազմակերպել թուրքական զորամաս: Սակայ Ախալցխայի բնակչության կողմից մերժվելով, նրանք իրենց զորամասը կազմակերպում են Աբասթումանում: Վտանգ կար նաև թուրքական կանոնավոր բանակների մուտքը Անդրկովկաս: Օգտվելով առիթից` շրջակա թուրքական գյուղերից սկսում են նորից ավազակային հարձակումներ կատարել, որոնց ընթացքում թուրքերի կողմից սպանվում են իրենց անասուններն արածացնող Ծղալթբիլացի Յորենց ազգից երկու պատանիներ` Մաթեն ու Գիգոլը, մի այլ դեպքում` Աբգարյան Քերոբը: Այդ պայմաններում Ախալցխայի գյուղերում ստիպված ստեղծվում են ինքնապաշտպանական ջոկատներ:
1918 թ. ապրիլին թուրք ավազակների մի ստվար ջոկատ դարձյալ փորձել է քշել գյուղի նախիրը, սակայն գյուղացիները ժամանաակին հասել են, հարձակվել նրանց վրա Պատելայի կամրջի մոտ ու կատաղի կռվից հետո` նրանց մատնել փախուստի:
Թուրքերը դիմել են նաև զանազան սպառնալիքների ու պրովակացիաների: Հայտնի է Պատելայի Սերվեր-բեկի գրությունը Տեր-Քերոբ վարդապետ Տեր-Պողոսյանին. "Արժանապատիվ հայր, խղճացեք Ձեր ժողվրդին և ձեր որդկերանց: Եկեք կամովին անձնատուր եղեք մեզ: Դուք մի կարծեք, որ մենք մենակ ենք, մեզ մոտ կան տաճիկ (թուրք) սպաներ և զինվորներ: բացի այդ, մեր մարդիկ, 17-45 տարեկան, զինված են: Եթե չհամաձայնեք ժամանակին անձնատուր լինել, միևնույն է, ձեր բանը շատ վատ կլինի: Նշանակեցեք 4 մարդ, թող առանց զենքի գան Պատելայի կամուրջի վրա բանակցելու, չէ` ձեր բանը վատ կլինի":
1918 թ. ամռանը Ախալցխայի ու Ախալքալաքի շրջանների հայ բնակչությունը մի քանի ամիս գտնվում է կոտորվելու վտանգի առջև: Թուրքական երկու կանոնավոր բանակ շարժվում են դեպի այդ երկու գավառներ: Ախալցխայի գավառ է շարժվում Բեքիր փաշայի բանակը և պահը դառնում է օրհասական: Այս տեղեկությունը Տեր-Քերոբ վարդապետին է փոխանցում Ախալցխայի ազգային խորհրդի նախագահ Զորի Զորյանը ու հանձնարարում. "Ցուցաբերել մաքսիմում սառնասրտություն և զգուշություն, ամեն կերպ ձգտել` կասեցնելու բանակի առաջացումը և մուտքը գյուղեր...":
Տեսնելով, որ գյուղերի կամավորական ջոկատների ուժերով հնարավոր չի դիմակայել թուրքական կանոնավոր բանակին, Տեր-Քերոբը Ծղալթբիլայի գյուղապետ Մարտիրոս Ալմասյանի (Ալմասի Մատո) հետ որոշում են թաքցնել գյուղի աղջիկներին, երիտասարդ կանանց, երեխաներին ու գնալ բանակցության: Թուրք հրամանատարն ընդունում է նրանց, լսում և համաձայնվում առաջարկված հյուրասիրությանն ու բանակցություններին, որի ընթացքում, Մատոն Պոլսի բարբառով թարգմանում է Տեր-Քերոբի ասածները: Բեքիր փաշային հետքրքրում է նրա վարժ թուրքերենը և հարցնում է ով լինելը: Մադոն համեստորեն պատմում է, որ երիտասարդ հասակում մոտ 10 տարի ապրել ու խոհարարություն է արել Պոլսի ծովափին ապրող մի թուրք ընտանիքում: Փաշան շատ ուշադիր լսում է ու հարցնում տանտիրոջ զավակի անունը և համոզվելով, որ հենց իրենց տանն է աշխատել Մադոն` բարձրանում տեղից, գրկում, համբուրում է նրան ու ասում. "Իմացիր, որ դու իմ եղբայրն ես...":
Չնայած հարևան թուրքական Ճառալ գյուղի ներկայացուցիչները համոզում են Բեքիր փաշային հաշվեհարդար տեսնել հայկական գյուղերի բնակչության նկատմանբ ու կեղծ փաստարկներ են ներկայացնում, բայց նա` հանդիմանելով Ճառալցիներին, դուրս է հրավիրում բանակցության սենյակից ու համբերատար լսում Տեր-Քերոբին:
Բեքիր փաշայի բանակը չի մտնում Ախալցխայի գավառի գյուղերը: Նրանց հայ ու վրացի բնակչությունը փրկվում է թուրքական բանակի անխուսափելի թալանից ու կոտորածից, որից չեն կարողանում խույս տալ թուրքական բանակի հարվածի տակ ընկած Ախալքալաքի ժողովուրդը։
Ծղալթբիլայի բնակիչները զերծ չեն մնացել նաև ստալինյան բռնատիրության հալածանքներից ու երկրորդ աշխարհամարտի արհավիրքներից:
1936-42թթ. քաղաքական հանցագործությունների շինծու մեղադրանքով գյուղից 18 հոգի ձերբակալվել ու դատապարտվել են, որոնցից 13-ը այլևս չեն վերադարձել, այդ թվում` Քերոբ վարդապետ Տեր-Պողոսյանը և Տեր Բագրատ Սիմոնյանը:
1951թ. նորից անհասկանալի պատճառներով, մի գիշերվա մեջ շուրջ 18 ընտանիքներ, զինվորակաների ուղեկցությանբ աքսորվում են միջինասիական հանրապետություններ` Ղազախստան և ՈՒզբեկիստան: Նրանք վերադառնում են 1953թ. Ստալինի մահվանից հետո:
Ծղալթբիլայի գյուղաբնակներից 1941-1945թթ. աշխահամարտին մասնակցել է 328 հոգի, որից 162-ը զոհվել է: Ի հիշատակ ռազմի դաշտերում զոհված համագյուղացիների` ծղալթբիլացիները անձնական միջոցներով 1985-1990թթ. ընթացքում գյուղում կառուցել են կարմիր տուֆից հուշարձան-կոթող (ճարտ.` Գևորգ Արամյան, Քարտաշ վարպետ` Ալբերտ Չարչյան):
Չնայած խորհրդային կարգերի փլուզումից հետո առաջացած ծանր իրավիճակին ու դժվարություններին, բավականին սակավաբնակիչ դարձած Ծղալթբիլա գյուղը նորից ուժ գտավ վերականգնվելու և շարունակելու ապրել իր բնականոն կյանքով: Այդ հարցում իրենց դերն ունեցան նաև աշխարհի շատ երկրներում սփռված (Հայաստան, Ռուսաստանի դաշնություն ու նախկին խորհրդային հանրապետություններ, Եվրոպայի մի շարք երկրներ, Ամերիկա, Ավստրալիա) հայրենակիցներն ու նրանց շառավիղները:

Վերջաբանի փոխարեն

Ճակատգրի բերումով տարբեր մայր ցամաքներում եմ ապրել-աշխատել, շրջապատիս ու շրջակա միջավարի նկատմամ շատ զգայուն եմ եղել: Իմ հայրենի գյուղի գիշերային աստղազարդ երկնակամարի մաքրությունն ու հստակությունը որևէ տեղ չեմ տեսել: Գիշերային մթության մեջ նայելով անկանոն սփռված, զարմանալի ու անսովոր պարզությանբ ցոլացող բյուրավոր մեծ ու փոքր աստղերին` մտքով սլանում ես դեպի տիեզերական անվերջություն, հավերժություն...

Նյութը պատրաստեիս օգտվել եմ Վ. Դարբինյանի "Նորշեն-Ծղալթբիլա" և Ս. Կարապետյանի "Ախալցխա" աշխատություններից:
Ա.Մ.Պողոսյան Los Angeles, August 2011

782