Норшен 1975
«Նորշեն» կայքի հարգարժան այցելուներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ մոտիկ հարազատներ Դարբինյան Վահանի ու Պողոսյան Ռաֆիկի 1975 թ. գյուղում տեսանկարահանած ժապավենի թվային դարձրած ու տողերիս հեղինակի կողմից խմբագրված տարբերակը։ Այդ ժապավենը իմ ձեռքն է անցել մոտ 30 տարի առաջ և ինձ հետ երկար ճամփորդել է տարբեր տեղեր։ Մի քանի անգամ ես այն պատից կախված պաստառի վրա ցուցադրելով տեսանկարահանել էի մագնիսական ժապավենով ու թվային տեսախցիկներով, սակայն ստացված արդյունքները գոհացուցիչ չէին։
Վերջերս այդ հին ժապավենը, որը սովորաբար տարիների ընթացքում աստիճանաբար փչանում է, նման գործերով զբաղվող մասնավոր մի հիմնարկում հաջողվեց վերածել թվային տեսանյութի։ Ներկայացվածը Վահանի ու Ռաֆիկի կողմից տեսանկարահանած 21 րոպեանոց ժապավենի համառոտ տարբերակն է։ Նրանում պահպանվել են նախնականի հիմնական կադրերը և կրճատվել միայն երկարաձգվող մասերը։
Նկատի ունենալով այն տարիների հնարավորությունները, երբ տեսանակարահանում կատարելը բավական մեծ դժվարություննիրի հետ էր կապված և միայն հատուկենտ մարդիկ կարող էին ունենալ տեսախցիկ, Վահանի ու Ռաֆիկի ձեռնարկումը պետք է արժանի գնահատել, երբ լինելով Երևանում ուսանող, նաև այդ հարցում փորձ չունենալով, նրանք ուրիշից տեսախցիկը ժամանակավոր վերցրել և կարողացել են իրականացնել իրենց մտահղացումը։
Տեսանկարահանումը կատարելու ճշգրիտ տարին հեղինակները չեն հիշում և նրանում պատկերված անձանց միջոցով ենթադրում ենք, որ այդ 1975 թվականն է։ Հնարավոր է նաև մեկ-երկու տարի ավելի վաղ լինի և այդ հարցում դիտողների կարծիքները ուրախությամբ ի նկատի կառնվեն։
Andranik Pogosyan 2016 USA
Անդրանիկ ջան, բոլորի անունները ես չգիտեմ։ Իմ իմացածներին սկզբից հերթով գրում եմ. Պատուհանից նայողը և աստիճաններից իջնողը հորաքրոջս աղջիկը ՝ Դարբինյան Թերեզան է, փողոցով գնացողները ՝ Մելիքսեթյան Պողոսը, Դավոյենց Մելիքը։ Մյուսները Դարբինյան Լևոնը, մայկովը Լևոնի տղան ՝ Վալոդն է, Պայծառը երեխային գրկած, Ռաբատու յոխուշեն իջնողը պապիս եղբայրը ՝ Պիճի Ափարն է, շապղովը իմ Սաքո հոբարն է, ազմեն խառնողը Մոսո հորեղբորս կինը ՝ Փեփոն է, իսկ ազմեն ուտողները Ռաֆիկը, Հակոբը և Քերոբն են։ Անտառում նստածների մեջ են Ալֆոսը, Քալոենց Սաքոն, Մելանիան, Քարին գլոխը ՝ ՝Ռաֆիկը, Վալոդը, կրակողը ՝ Կարոյենց Սիմիկի Գիգոլն է, ծառին բարձրացողըի անունը ասել են, բայց չեմ հիշում։
Նկարահանված է ճիշտ 1975 թվին: