Tskhaltbila (Norshen)-Erzurum-Ani 2017 (Video) Ուխտագնացություն մեր պապերի Էրգիրը (տեսանյութ)
Այստեղ ներկայացվում է 2017 թ.սեպտեմբերի 29-30-ին Էրզրումի մեր նախնիների բնակավայրերը այցելության ժամանակ, հիմնականում Ռաբատ գյուղում տեսանկարահանված ու լուսանկարներների միջոցով մյուսները լուսաբանված 27 րոպեանոց ֆիլմը։ Մեր մայրական կողմերի նախապապերը Նորշեն ու Չիֆլիկ գյուղերից են և այդ բնակավայրերը մեզ համար նույնքան հարազատ են ինչպես Ռաբատը, սակայն նրանց մասին նախորդ այցելողներից լսելու և բավականաչափ նկարագրված լինելու, նաև մեր ժամանակի սղության պատճառով, համեմատաբար ավելի կարճատև պահեր հատկացրինք։
Ֆիլմն ու երաժշտությունը այնտեղ մեր ունեցած հոգեկան ապրումների արտահայտությունն են ու հավանաբար տխուր զգացմունքներ են առաջացնելու նաև դիտողի մոտ, որի համար ձեր ճիշտ ըմբռնումն ու ներողամտությունն ենք հայցում։ Kemerkaya-Ռաբատի տեսանյութը գուցե նաև ավելորդ ձգձգված է, սակայն անհրաժեշտ համարեցինք մանրամասը տեսանկարահանել ու ցուցադրել, քանի որ վերջին ժամանակները այդ շրջաններում բավական աշխուժացել են տնտեսական զարգացումները (հիդրոէլեկտրոկայան են կառուցել, ճանապարհները ասֆալտապատում են և այլն) ու մեր կարծիքով ֆիլմում պատկերված հնությունները երկար ժամանակ այլևս չեն դիմանալու։ Պատկերի տատանումների համար նույնպես ներող կլինեք, այն հետևանք է մեր չնախապատրաստված տեսանկարահանման, ժամանակի սղության և շտապելով քայլելու։
Թյուրիմացությունից խուսափելու համար պետք է նաև նշել, որ տեսանյութում հիշատակվող Kemerkaya-Ռաբատի Տեր Պողոսը հանդիսանում է Ծղալթբիլայի եկեղեցու պարսպի ներսում թաղված վարդապետ Տեր Պողոսի պապը։ Վերջինը Էրզրումից գաղթած Տեր Պողոսների երկու եղբայրներից մեծի ՝ Քերոբի ավագ որդին է և գաղթելու ժամանակ նա եղել է 11-12 տարեկան, իսկ հետագայում օծվել-դարձել է վարդապետ Տեր Պողոս ու ժառանգ չի ունեցել։ Նրա տապանաքարի վրա փորագրված է 11 տող և այդ թվում նշված են ծննդյան ու մահվան տարեթվերը ՝ 1818-1878 թթ.
Էրզրումի մեր նախնիների գյուղերը այցելության տեսանյութի ավելի համառոտ ՝11 րոպեանոց տարբերակը տեղակայված է սույն կայքի “Новости” բաժնում։