Tskhaltbila (Norshen)-Erzurum-Ani 2017 Ուխտագնացություն մեր պապերի Էրգիրը (վերջը)

Тип статьи:
Авторская

Մեր տեսածների տպավորությունից ազդված ու մտահոգ, մենք նախնիների Kemerkaya-Ռաբատ գյուղից դուրս եկանք, նստեցինք մեքենան և ոլորաններով իջանք ներքևում գտնվող, Lesendurak կոչվող գյուղը։ Այս անգամ, մեզ արդեն ծանոթ գյուղամիջյան խաչմերուկից ուղղվեցինք դեպի Karli (Նորշեն) տանող ճանապարհը։

Ինչպես վերևում նշել եմ, Ռաբատից մինչև Նորշեն կարճ ճանապարհով (առանց մայրուղի մտնելու) 22 կմ է։ Գյուղերի միջև այդ ճանապարհը նույնպես նոր էր ասֆալտապատված, անցնում էր մեկ այլ կիրճով և այնտեղով հոսող, համեմտաբար ավելի մեծ գետին զուգահեռ։ Գետի կողքերը կանաչապատ էին ու նորից աչքի էին ընկնում բազմաթիվ բարդու ծառերը, իսկ կիրճի վերևները ժայռոտ, չոր ու ամայի էին թվում ՝ ինչպես Թորթոմի շրջանի մինչ այդ մեր տեսած մյուս բնակավայրերի շուրջն էր։

Գետի կողքով ընթանալու ընթացքում միայն մի փոքր բնակավայր հանդիպեց Alapinar անվամբ, որից երկու-երեք կմ անցնելուց հետո, մեր ճանապարհը գետից հեռացավ ու ոլորաններով սկսեց բարձրանալ դեպի լեռան լանջը։ Անցանք նաև Kapikaya կոչվող փոքր բնակավայրի միջով, որից հետո ասֆալտը վերջացավ, իսկ հողածածկ ճանապարհը շարունակվում էր համեմատաբար հարթ ու կանչով ծածկված սարերի հովիտներով։

Շուտով հասանք Meydanlar բնակավայրի մոտ (հետագայում իմացանք, որ այնտեղից են գաղթել մեր հարևան Խաշուտ-Աբաթխև գյուղի նախնիները) ու թեքվեցինք ձախ ՝ դեպի Karli (մեր նախնիների Նորշեն գյուղը), որը նշված գյուղին շատ մոտ էր գտնվում և արդեն երևում էր։ Հեռվից դիտելիս մեր տպավորությունը այնպիսին էր, որ կարծես թե Karli-Նորշենը սարերի տակ, յայլայում էր գտնվում։ Գյուղի մեջ միայն սակավաթիվ ծառեր էին երևում, իսկ գրեթե ամբողջ շրջապատն ու հեռուները առանց ծառերի լերկ սարեր էին։

Մտանք գյուղ և ծուռումուռ փողոցներում մեքենայով պտտվեցինք։ Ի տարբերություն Ռաբատի, Նորշենում բնակարանների մեծ մասը համեմատաբար նոր էին, իսկ շատ հին ու խարխլված տներ հատուկենտ նկատեցինք։ Գյուղի միջով մեքենայով ընթանալիս, իրենց տան դռներին առօրյա գրծերով զբաղված մի քանի մարդ տեսնանք, սակայն կանգ չառանք, քանի որ լսել էինք, թե ներկա բնակիչներին դուր չէր եկել մեր մարդկանց հաճախակի այցելությունները և ավելորդ լարվածություն ստեղծելուց խուսափեցինք։

Գյուղի փողոցներով մեքենայով կարճատև պտույտ կատարելուց հետո, 2013 թ. կառուցած աղբյուրի մոտ կանգնեցինք, ջուր խմեցինք (որը շատ նման էր մեր սարերի սառը ջրերին), ամանով նաև ջուր վերցրեցինք մեր հետ տանելու համար և լուսանկարվեցինք։ Աղբյուրի դիմացը, լայն փողոցի մյուս կողմում մզկիթն էր գտնվում ու հավանաբար այդ մասը համարվում էր գյուղի կենտրոնը, սակայան մեր այնտեղ եղած ժամանակ մարդիկ չերևացին։

Մեր նախնիների մի մասը նույնպես Նորշեն գյուղից է և այս գյուղը մեզ համար նույնքան հարազատ է ինչպես Ռաբատը, սակայն նրա մասին նախորդ այցելողներից լսելու և բավականաչափ նկարագրված լինելու պատճառով, համեմատաբար ավելի քիչ ժամանակ հատկացրինք։ Աղբյուրի մոտ նորից նստեցինք մեր մեքենան և տների միջով դանադաղ ընթանալով ու շրջապատը դիտելով գյուղից դուրս եկանք։

Վերադարձանք Նորշենի մոտկա Meydanlar (նախկին Խաշուտ) գյուղը և նրա միջով անցանելիս, բնակիչներից հարցրինք ու մեկ այլ ճանապարհ ընտրեցինք, որի հեռավորությունը մինչև Էրզրում տանող D950 մայրուղին 20 կմ էր։ Meydanlar-Խաշուտ գյուղից նոր էինք հեռացել, դեռ վստահ չէինք, որ ճիշտ ճանապարհով ենք ընթանում մայրուղի հասնելու համար, երբ դիմացից եկող մարդատար մեքենա երևաց և մեր ձեռքի շարժումով կանգնեց։ Նրանում գտնվող երկու միջահասկ տղամարդիկ մեր հարցմանը շատ պատրաստակամորեն պատասխանեցին, որ ճիշտ ճանապարհով ենք գնում։ Իսկ երբ նրանք հետաքրքրվեցին ու իմացան, որ մեր «դադաները» Նորշենից են եղել, ուրախացած հայտնեցին, թե իրենք նույնպես այնտեղից են և մեզ առաջարկեցին միասին հետ գնալ, որպեսզի մեզ թեյ հյուրասիրեն։ Մենք հասկացրինք, որ շտապում ենք, շնորհակալ եղանք ու մեր ճանապարհը շարունակեցինք։

Հարկ է նշել, որ պատահական հանդիպած այդ մարդկանց բարեկամական վերաբերմունքը տեսնելուց հետո, Karli-Նորշեն գյուղի բնակիչների նկատմամբ մեր ունեցած զգուշությունն ու անհանգստությունը անտեղի համարեցինք։

Նորշենից վերադարձի այդ ճանապարհը նույնպես ոլորապտույտ ընթանում էր կիրճերի ու բարձր ժայռերի միջով հոսող փոքր գետի կողքով և որոշ տեղերում բավական զառիթափ իջնում էր ներքև։ Karli-Նորշեն տանող այդ ճանապարհը նույնպես հողածածկ էր, սակայն վերջնամասում տեսանք, որ այն նույնպես արդեն ասֆալտապատվում էր։

Էրզրում տանող D950 մայրուղի մտնելուց հետո, անցանք մեզ արդեն ծանոթ Ռաբատի ճանապարհի ու D062 մայրուղու խաչմերուկները և սկսեցինք հետևել նշաններին, որպեսզի ժամանակին նկատենք Ciftlikkoy (Չիֆլիկ) տանող ճանապարհը։ Որոշ տեղ գնալուց հետո, Kaledibi կոչվող մի փոքր բնակավայրի մոտ կանգնեցինք, քանի որ մեր կարծիքով Չիֆլիկի ճանապարհի խաչմերուկը հեռու չպետք է լիներ և մեր հաշվումներվ արդեն հասած պետք է լինեինք։ Մի քանի պատահական մարդկանց հարցրինք, բայց Չիֆլիկի տեղը չգիտին, իսկ բեռնատար մեքենայի մոտ կանգնած մի երիտասարդ վարորդ պատասխանեց, թե այդ գյուղը Էրզրումի մոտ է գտնվում։ Սակայն մենք արդեն գիտեինք, որ Էրզրումի մոտ ևս մի Ciftlik անունով գյուղ կա, որը այլ էր և երիտասարդի պատասխանը հաշվի չառանք։

Ստիպված նստեցինք մեքենան և ճանապարհը շարունակեցինք։ Մեր կանգնած տեղից ընդամենը մի քանի հարյուր մետր առաջ գնալուց հետո արդեն տեսանք ճանապարհային նշանը, որի վրա գրված էր Konak ու Ciftlikkoy գյուղերի անունները։ Խաչմերուկից թեքվեցինք և նշված գյուղերի ճանապարհով առաջ ընթացանք։

Մոտ երեք կմ գնալուց հետո հասանք Konak գյուղը, որտեղ մեկ այլ ճանապարհի հետ խաչմերուկ կար։ Պատահական մի վարորդի հարցրինք, նա ցույց տվեց Չիֆլիկի ճանապարհը ու ասաց, որ մինչև այնտեղ 4 կմ է։ Չիֆլիկի տանող այդ ճանապարհը շարունակվում էր նորից փոքր գետակի կողքով ու կանաչապատ այգիների միջով և այնտեղի բուսականությունը շատ ավելի փարթամ էր, քան Նորշենի ու Ռաբատի շրջապատներինը։

Մտանք մեր մայրական կողմի նախնիների Ciftlikkoy- Չիֆլիկ գյուղը։ Այն հարուստ էր ծառերով ու կանաչով, գտնվում էր արտահայտված թեքության վրա և նույնիսկ գյուղի միջով ճանապարհը ոլորաններով էր բարձրանում, իսկ վերջին մասերում սալապատված էր։ Ի տարբերություն Ռաբատի, այստեղ էլ, ինչպես Նորշենում, հին տներ հազվադեպ տեսանք և հիմանականում գյուղական նոր կառուցվածքներ էին։

Գյուղամիջի հիմնական ճանապարհով բարձրացանք նրա ամենավերևի մասը, որտեղի բլրի հարթակի վրա կոլխոզի մեր գոմերին նմանվող մի մեծ շինություն կար։ Այնտեղից շրաջապատը լավ երևում էր և մենք գոմի մոտից սկսեցինք համապատասխան ուղղությաամբ հայացքով փնտրել Ռաբատ գյուղը։ Այդ կողմում երևացող մեծ բլուրը թույլ չէր տալիս մեր նախապապերի գյուղը տեսնել, սակայն բլրի վերևի մասում նկատեցինք նրա արևմտյան կողմի բարձր ժայռերի կատարները, իսկ արևելյան կողմում ՝ հակադիր լեռների արդեն ծանոթ ուրվագծերը։

Գոմի դուռը բաց էր և տեսանք, որ նրա ներսում միջին տարիքի մի տղամարդ ու կին մաքրման գործեր էին կատարում, իսկ նրանց երկու դպրոցահասակ երեխաներ դրսում խաղում էին։ Մենք մոտեցանք գոմի բաց դռներին, տղամարդը մեզ նկատեց և դուրս եկավ։ Մեզ համար արդեն սովորական դարձած թուրքերեն արտահյտությամբ բարևեցինք և մատնացույց անելով Ռաբատի կողմը հարցրինք, թե արդյոք Kemerkaya-ն այդ կողմու՞մ է։ Նա մեր հարցը հասկացավ ու հաստատեց, որ իսկապես Ռաբատ-Kemerkaya-ն մեր ցույց տված բլրի ներքևում է գտնվում։ Մեր ուշադրությունը գրավեց այն հանգամանքը, որ նա գյուղի «Ռաբատ» անունը արտասանեց շատ սովորական և հավանաբար այն իրենց մոտ հաճախակի օգտագործում էր։

Չիֆլիկի բնակչի հետ մեր «կիսահամր զրույցը» շարունակեցինք և նրանից իմացանք, որ Ռաբատը իրենց գյուղից ընդամենը 5 կմ է հեռու, բայց այնտեղ գնալու մեքենայի ուղիղ ճանապարհ չկար։ Նա առաջարկեց մեր մեքենան իրենց մոտ ապահով թողնել, ոտքով գնալ ու բլրից նայել ներքևում գտնվող Ռաբատին։ Մեր ժամանակը չէր ներում, նաև նրանց նախիրը արդեն հանդից վերադառնում էր և մեր զրուցակցին այլևս չցանկացանք զբաղեցնել, շնորհակալություն հայտնեցինք ու նա նորից մտավ գոմը։

Գյուղի այդ բարձունքից կարճ ժամանակ շրջապատն ու գյուղը դիտեցինք, նաև լուսանկարներ արեցինք և հետո գյուղամիջյան նույն ոլորապտույտ փողոցով իջանք ներքև։ Գյուղից դուրս գալուց հետո, մեր եկած 7 կիմետրանոց ճանապարհով վերադարձանք D950 մայրուղին և ուղղություն վերցրինք դեպի Էրզրում։

Մեր բոլորի տպավորությունը նույնն էր, որ այցելած երեք գյուղերից համեմատաբար կանաչապատը, մեծն ու բարեկարգ վիճակում գտնվողը Չիֆլիկն էր։ Իզուր չի, որ մեր հարևան գյուղի ՝ Ջուլղայի ներկայի բնակիչներ, երբեմն կատակով կամ լուրջ մեզ «հիշեցնում» են, որ էրզրումի իրենց գյուղը մեր Նորշենից մեծ է եղել…

Մինչև Էրզրում մոտ 60 կմ ճանապարհ էր մնում։ Որոշ ժամանակ լեռների միջև հոսող Թորթոմ գետի կողքով ընթացող մայրուղով անցանք նաև համանուն ավանը, այնուհետև բարձրանալուն զուգընթաց, շրջակա լեռները աստիճանաբար վերածվեցին սարերի և լույսով հասանք Էրզրումի լայնատարած սարահարթը ՝ Կարնո դաշտը, իսկ քիչ հետո մտանք Էրզրում քաղաքը։

Էրզրումը հյուսիս-արևելքից դեպի հարավ-արևմուտք ձգված, բավական մեծ քաղաք էր ներկայացնում (նրա բնակչությունը ներկայումս մոտ 400 հազարի է հասնում)։ Մեքենայից շրջապատը դիտելով, քաղաքի մեքենաշատ կենտրոնական փողոցով ընթացանք մինչև վերջ, իսկ հետո շրջվեցինք և ավելի հին ու նեղ փողոցներով նորից վերադարձանք։ Արդեն գրեթե քաղաքից դուրս էինք գալիս մեր եկած կողմով, երբ անցորդներից մեկին հյուրանոցի տեղը հարցրինք։ Նա մեզ ցույց տվեց քաղաքի հակառակ կողմը և ասաց, որ հյուրանոցները միայն այնտեղ են գտնվում։ Մենք նորից կենտրոնական փողոցով հասանք քաղաքի հին մասը, կարճ ժամանակ այնտեղ մեքենայով պտտվելու ընթացքում նկատեցինք Otel Buyuk Dogu կոչվող հյուրանոցի ցուցանակը։

Բարեբախտաբար հյուրանոցի երիտասարդ աշխատակիցներից մեկը վարժ ռուսերեն էր խոսում (տղայի արտաքինը որոշ չափով ռուսի էր հիշեցնում և հավանաբար նրա մայրը ռոուս էր) և իմացանք, որ ազատ սենյակներ ունեն։ Նրանք մեզ առաջարկեցին երկու առանձին սենյակ, որոնցից մեկում երկու մահճակալ կար, իսկ մյուսը միայն մեկ լայն մահճակալ ուներ։ Մեր տատանվող հայացքները նկատելուց հետո, նրանք մի պահ մտածեցին, հետո միմյանց հետ թուրքերենով արագ-արագ խոսեցին ու մեզ համար ևս մեկ ազատ սենյակ «գտան»։

Հյուրանոցը հինգ հարկ ուներ, մենք բարձրացանք երկրորդ ու երրորդ հարկերի այդ սենյակները նայեցինք և չնայած պայմանները բարձր մակարդակի չէին, բայց բավական մաքուր էին, ունեին տաք ջուր, ցնցուղ, հեռուստացույց և այլն։ Մնալու էինք միայն այդ գիշերը, առավոտյան շատ վաղ ճանապարհ էինք ընկնելու, այլևս ուրիշ հյուրանոց չփնտրեցինք և համաձայնվեցինք։ Ռուսախոս աշխույժ երիտասարդը ներքևում մեզ թեյ ու շաքար հյուրասիրեց, անձնագրերը վերցրին, ձևակերպեցին և սենյակների բանալիները ստացանք։

Հավանաբար հյուրանոցը մեքենայի առանձին կայանտեղի չուներ և մեզ առաջարկեցին մեքենան կանգնեցնել իրենց հյուրանոցի առջևի մայթի վրա։ Մեր տարակուսանքին ռուսախոս տղան պատասխանեց, որ անհանգստանալու կարիք բոլորովին չկա, մայթը նույնպես հյուրանոցին է պատկանում և տեղն էլ շատ ապահով է։

Մեր իրերը տարանք հյուրանոց, երկու մահճակալով սենյակում տեղավորվեցին Մարիամն ու Ալվարդը, իսկ մյուս երկուսում ՝ ես ու Ռաֆիկը։ Հաջորդ օրը ծրագրել էինք այցելելու նաև Ղարս քաղաքն ու Անիի ավերակները, որից հետո վերադառնալու էինք գյուղ։ Պայմանավորվեցինք առավոտյան ժամը 6-ին ճանապարհ ընկնել դեպի Ղարս։

Առավոտյան մթնով հյուրանոցից դուրս եկանք և Էրզրումի փողոցներով անցնելիս արդեն լույսը բացվում էր։ Առանց դժվարության գտանք Ղարսի ճանապարհը և շարունակեցինք նրանով ընթանալ։ Կարնո դաշտից դուրս գալուց հետո, մայրուղին նորից գետի կողքով էր գնում, բայց Թորթոմի շրջանի հետ համաեմատած, այստեղ ավելի ցածր լեռներ ու սարերի հովիտներ էին։

Էրզրումից մինչև Ղարս ճանապարհը 215 կմ էր և երեք-չորս ժամ հետո հասանք այնտեղ։ 2013 թ, հուլիս-օգոստոսին, մեր խմբով Արարատ սար բարձրանալու ժամանակ, Ղարսում ես եղել էի, որոշ չափով քաղաքը ինձ արդեն ծանոթ էր,, մեքենայով փողոցներում շրջեցինք, մերոնց ցույց տվեցի Ղարսի նշանավոր բերդը, նրա մոտ գտնվող հայկական եկեղեցին և այլն։

Քաղաքի կետրոնական փողոցներից մեկի մոտ կանգնեցինք, մեքենայից դուրս եկանք ու որոշ ժամանակ քաղաքում ոտքով շրջեցինք։ Այնուհետև Ղարսից դուրս եկանք և բռնեցինք դեպի հնամենի հայկական Անի քաղաքի ավերակները տանող ճանապարհը։

Ղարսից մինչև Անի մոտ 50 կիլոմետրանոց ասֆալտապատ ու հարթ ճանապարհ էր և շուտով հասանք այնտեղ։ Անիի պարիսպներից դուրս ինչ-որ մեծ տարածքով, հավանաբար տուրիստական շինություն էր կառուցվում, որը մեր նախորդ անգամ Անի այցելության ժամանակ դեռ չէր սկսված։ Պարսպի առջևի հրապարակում տուրիստական մի ավտոբուս ու այցելողների մի քանի մեքենա էին կանգնած, նրանց կողքին մեր մեքենան նույնպես կայանեցինք և մոտեցանք Անիի պարսպի հիմնական մուտքին։

Պարսպի մուտքի մոտ, ցուցատախտակի վրա թուրքերեն ու անգլերեն լեզուներով գրված էր Անի քաղաքի համառոտ պատմությունը, որը փոփոխության չէր ենթարկվել մեր նախորդ այցելությունից հետո։ Մերոնց համար թարգմանաբար կարդացի անգլերեն գրվածը, որտեղ սկզբում կարճառոտ նշվում էր Անիի հիմնադրման ու եկեղեցիների կառուցման հայկական անունները, իսկ հետո, ավելի մանրամասը և ուռճացրած ձևով թված էր մզկիթների ու թուրքերի անուններ։ Նախորդ անգամվա նման, այդ ցուցատախտակի գրվածը ընթերցելիս, բոլորիս մոտ բորբոքվեց աշխարհի անարդարության, Հայստանի մեծ մասն ու նրա հնամենի քաղաքները կորցնելու ափսոսանքի և անզորության տհաճ զգացումը…

Անիի ավերակները ներս մտնելու տոմսը վերցրինք (որի արժեքը նախորդ անգամ վեց լիրա էր, իսկ հիմա երկու լիրայով ավելացել էր) և բարձր պաիսպի հիմնական դարբասով ներս մտանք։ Երկու ժամից ավել պտտվեցինք ժամանակին հայկական մայրաքաղաք եղած, նաև աշխարհի խոշորագույն ու առևտրական շատ աշխյուժ քաղաքներից մեկը համարված, հազար ու մի եկեղեցի ունեցող մեր Անիում։

Անիի ավերակներում շրջելու ընթացքում մտանք դեռևս կանգուն մնացած ու կիսաքանդ մի քանի եկեղեցիները, վերևից դիտեցինք Անիի երեք կողմերում գտնվող անդնդախոր ձորերը, որոնցից երկուսի կողմնային ժայռերի մեջ գտնվում էին հնադարյան մարդկանց քարանձավները, իսկ հայաստանյան կողմի խորը ձորում ՝ Ախուրյան գետն ու նրա վրայի հնամենի կիսաքանդ կամուրջը։ Տեսանք գետի մյուս կողմում գտնվող հայկական քարհանքն ու սահմանապահների աշտարակը, որի մոտ նույնիսկ շրջող մարդկանց խումբ էր նկատվում, հավանաբար Հայաստանի տուրիստներ էին, գուցե նաև հեռադիտակով նայում ու մեզ տեսնում էին և փորձեցինք ձեռքերով նրանց ողջունել։

Ինչպես նշեցի, նույն օրը Անիի ավերակներ մեծ ավուբուսով այցելության էին եկած նաև տուրիստներ ու իրենց մասնավոր մեքենաներով այլ մարդիկ։ Նրանց խոսակցություններից երևում էր, որ հայեր չեն ու կարծեմ ավտոբուսով եկածները նույնիսկ երկրի ներսից ՝ Թուրքիայից էին։ Եկեղեցիների ներսում, տուրիստների համար ուղեկցողի թուրքերեն լեզվով պատհականորեն լսած բացատրությունները չէինք հասկանում, բայց դարբասի մոտ տեղադրված ցուցատախտակի գրվածից արդեն կարելի էր եզրակացնել նրանց բովանդակության ուղղվածությունը։

Անիի ավերակներում չորս տարի առաջ մեր տեսած իրականությունից որևէ նոր փոփոխություն չէր նկատվում։ Ինչպես այն ժամանակ էր, նույն բարձիթող արված վիճակում էին գտնվում կանգուն մնացած եկեղեցիներն ու մյուսների կիսաքանդ պատերը, որոնց ձևականորեն երկաթյա ժանգոտած հենարաններ էին կպցրած կամ դեմ արած իբր չքանդվելու համար։ Բազմաթիվ մյուս ավերված շինությունների մնացորդները աստիճանաբար անհետանում էին։ Նրանց մի մասի քարերից տուրիստների համար երկար տարածության վրա աստիճաններ էին շարել դեպի ներքևում գտնվող Տիգրան Հոնենցի Սուրբ Գրիգոր St Gregory of Tigran Honents կանգուն եկեղեցու մոտ գնալ-գալու համար, իսկ մի մասի հստակ երևացող հիմքերի վրայով էլ քայլելու արահետն էր։

Առանց փոփոխության էր նաև ծածկի տակ հավաքած, հավանաբար որևէ նշանավոր եկեղեցու քարերը, որոնց շուրջը, այս ու այն կողմում, անցյալ անգամվա նման, տարածքում արածող ընտանի կենդանիների թարմ ու հին աղբեր էին (չնայած Անիի ավերակների տարածքը հեռվից ցնակապատված էր երևում)։

Հայաստանի հնագույն ու նշանավոր մայրաքաղաքներից մեկի ՝ Անիի երկրորդ այցելությունը նորից իմ մոտ հակասական ու խառը զգացումներ առաջացրեց։ Որպես հայ, ես ինձ հպարտ էի զգում, որ մեր ազգը այդպիսի նշանավոր մայրաքաղաք է ունեցել, սակայն նաև վատ էի զգում, որ այն օտարի ձեռքում բարձիթող արված է ու աստիճանաբար քայքայվում է։

Մեր Անի այցելության օրն էլ նախորդ օրվա նման արևոտ ու տաք էր, շատ լուսանկարներ արեցինք, կարելի էր շարունակել այնտեղ շրջել, սակայն արդեն հոգնել էինք, նաև դեռ պետք է երկար ճանապարհ գնայինք, նպատակ ունեինք լույսով հասնելու մեր գյուղի դիմացը և եթե եղանակը այդպես լավ մնար, ապա այնտեղից դիտել ու լուսանկարել մեր կողմի սարերը, անտառներն ու գյուղերը։

Ավերակներից մի քանի մանր քարեր վերցրինք հիշատակի համար, Անիի պարիսպից դուրս եկանք, նստեցինք մեր մեքեան և նույն ճանապարհով վերադարձանք Ղարս։ Կարճ ժամանակ մեքենայով նորից շրջեցինք քաղաքի փողոցներով, նաև խանութներից ճանապարհի համար ուտելիք վերցրինք և բռնեցինք դեպի Արդահան գնացող մայրուղին։

Եղանակը մնում էր տաք, արևը դեռ մայր չէր մտել, երբ հասանք Պոսոֆ քաղաքի դիմացի բարձր սարը։ Նրա բարձրադիր կետը անցնելուց հետո, սկսեցինք ոլորաններով իջնել։ Բաքու-Ջեհան նավթամուղի այնտեղի կայանը նույնպես անցանք և սարի մյուս կողմի ճանապարհի կողքից շատ լավ տեսարաններ բացվեցին, որտեղից կարելի էր նայել դեպի մեր կողմը։ Կանգնեցինք, սակայն այդ բարձրության վրա դիմացի բարձր բլուրը խանգարում էր և մեր սարերը չէին երևում։ Այնտեղից լավ երևում էր Պոսոֆ քաղաքը, դիտեցինք, լուսանկարներ արեցինք և շարունակեցինք ոլորաններով իջնել ներքև։

Փոցխով գետը անցնելուց հետո, նորից մտանք Պոսոֆ քաղաքը, իսկ այնտեղից դուրս գալուց հետո, ճանապարհին մեքենայից սկսեցինք դիտել մեր կողմը և երկու երեք հարմար տեղերում կանգնեցինք, նայեցինք ու լուսանկարեցինք։ Ես նույնիսկ հատուկ լուսանկար արեցի Ճաղիսմանի վերևի սահմանային ուղեկալում 70-ական թվականներին ծառաայած Իվան Կոլոդիևի համար, որը շատ է սիրում իր ծառայած վայրը, հիշում ու կապված է մեր կողմերի հետ։

Մինչև հասանք մեր գյուղի դիմացը, արևը արդեն մայր մտավ, ես շատապում էի լուսանկարել, բայց շատ վիդեոներ տեսանկարահանելու պատճառով, իմ հեռախոսի լուսանկարելու հնարավորությունը ավարտվեց։ Ռաֆիկը, Ալվարդն ու Մարիամը հասցրին լուսանկարել և խոստացան հետո իրենց լուսանկարները ինձ նույնպես փոխանցել։

Թուրքիայի ու Վարաստանի սահմանային կետերը հեշտությամբ ամցնելուց հետո, արդեն նորից սովածություն էինք զգում և Ռաֆիկը առաջարկեց գնալ Ախալցխա խիկնալի ուտելու։ Նրա առաջարկը բոլորս հավանեցինք և երբ հասանք Ախալցխա, արդեն մթնել էր։ Այնտեղի նոր շուկայի մոտ մի ռեստորանում նստեցինք, քննարկեցինք, թե ով ինչքան կարող է ուտել և պատվիրեցինք բավական շատ խինկալի։ Չնշենք մեր կերած խինկալիների թիվը և միայն ասեմ, որ ես նրանց հաղթեցի…

Երեկոյան ժամը 10-ին մոտ վերադարաձանք գյուղ։ Բոլորս ուրախ ու գոհ էինք մեր նախնիների Էրգիրը ձեռնարկած և հաջողությամբ ավարտված ուխտագնցությունից։ Աստծո հաջողությամբ, նույնիսկ մտքներովս անցնում է մյուս տարի նորից գնալ ավելի լավ նախապատրաստված, նաև մեր հետ թարգմանիչ ունենալ և մանրամասնություններ իմանալ մեր նախնիների գյուղերի ու նրանց ներկա բնակիչների մասին։

Andranik Poghosyan, November 2017, USA

5782
03:22
Մեր նախնիների գյուղերի հին ու նոր անունները Էրզրում նահանգի Tortum (Թորթում) և Yakutiye գավառներում

Ռաբատ (Ծղալթբիլա) — Kemerkaya
Նորշեն (Ծղալթբիլա) — Karli
Հինձք (Ծղալթբիլա, Նաուխրեբ, Սուխլիս) — Dumlu
Չիֆթլիկ (Ջուլղա) — Çiftlikköy
Խաշուտ (Աբաթխև) — Meydanlar
Վերինգեղ (Մեծ Պամաճ) — Uzunkavak
Արծաթի (Ծինուբան, Նաուխրեբ, Սուխլիս) — Yeşilyayla
Կամպիր (Ծինուբան, Նաուխրեբ, Ախալքալաքի Զակ) — Kırmızıtaş
Ղարագոբակ (Նաուխրեբ) — Karagöbek
Загрузка...