Բժշկի խոզը

Тип статьи:
Авторская

Գյուղի հիվանդանոցում նախկինում միշտ բժիշկ էր լինում ու շատ հիվանդներ էին պառկում: Նոր եկած բժիշկները սովորաբար շատ երկար ժամանակ չէին աշխատում, հեռանում ու նորերն էին գալիս: 60-ական թվերին հիվանդանոցում աշխատում էր ազգությանբ վրացի, Ռեզո անունով մի բժիշկ, որը բավական երկար մնաց: Նա մոտ 35-40 տարեկան, շիկամազ մի աժդահա մարդ էր: Ընտանիքը Թբիլիսիիում էր լինում, իսկ ինքը մնում էր հիվանդանոցի մեջ, անկյունի մի բնակարանում: Լուրեր էին պտտվում, որ այնտեղի "լավ" տղաներից է, ուսանող ժամանակ մասնակցել է Թբիլիսիիում Խրուշչևի դեմ տեղի ունեցած ցույցերին ու քաղաքից վտարվել: Նրա տեսքն ու պահվածքը համապատասխանում էին նման անձնավորություն լինելուն: Երբեմն նա բացակայում էր գյուղից, հավանաբար գնում էր Թբիլիսի ընտանիքին այցելության:

Հիվանդանոցի կողքին, առանձին փոքր շինության մեջ նա խոզ էր պահում, որին խնամում էր հիվանդանոցի աշխատողներից ինչ-որ մեկը: Ձմռան մի օր գյուղում լուր տարածվեց, որ գիշերը բժշկի խոզը գողացել են: Առաջներում, հիվանդանոցի կողքով անցնելուց, այդ խոզին ես պատահական տեսել էի և ուշադրությունս գրավել էր դրա ահռելի չափերը: Գյուղում խոզ պահողներ շատ կային, բայց այդքան հսկա խոզ տեսած չէի ու լուրը լսելուց հետո, շատ զարմացա: Չէի պատկերացնում, թէ ինչպես են կարողացել այդքան մեծ քաշով խոզին գողանալ: Այն ժամանակ մեքենաները շատ քիչ էին ու այդ տարբերակը չէր էլ քննարկվում:

Գնալով հետաքրքրությունս ավելացավ, բրաձրացա մեր պատշգամբը ու այնտեղից սկսեցի հետևել: Ծառերն արդեն տերեևաթափ էին ու հիվանդանոցը բավական լավ երևում էր: Սպիտակ խալաթներով հիվանդանոցի աշխատողներ ու մի քանի ուրիշ մարդիկ, խմբված այս ու այն կողմ էին նայում, հավանաբար իրար հետ քննարկում պատահածը: Որոշ ժամանակ անց, մեքենայով եկան բժիշկն ու մի քանի միլիցիոներ հետախույզ շան հետ: Նրանք բավականին երկար ուսումնասիրեցին այդ վայրը, զրուցեցին մարդկանց հետ ու իմ տեսադաշտից դուրս եկան: Հաջորդող օրերին իմացանք, որ խոզի մի մասը գտել են "Օսմանին չայիր"-ի անտառում ծառերի վրայից, իսկ մնացած մասը դեռ փնտրում են:

Մեկ-երկու օր անց, դպրոցից տուն էի գալիս, տեսնեմ մեր դռանը խմբված են մերոնք ու մի քանի միլիցիոներ բժշկի հետ միասին: Համապատասխան փաստաթուղթ ցույց տալուց հետո, միլիցիոներներն սկսեցին խուզարկել տունը, իսկ բժիշկ Ռեզոն դրսում կանգնած ծխում էր ու սպասում արդյունքներին: Առաջին անգամ էի հանդիպել այդպիսի երևույթի ու ինձ համար մեծ հետաքրքրություն էր հետևել նրանց. ինչպես են նայում, ինչ են փնտրում: Մոտ մեկ ժամ տունը ստուգելուց հետո, միջանցքից վերցրեցին փայտ ջարդելու մեր կացինը ու հետները տարան: Հետո իմացանք, որ բժշկի կասկածանքով նման խուզարկություն գյուղում կատարել են 7-8 ընտանիքի մոտ: Խոսակցություններից պարզվեց, որ մեր ընտանիքի վրա բժիշկը կասկածել է հորեղբորս հետ լարված հարաբերությունների պատճառով: Հորեղբայրս գյուղում անասնաբույժ էր աշխատում, սակայն հաճախ օգնություն էր ցույց տալիս նաև իրեն դիմող մեր համագյուղացիներին ու այդ առումով լավ հանբավ ուներ: Այդ դուր չէր գալիս գյուղում աշխատող բժիշկներին ու այդ հողի վրա երբեմն կոնֆլիկտներ էին ծագում նրանց միջև:

Մի քանի շաբաթից հետո նրանք մեր կացինը վերադարձրին, բայց… առանց պոչի:

1679
Нет комментариев. Ваш будет первым!
Загрузка...